Մենք ճիշտ ենք, Աղամյանը՝ սխալ. նկարիչները մտադիր են շարունակել բողոքի ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխության ալիքը հասել է նաեւ Նկարիչների միություն: Նախօրեին այնտեղ բողոքի ակցիա էր` միության անդամների մասնակցությամբ։ Նկարիչները պահանջում էին, որ արդեն 20 տարի միության նախագահությունը ստանձնած Կարեն Աղամյանը հրաժարվի իր պաշտոնից, փոխվի միության կանոնադրությունը, միության անդամները ծանոթ լինեն դրամական հոսքերին, պետական պատվերները հաստատվեն գեղխորհրդի կողմից, եւ «Կերպարվեստ» ամսագիրը բովանդակային փոփոխությունների ենթարկվի՝ դառնալով առավել հանրամատչելի։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ակցիայի կազմակերպիչ, նկարիչ Խաչիկ Հարությունյանի հետ։

-Պարո՛ն Հարությունյան, Դուք մշտապես բարձրաձայնել եք միության խնդիրների մասին, նշել եք, որ Կարեն Աղամյանը Հայաստանում եւ արտերկրում ցուցահանդեսներ կազմակերպելիս նախապատվությունը տալիս է յուրայինների աշխատանքներին, իսկ միության մյուս անդամները նույնիսկ տեղյակ չեն լինում այդ միջոցառումների մասին։ Կցանկանայի` մանրամասնեք այս եւ այլ խնդիրների մասին։

-Նախ՝ Կարեն Աղամյանի իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ։ Նա արդեն հինգերորդ անգամն է պատրաստվում նախագահել միության նախագահի պաշտոնում, 1998-ից այդ պաշտոնն է զբաղեցնում։ Ո՞նց կարող է մարդ 20 տարի այդ պաշտոնում մնալ։ Նկարիչների միություն կոչվածը վաղուց սպառել է իրեն, չի կատարում իր ֆունկցիաները։ Այն իր որակական հատկանիշները հավասարեցրել է զրոյի։ Մենք ճիշտ ենք, Կարեն Աղամյանը` սխալ։ Սա նա պետք է անպայման հասկանա։ Ոչ մի նորմալ նկարչի ցուցադրվելու հնարավորություն չի ընձեռվում։ Միության անդամներից ոչ ոք չգիտի՝ ինչպես են տնօրինվում միություն մտնող գումարները։ Եվ հետո` միայն նախագահությունը փոխելով` ոչնչի չենք հասնի։ Պետք է փոխել միության կանոնադրությունը։ Պետական պատվերները պետք է հաստատվեն պրոֆեսիոնալների կողմից։ Գեղխորհուրդը պետք է ստեղծվի մշակույթի նախարարության հետ համագործակցության արդյունքում։ Արտասահմանում տեղադրվող հուշարձանների, քանդակների, որմնանկարների, ցուցադրվող նկարների համար պետք է գեղխորհրդի անդամները իրենց համաձայնությունը տան։ Չէ՞ որ դրանք պետության դեմքն են։ Օրինակ՝ Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման համար ո՞վ է պատասխանատու։ Ինչո՞ւ են թույլ տվել, որ այդ անորակ աշխատանքը երկրի անունից ներկայացվի։

-Քանի որ միության նախագահ Կարեն Աղամյանն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում էր, այսպես թե այնպես, ներկա չգտնվեց ակցիային։ Հետաքրքիր է՝ նրա վերադարձից հետո պարոն Աղամյանի հետ հույսեր կապո՞ւմ եք, ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից։

-Ի դեպ, ասեմ, որ Կիեւ մեկնելուց առաջ Աղամյանը հրահանգել է հեռացնել ինձ միությունից, սակայն գեղխորհուրդը չի հաստատել այդ որոշումը։ Իհարկե, Աղամյանը պարտավոր է հաշվի նստել մեր փաստարկների հետ, պետք է նստի մեզ հետ երկխոսության։ Նա պետք է հասկանա, որ սա դատախազություն չէ, այլ արվեստագետների միություն։ Նա պետք է խաղաղ հեռանա եւ իր տեղը զիջի արժանավորին։

-Դուք եւ մյուս նկարիչները առաջ եք քաշում երիտասարդ ղեկավարներ ունենալու անհրաժեշտության հարցը։ Կհիմնավորե՞ք՝ ինչ նկատի ունեք։

-Նախկինում գոյություն ուներ Երիտասարդական միություն, հիմա այն չկա։ Ես այսօր երիտասարդ նկարիչների հետ խոսում էի այդ միության վերականգնման անհրաժեշտության մասին։ Ընդ որում` պետք է, որ Երիտասարդական միությունից երկու-երեք հոգի ընդգրկվի նաեւ գեղխորհրդի կազմում։

-Նկատենք, որ ակցիան այնքան էլ մարդաշատ չէր։ Ինչու՞՝ հասկանալի չէ, հատկապես որ նշում եք, թե դժգոհող նկարիչները մեծ թիվ են կազմում։

-Նախ՝ նկարիչների մաս կազմող դասախոսական կազմը քննության էր, բացի այդ՝ ակցիայի իրականացման օրը նաեւ Արա Շիրազի հուշատախտակի բացումն էր, եւ նկարիչների զգալի հատված այդ միջոցառմանն էր մասնակցում, այդ էր պատճառը, որ ակցիային շատերը ներկա չէին։ Բայց հունիսի 15-ին Կարեն Աղամյանը վերադառնալու է, եւ մենք էլի ենք հավաքվելու եւ ներկայացնելու ենք մեր պահանջները։

Աննա Բաբաջանյան




Լրահոս