ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նախարարն ասել է Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում:
«Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, մյուս նախարարությունները ևս պետք է իրենց գործունեությունն այլ մարզեր տեղափոխեն, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացման մոդելը տեսնել ու տրամաբանություն ապահովել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը խոստացավ նաև առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել Գյումրի՝ այս անգամ արդեն մշակութային քաղաքի՝ այդ թվում Երկրագիտական թանգարանի կառույցի և ֆիլհարմոնիկ դահլիճի խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:
«Անպայման պետք է վերադառնամ ու միասին քննենք այդ խնդիրները ու տեսնենք, թե որ օջախից ենք սկսում վերակառուցել և վերակարգավորել»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարը՝ փաստելով, որ Գյումրու նախկին հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի դիմումն արդեն մակագրվել է փոխնախարարին: