Հունիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս հանդիպման շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
-Պարո՛ն Բոզոյան, Լավրով-Մնացականյան հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարարի կողմից հայտարարություն եղավ, թե Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը Հայաստանի և Ադրբեջանի հարցերն են միայn: Սա կարո՞ղ ենք մոտեցման փոփոխություն համարել:
-Ես կարծում եմ, որ եւ՛ Մոսկվայի, ե՛ւ մյուս համանախագահների մոտեցումն է, որ դա այդպես է: Այստեղ, ըստ էության, նրանք չեն ցանկանում խառնվել հայ-ադրբեջանական այս խնդիրներին, թե ով պետք է ներկայացնի հայկական կողմը: Եվ կարծում եմ, որ այստեղ հայկական կողմը կարող է ունենալ բարդություն, քանի որ կարծում եմ՝ Ադրբեջանը բավական կարծր դիրքորոշում կունենա և կսկսի ձևակերպել այնպես, որ փաստացի հայկական կողմի պատճառով կարող են բանակցությունները դադարել և չընթանալ: Եվ ցավոք սրտի, կարող եմ ասել, որ համանախագահներն այստեղ չեն պաշտպանի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, այլ կրավորական դիրքորոշմամբ հանդես կգան:
-Ըստ էության, դուք փոփոխություններ նկատեցի՞ք Լավրով-Նալբանդյան և Լավրով-Մնացականյան հանդիպումների միջև:
-Պատկերի իմաստով ոչ մի փոփոխություն չկա: Լավրովը հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան ելնում է այն դրույթներից, որոնք եղել են մայիսի 14-ին Սոչիում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, և նրանք այդ հիմքի վրա էլ շարունակելու են հարաբերությունները Հայաստանի հետ: Այսինքն` ֆորմալ տեսակետից Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը շարունակելու է Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները և նույնն էլ Հայաստանն է հայտարարում: Այլ խնդիր է, թե կարող են ոչ սկզբունքային հարցերի շուրջ վեճեր լինել եւ պետք է փորձեն դրանք լուծել գործընկերային հարաբերությունների շրջանակներում:
-Օրինակ, հանդիպումից հետո Զոհրաբ Մնացականյանը ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում շեշտել էր, թե Հայաստանը դեմ է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը: Կարծում եք այդպիսի հարց դրվե՞լ է հանդիպման ընթացքում:
-Չեմ կարծում, որ այդպիսի հարց լինի, պարզապես լրագրողն է այդպիսի հարց տվել և ստացել համապատասխան պատասխան: Ես չեմ կարծում, թե այդպիսի հարց եղած լինի օրակարգում, և Հայաստանը կտրուկ հայտարարի, թե ինքը դեմ է: Կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին բարդ են, եւ մինչև ԵԱՏմ անդամ դառնալը բավական դժվար փուլեր պետք է անցնել: Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի դիրքորոշում կլինի Ադրբեջանի կողմից, սակայն վերջինս դժվար թե ցանկություն ունենա անդամակցել այդ կառույցին:
-Ստացվում է՝ արտաքին քաղաքականության մեջ առաջին փորձությունները հաջո՞ղ են անցել՝ Փաշինյան-Պուտին և Մնացականյան-Լավրով հանդիպումներից ելնելով:
-Պուտինը հայտարարեց, որ ռազմավարական հարցերի շուրջ ոչ մի տարաձայնություն չի լինելու, քաղաքականությունը կլինի շարունակական և այստեղ կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինելու: Այլ խնդիր է, որ ՌԴ-ի փորձագիտական շրջանակները բավականին զգուշորեն են տրամադրված Հայաստանի պրոցեսների վերաբերյալ, ինչը չի կարող չազդել ՌԴ-ի իշխող վերնախավի վրա:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը