Գեղարքունիքի մարզի Վանեվան ու Տորֆավան համայնքներում հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվել են գործող գյուղապետեր Նորայր Հարությունյանը եւ Ահարոն Խաչատրյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, նախնական տվյալներով՝ Վանեվանում գրանցված 262 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 199 ընտրող, որոնցից 110-ը քվեարկել են գործող համայնքի ղեկավար, անկուսակցական Նորայր Հարությունյանի օգտին: Նրա մրցակից, ԲՀԿ անդամ Էմին Սարգսյանը ստացել է 81 քվե: Ութ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Տորֆավանում գրանցված 312 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 122 ընտրող, որոնք, առանց բացառության, քվեարկել են Ահարոն Խաչատրյանի օգտին:
Վանեվանի եւ Տորֆավանի գյուղապետարաններից ստացված տվյալներով՝ Նորայր Հարությունյանը եւ Ահարոն Խաչատրյանը վերոնշյալ համայնքները ղեկավարում են 1991 թվականից: