ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության կապակցությամբ.
Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։ Տվյալ միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է 1994-1995թթ․ զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017թթ․ գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։ Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում։
Սույն սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»։