Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին:
Զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:
Պարոն Սիմոնյանը ողջունել է վարչապետի ներկայացրած գաղափարը և տեղեկացրել, որ նախատեսում են «Թումո» կենտրոններ հիմնել Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում: Այնուհետև Սեմ Սիմոնյանն անդրադարձել է Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին, բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այլ հարցերի և նախաձեռնությունների: