Կառավարության այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս նախագծին, նշեց, որ Կառավարությունը ունի երկու տարբերակ՝ կամ չեղյալ հայտարարել այս համակարգը, կամ օրենքի նախագիծը հետաձգել:
Վարչապետի խոսքով, օրենքի նախագծի հետաձգումը 2014 թվականից այս համակարգին վճարներ կատարող քաղաքացիների մոտ լուրջ դժգոհություններ կառաջացնի։ Ուստի բոլոր տարբերակներից ընտրվել է ՀՀ Ֆինանսների նախարարության առաջարկած տարբերակը, որը, սակայն, ժամանակավոր կարգավորում է։
Որոշման նախագծին կառավարության նիստում դեմ արտահայտվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այս որոշումը պետք է թիմով ընդունեն, հետևաբար ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են՝ իրենց հետ են և հակառակը։ Վարչապետը նշեց նաև, որ նախարարի կիսադիրքորոշումներից եզրակացություններ կանի: Նա հավելեց, որ կառավարության անդամները չպետք է դեմ քվեարկեն: