Երեկ, ՀՀ կառավարության որոշմամբ, Հատուկ քննչական ծառայության պետ նշանակվեց Սասուն Խաչատրյանը` 6 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին դատախազն էր: Նա եղել է նախկին պաշտոնատար անձանց տները թալանած բանդայի գործով դատախազը, սակայն աշխատանքից ազատվեց Գեւորգ Կոստանյանի դատախազության օրոք: Դեռեւս 2016 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազությունում կադրային ջարդ էր սկսել եւ ազատվում էր իրեն ոչ ցանկալի կադրերից : Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, եւ մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին, ազատվեցին: Եվ ահա ազատվածների թվում էր ներկաիյս ՀՔԾ պետը՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը:
Գրել էինք, որ Ս. Խաչատրյանը անձնական դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Իսկ ի՞նչն էր եղել նրա ազատման պատճառը: Պարզել էինք, որ Սասուն Խաչատրյանն այս քայլին գնացել էր բարձր թոշակ ստանալու համար: Չնայած Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատվել էր հանուն բարձր թոշակի, սակայն նշենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի կադրերից է, իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները այդքան էլ լավ չեն: Ու դա առաջին դեպքը չէ, որ Գեւորգ Կոստանյանը համակարգից հեռացնում էր Հրաչյա Բադալյանի կադրերին:
Եվ ահա 2 տարի անց Սասուն Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ : Ի դեպ, վերջինիս հայրը Արաբկիրի դատարանի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նախկին դատավոր Մհեր Խաչատրյանի հետ հետաքրքրվելու համար, թե իր որդուն որ արժանիքի համար են նշանակել Հատուկ քննչական ծառայության պետ, եւ, առհասարակ, որդին կկարողանա պատասխանատվության կանչել պաշտոնատար անձանց, որոնք մինչ այս մնացել են անպատիժ:
– Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս վերաբերվեցիք այն որոշմանը, որ Ձեր որդին նշանակվեց Հատուկ քննչական ծառայության պետ: Ըստ Ձեզ` նա կկարողանա՞ արդարացնել ՀՀ նորանշանակ վարչապետի պահանջները:
-Ես դեռ բանի մեջ եմ…. Իհարկե, ծանր աշխատանք է, պետք է անի, եթե որոշել է, թող աշխատի:
-Ըստ Ձեզ` ո՞ր արժանիքի համար իրեն նշանակեցին այս պաշտոնում:
-Երեւի աշխատասիրության:
-Բոլորին հայտնի է, որ Հատուկ քննչական ծառայությունը քննում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավվածության քրեական գործերը, սակայն այս տարիների ընթացքում մշտապես ամբաստանյալի աթոռին են հայտնվել պաշտոնատար անձանց տեղակալները կամ ինչ-որ բաժնի պետեր , իսկ ահա ղեկավարները մնացել են անպատիժ: Որպես նախկին դատավոր` Ձեր որդին կկարողանա նախկին պաշտոնյաներին կանչել պատասխանատվության :
– Դա իրեն հարցրեք, ես ի՞նչ կարող եմ ասել:
-Որպես դատարանի նախկին նախագահ` ի՞նչ խորհուրդ եք տվել Ձեր որդուն:
-Դեռ չեմ տվել , բայց անպայման կտամ :
-Կկիսվեք` ի՞նչ խորհուրդ եք պատրաստվում տալ:
-Կասեմ` կյանքում, տղա ջա՛ն, անմեղ մարդու դատի չտա՛ս :
Ք.Մանուկյան