ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը հանդես եկն եկել հայտարարությամբ, որտեղ միջնորդում են դատարանին, որ Սամվել բաբայանի գործով բավարարվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը:
Հայտարարությունում ասվում է.
«Հերոսը պետք է ազատ արձակվի
Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը:
Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարեւոր ենք համարում հիշեցնել եւ շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է:
Տարբեր ազգերին ու ժողովուրդներին բնորոշ է՝ իրենց համար կերտել հերոսներ, հաճախ՝ հորինել, պատվել նրանց, իսկ մենք մեր իսկական հերոսներին պահում ենք բանտում: Սամվել Բաբայանը հերոս է, եւ սրանով արդեն ամեն ինչ ասված է: Այսօր երկրում շատ բան է փոխվել, եւ վճռաբեկ դատարանն ունի հնարավորություն՝ ապացուցելու, որ փոփոխությունները հասնում են նաեւ դատաիրավական համակարգ։
Մինչ այդ շատ կարեւոր է արձանագրել հանրային պահանջը՝ արդար դատավարություն եւ արդար վճիռ։
Դիմում ենք երկրի գիտակրթական, մշակութային վերնախավի ներկայացուցիչներին, նոր Հայաստանի ազատ մտավորականներին. բարձրացրեք ձեր ձայնը` արդար դատաքննության եւ արդար վճռի պահանջով։
Դիմում ենք ԱԺ մեր նախկին գործընկերներին, բոլոր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր, վստահ ենք, կիսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ազգային արժեքներին հարգանքով վերաբերվելու՝ մեր սկզբունքները:
Այսօր դուք կարող եք, ամրապնդելով հանրային պահանջը, հանդես գալ միջնորդությամբ՝ դատարանին հորդորելով.
– եթե դատական ակտը կայացվել է քաղաքական ճնշման արդյունքում՝ ոչ բավարար ապացուցողական բազայի հիման վրա, ապա այժմ զերծ մնալ նման ճնշումներից եւ իրագործել արդար դատաքննություն իրականացնելու պարտականությունը,
– բավարարել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը:
Սամվել Բաբայանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Սա է պահանջում կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության շահը:
Սա արդար դատաքննության պահանջ է, եւ այդ հարցում ամենաշահագրգիռը հենց Ս. Բաբայանն է։
Հարգելի՛ պատգամավորներ, գործընկերներ։ Պետք է ընդամենը ստորագրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության եւ արդար, ճնշումներից զերծ դատաքննության իրականացման պահանջի տակ, եւ այստեղ բոլորովին կարեւոր չէ, թե ո՛ր կուսակցության կամ խմբակցության անդամ եք հանդիսանում։ Ձեզնից պահանջվում է ընդամենը սա, բայց դա կլինի ձեր քայլը՝ արդարության հաստատման եւ հերոսին՝ օր առաջ երկրին ծառայելու հնարավորություն ընձեռելու ճանապարհին։