
Շիրակի մարզի 10 համայնք կարկտահարվել է: Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը վնասել է հիմնականում հացահատիկի դաշտավայրերը: Արթիկի տարածաշրջանի՝ Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Անուշավան, Փանիկ, ինչպես նաեւ Մարմաշեն խոշորացված համայնքի Վահրամաբերդ, Մայիսյան, Սարիար, Հացիկ եւ շրաջակա գյուղերն ու Գյումրու սելեկցիոն կայանի արտերն են տուժել:
Շիրակի մարզպետարանաի աշխատակազմի Գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ` վնասի չափը հաշվարկվելու է վաղը. «Ինտենսիվ կարկուտ է տեղացել: Բանջարաբոստանային կուլտուրաները քիչ են տուժել: Հիմնական վնասը աշնանացան ցորենն է կրել: Դա գյուղապետերն են ինձ փոխանցել»:
Նշենք, որ համայնքներից ոչ բոլորում կան տեղադրված հակակարկտային կայաններ: Այն գյուղերում, որտեղ կա տեղադրված ավելի քիչ են տուժել:
Շուշանիկ Օհանյան