Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին ներկայացրեց ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն հայտնեց ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար և Գրիգորի Հայրապետովին մաղթեց հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:
«Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարևոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և կարծում եմ, սա հասկանում ենք բոլորս: Պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում ծառայությունը կայացման լուրջ ճանապարհ է անցել: Հույս ունեմ, որ այդ ճանապարհը կշարունակվի և Պետական պահպանության ծառայությունն իր առջև կդնի ծառայության մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնելու խնդիր ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու, այլև ՀՀ քաղաքացիներին հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ սա ինքը պակաս կարևոր չի համարում, որովհետև կարծում է որ իշխանության և հասարակության փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարևոր նրբություն է: «Իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարևոր առաքելություն են կատարում, բայց այդ ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն-հանրություն հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարևոր կոմպոնենտն են»,- ընդգծեց է Նիկոլ Փաշինյանը:
Հրաչյա Հարությունյանը շնորհավորեց Գրիգորի Հայրապետովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան ու ծառայության բոլոր ներկայացուցիչներին մաղթել անփորձանք ծառայություն:
Մանրամասները՝ տեսանյութում