Ամեն ինչ Փաշինյանի ձեռքերում է, թող իրեն ցույց տա. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ երկրորդ այցի, Հայաստանի նոր կառավարության կադրերի, Ադրբեջանի գործողությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյի հետ:

-Պարոն Կորոտչենկո, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ ի՞նչ կարելի է ակնկալել երկրորդ հանդիպումից:

-Առաջին հանդիպումը ծանոթություն էր, նաեւ պարոն Փաշինյանի` իր նոր կարգավիճակին հարմարեցումը: Առաջին հանդիպմանն անդրադարձ կար երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների համատեքստում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների վերահաստատման հարցին տնտեսության եւ ռազմական ոլորտում: Դա արարողակարգային հանդիպում էր, ոչ ավելին:

-Արցախի սահմանին օրերս հայ զինվոր սպանվեց ադրբեջանական կողմից, Թուրքիան էլ համազորային բանակ է Նախիջեւանում տեղակայել: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական գործընթացներով:

-Ես կարծում եմ` գլխավորն այժմ Հայաստանի համար այն է, որ պարոն Փաշինյանն ունենա աշխատունակ, կոմպետենտ նախարարներ: Դեռեւս մենք տեսնում ենք շատ երիտասարդ մարդկանց, ովքեր այնքան էլ մեծ փորձ չունեն պետական համակարգում, եւ նրանք պետք է այդ փորձը ձեռք բերեն: Գլխավոր մարտահրավերը Հայաստանի համար ներքաղաքական է: Ոչ մի Ադրբեջան չի կարող այնքան վատություն անել Հայաստանին, որքան ոչ կոմպետենտ նախարարների կաբինետը: Այդ իսկ պատճառով Փաշինյանն առաջնահերթ պետք է կարգավորի սեփական կառավարության կաբինետը: Իսկ այսօրվա նախարարները պետական համակարգում աշխատանքի փորձ չունեն: Եվ սա է հետագայում որոշելու Փաշինյանի կառավարության հաջողությունը կամ անհաջողությունը:

-ՀՀ վարչապետը վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը նույնպես պետք է բանակցությունների մասնակցի` որպես երրորդ կողմ: Գուցե սա՞ էլ է ազդել Ադրբեջանի պահվածքի վրա:

-Եւս մեկ անգամ ասեմ. գլխավոր խնդիրն այսօր Հայաստանի համար այն է, որ Փաշինյանի կառավարությունը նորմալ աշխատի: Նրանք պետք է նորմալ ղեկավարեն երկիրը, որպեսզի տնտեսությունն աշխատի, ներդրումներ լինեն: Դա է գլխավոր խնդիրը: Իսկ եթե Փաշինյանի կառավարությունը ոչ կոմպետենտ լինի եւ սլաքներն ուղղի Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմ, չի ընդունվի հայ ժողովրդի կողմից: Հայ ժողովուրդը բողոքի ցույցերի դուրս եկավ, որպեսզի Հայաստանում կոռուպցիային վերջ տրվի, բարձրանա մարդկանց կենսամակարդակը: Դրանով պետք է Փաշինյանը զբաղվի: Իսկ Ադրբեջանի, Թուրքիայի կողմ սլաքներն ուղղելու փորձերը կավարտվեն նրանով, որ նա կարժանանա նախորդ նախագահի ճակատագրին: Դրա համար Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի, որպեսզի աճի տնտեսությունը, մարդիկ նորմալ ապրեն: Բայց բավական ոչ կոմպետենտ մարդիկ կան: Եթե Փաշինյանի կառավարությունը պրոֆեսիոնալ ձեւով ղեկավարի երկիրը, ավելի կհեշտանա արտաքին քաղաքականության հարցը:

-Իհարկե, կարծիքները տարբեր են: Բայց տեղեկություններ կան, որ ՌԴ պետդումայում այնքան էլ դրական չեն ընդունել ՀՀ կառավարության նոր դեմքերին:

-Գիտեք ինչ, Հայաստանի ընտրությունը հայ ժողովրդի ընտրությունն է: Մենք, ցանկանալով բարգավաճում հայ ժողովրդին, ցանկանում ենք, որպեսզի ծաղկի տնտեսությունը: Իսկ Հայաստանի տնտեսությունը հիմնականում կծաղկի այն պատճառով, եթե կոմպետենտ լինեն կառավարության դեմքերը: Ռուս փորձագետներն ասում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքն էլ միանշանակ չէ. 2000 մարդ աշխատում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ կառուցելու այնպիսի քաղաքական ապագա, որ Հայաստանը մտնի ԱՄՆ ուղեծրի մեջ: Այնպես որ ընտրությունը Հայաստանինն է: Ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է: Եթե Ձեզ դուր է գալիս Փաշինյանը, ի սեր Աստծո, թող լինի Փաշինյանը: Մենք Ռուսաստանում, մեծ հաշվով, հետեւում ենք իրադարձություններին, մենք չեն ազդում դրանց վրա: Բայց ինձ զարմացնում է այն, որ կան նախարարներ, ովքեր փորձ չունեն: Դա ինձ հիշեցնում է 90-ականների սկզբի Ռուսաստանը, երբ Գայդայի թիմը Ռուսաստանին բարդ իրավիճակի էր բերել: Գլխավորն այն է, որ Հայաստանը նման իրավիճակում չհայտնվի: Բայց դրա համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատվություն կրում: Ամեն ինչ Փաշինյանի ձեռքերում է, թող իրեն ցույց տա: Եթե նա վերցրել է իշխանությունը, ուրեմն պետք է պատասխանատվություն կրի դրա համար:

-Իսկ ՌԴ-ն ի՞նչ է մտածում Ադրբեջանի` ԵԱՏՄ մտնելու հարցի շուրջ:

-Դա պետք է որոշի քաղաքական ղեկավարությունը: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ իրավիճակ լինի, բոլոր խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով: ՀՀ նոր վարչապետը պետք է ցույց տա իրեն, որովհետեւ մի բան է լոզունգներով դուրս գալ փողոց, մեկ այլ բան է ղեկավարել երկիրը:

-Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ ՌԴ-ն շարունակաբար զենք է վաճառում Ադրբեջանին:

-Մենք զարգացնելու ենք Հայաստանի հետ հարաբերությունները նույն կերպ, ինչպես զարգացնելու ենք Ադրբեջանի հետ: Մեզ համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարեւոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները: Բայց Ադրբեջանը ՀԱՊԿ կազմում չկա, իսկ Հայաստանը կա: Այդ իսկ պատճառով որոշակի տարբերություն կա: Բայց մենք բոլորի հետ ենք ուզում լավ հարաբերություններ զարգացնել:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս