Ինչ իրավիճակ է սպառողական շուկայում. որ ապրանքներն են թանկացել, որոնք՝ էժանացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում` սպառողական շուկայում, այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 1 տոկոսի գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի գնանկումով: Բայց չնայած այդ հանգամանքին` ՀՀ քաղաքացին ոչ բոլոր ապրանքատեսակների մասով է զգում գնանկումը:

Եւ այսպես, պաշտոնական տվյալներով` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնանկում: Պաշտոնապես սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի գների վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 15.2 տոկոսի չափով էժանացումը: Մրգի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է 0.3 տոկոս գնանկում: Նկատենք, որ միայն բանանը իշխանափոխությունից հետո բավականին էժանացավ` ավելի քան 200 դրամով:

Բացի այս, մայիսին, ապրիլի համեմատ, էժանացել է նաեւ կաթնամթերքը` պանիրը`1.7 տոկոսով: Իսկ ահա ձուն մեկ ամսվա ընթացքում էժանացել է 5.9 տոկոսով: Մսամթերքը եւս էժանացել է: Ըստ վիճակագրական կոմիտեի` միսը մեկ ամսում էժանացել է 0.9 տոկոսով: Ձկնամթերքի շուկան եւս անմասն չի մնացել էժանացումից. այս դեպքում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս: Շաքարավազը էժանացել է 0.8 տոկոսով: Ի դեպ, այս էժանացումը եւս արձանագրվել է իշանափոխությունից հետո:

Փոխարենը ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների` համապատասխանաբար 0.1 եւ 0.2 տոկոս հավելաճ: Պարզվում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում թանկացել են դեղագործական ապրանքները` 0.4 տոկոսով:

Իսկ ահա հագուստը թանկացել է 0.6, կոշիկը` 1.2 տոկոսով: Բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը` 0.4 տոկոսով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը` 2.3 տոկոսով: Սա, թերեւս, պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3 տոկոս հավելաճով: Մյուս կողմից բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գների մակարդակը մնացել է անփոփոխ: Հուսանք, որ վիճակագրական կոմիտեի արձանագրած գնանկումը շուտով քաղաքացու համար տեսանելի կլինի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս