Հարկային օրենսգրքի փոփոխությունները ռիսկային են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ կառավարության արտահերթ նիստում ընդունվեց հարկային օրենսգրքում մի շարք հստակեցումների ու համաներման մասին նախագիծը: Այն ներկայացրել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` հայեցակարգային փոփոխությունները դեռ քննակումների մեջ են: Նրա խոսքերով` այս որոշումը հստակեցումների ու համաներման գործառույթների մասին է: Ի դեպ, նշենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավման եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:

Այս թեմայի շուրջ երեկ որոշ մասնագետներ կարծիքներ հայտնեցին այն մասին, որ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասով տեղի չեն ունեցել հանրային քննարկումներ: Սակայն ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակառակը պնդեց` նշելով, որ այս փոփոխության նախագիծը մշակվել է դեռեւս հունվար-փետրվար ամիսներին: «Կարեն Կարապետյանի կառավարությունը համաձայնվեց եւ առաջարկները ընդունեց, որ հարկային օրենսգրքում կան դեռեւս թերություններ: Իսկ հունվար-փետրվար ամիսներին ինտենսիվ քննարկումներ են անցկացվել: Ընդ որում` խորհրդակցությունը անցկացնում էր ներկայիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով այդ ժամանակ հանդիսանում էր հանձնաժողովի` ֆինանսների նախարարության կողմից նախագահող անձնավորությունը: Այդ քննարկումների արդյունքում արդեն փետրվար ամսին նախագիծը համարյա պատրաստ վիճակում էր: Դրանից հետո հասկանալի պատճառներով փոփոխություններ եղան, հետաձգվեց, ապա որոշակի մասեր հղկվեցին: Եւ քանի որ այդ փաթեթը պատրաստ էր, դրա համար հիմա արդեն կառավարությունը իր ընթացակարգերով պետք է շարունակի տանել առաջ: Այսինքն` ներսում պետք է քննարկվի, ապա ուղարկվի ՀՀ ազգային ժողով»,- ներկայացրեց Գագիկ Մակարյանը:

Ապա ավելացրեց, որ այդ քննարկումներին մասնակցել է նաեւ բիզնես ասոցիացիաների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նրա խոսքերով` այս փոփոխությունները կարեւոր են, քանի որ նպատակ ունեն հենց ռիսկերը շտկել, վերացնել, բացառել. «Առաջարկությունների փաթեթը բավականին լավն է»:
Տեղեկացնենք, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ առեւտրային բանկերը կարող են ներել այդ գումարները: «Դեռ պարզ չէ` արդյոք պետությունը չի խառնվում, ինչ-որ սուբսիդիաներ, կոնպենսացիաներ ունի` բանկերի հետ կապված, թե բանակցությունները բացարձակ թողնում է բանկերի ու հաճախորդների վրա: Դեռեւս պարզ չէ: Կառավարությունը հենց սկզբից մտադիր էր գյուղատնտեսության ոլորտում վարկային ներում իրականացնել, որովհետեւ գյուղացիները կքում են այդ բեռի տակ, չեն կարողանում մարել, գումար չկա իրենց ձեռքին գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Բայց այս դեպքում պետությունը հնարավոր է` միջամտի: Դրա համար պետք է տեսնենք, թե ինչ որոշում կընդունվի, եւ որ ուղղությունով այն կընթանա»,- նկատեց մասնագետը:

Բացի այս, նախագծով առաջարկվում է նաեւ որոշ ապրանքների դրոշմավորումը հանել: Այդ ապրանքներից են աղը, կաթնամթերքը, պանիրը, սուրճը, թեյը եւ այլն: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարության` աղը կհանվի դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այստեղ ստվերային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա, եւ, բացի այդ, աղի դրոշմավորումը առաջացնում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ: Նաեւ մինչեւ 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը եւս կհանվի դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփերով, հետեւաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդություններ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար: Իսկ ահա թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչեւ 10 տոկոս շեղումը չի դիտարկվի դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս:

Ըստ Մակարյանի` սա լավ հնարավորություն է հնից ազատվելու համար. «Հիմա պետք է փոխել եւ հրաժարվել հնից եկող հոգեբանական թելադրված փոփոխություններից: Չէ՞ որ ամեն ինչը չէ, որ կարելի է ստուգել, ամեն մեկի կողքին չես կարող մի ստուգող կանգնեցնել: Դրա համար ես կողմ եմ այս փոփոխություններին: Թեթեւացնել է պետք, որքան կարելի է: Ռիսկեր չեմ տեսնում»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս