Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, որի օժանդակությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տնտեսության թե´ հանրային եւ թե´ մասնավոր հատվածներում, եւ տարբեր ոլորտներում կան հաջողված օրինակներ: Նախագահը քաջալերել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը՝ առանձնահատուկ կարեւորելով կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի ոլորտների, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ծրագրերը:
Տակեիկո Նակաոն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել մի շարք ոլորտներում եւ ընդգծել, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: