Ինչ մեղադրանքով է ձերբակալվել Մեծավանի գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, իմանալով համայնքային ենթակայությամբ գործող և համայնքապետարանի միջոցներով ֆինանսավորվող Մեծավանի մշակույթի կենտրոնի տնօրենի կողմից 2013 թվականի հունիս ամսից մինչև 2018 թվականի մայիսի 31-ը, իսկ դռնապահի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրերով նախատեսված պարտականությունները չկատարելու, աշխատանքի չհաճախելու հանգամանքի մասին, կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ ներառելով այդ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ներկայացրել են վճարման: Արդյունքում վերջիններիս անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր շուրջ 4.500.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ:

Միաժամանակ նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք 2017թ. ընթացքում կազմել են համայնքի թվով 10 բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, և դրանք ներկայացրել վճարման: Արդյունքում համայնքի բյուջեից անհիմն ելքագրվել է ընդհանուր 380.000 ՀՀ դրամի չափով գումար, որն ստացել են իրենք՝ յուրացնելով այն:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Նկատի ունենալով, որ քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք և գտնվում է այլ տեղանքում, ՀՀ Լոռու մարզի դատախազի ցուցումով 2018 թվականի հունիսի 12-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս