Հունիսի 8-ին որպես անհետ կորած Հայկ Հարությունյանը դեռեւս չի գտնվել. որոնողական աշխատանքները շարունակվում են: Միացել են բազմաթիվ կամավորներ, ՀՀ ՊՆ-ի ուղղաթիռներ եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ: Մասնակցում են նաեւ վարժեցված շներ: Վերջին տվյալներով երեխան եղել է Արագած գյուղում` հյուծված ու հոգնած: Անօդաչու սարքերով փորձում են գտնել նրան:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2018թ․ հունիսի 8-ին, ժամը 23.50-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Հասմիկ Հարությունյանից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, որդին՝ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անչափահաս Հ. Հարությունյանը նկատվել է Այնթապ գյուղի «Ինեսա» սուպերմարկետի մոտակայքում, ինչի մասին բնակիչների կողմից հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է հորը՝ Գագիկ Հարությունյանին, սակայն մինչ հոր գալը՝ մոտ մեկ ժամ անց, Հ. Հարությունյանը հեռացել է նշված վայրից։
Հ. Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել Այնթապ գյուղում գտնվող սուպերմարկետի, դրա մոտակայքում առկա գազալցակայանի տեսաձայնագրիչ սարքերի տեսաձայնագրությունները, որտեղ երևում է, որ նա շարժվում է Նորագավիթ թաղամասի ուղղությամբ, ինչից հետո տարածքում առկա տեսախցիկների տեսաձայնագրություններում նրա հետագա շարժը չի գրանցվել:
Ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան որոնողական միջոցառումներ Այնթապ, Նոր Խարբերդ գյուղերում, Նորագավիթ թաղամասում, Երևան քաղաքում: Անց են կացվել հարցազրույցներ բնակչության շրջանում: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից հեռուստատեսությամբ լուսաբանվել է Հ. Հարությունյանի անհայտ կորչելու փաստը: 11.06.2018թ. Հ. Հարությունյանի անհայտ կորչելու կապակցությամբ կազմվել է հետախուզական գործ, ինչի շրջանակներում համապատասխան կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության այլ ստորաբաժանումներ:
11.06.2018թ. ժամը 22.50-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացի Ա. Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ անչափահաս Հ. Հարությունյանի արտաքինով նման մի երեխայի մի քաղաքացի նկատել է Արագած գյուղից Ծաղկալանջ գյուղ տանող ճանապարհին:
Ներկայումս հիշյալ և հարակից տարածքներում իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: