Ես ՊԵԿ-ի հետ ի՞նչ կապ ունեմ. ոչ բիզնեսմեն եմ, ոչ սահմանից բանան եմ ներմուծում. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն այսօր պաշտոնապես հրապարակեց, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ` ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Հարցաքննության մանրամասները պարզելու համար ArmLur.am-ը զրուցել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Պարոն Օհանյան, ՊԵԿ-ը հրապարակել է, որ Ձեզ կանչել են հարցաքննության: Իրենց կասկածները փարատվե՞լ են, թե՞ ոչ:

-Ի՞նչ հարցաքննություն:

-Հայտարարության մեջ նշված է, որ ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

-Պետական եկամուտների կոմիտե: Բայց ես ՊԵԿ-ի հետ ի՞նչ կապ ունեմ: Ես ոչ բիզնեսմեն եմ, ոչ հարկերի հետ կապված խնդիր ունեմ, ոչ սահմանից բանան եմ ներմուծում կամ խնձոր: Ես ի՞նչ կապ ունեմ ՊԵԿ-ի հետ:

-Ա՞յլ մարմնի կողմից են կանչել հարցաքննության:

-Ոչ, ոչ: Այդպիսի բան չի եղել: Ես հիմա կանգնած եմ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիմաց, մեր մարտական ընկերոջ մոտ եմ եկել: Այդպիսի բան չկա:

Նշված է Ձեր անունը, որ Դուք էլ եք այդ ցանկում:

-Դե նախկին նախարարը ես եմ: Բայց այդպիսի բան չկա: Ես կապ չունեմ այդպիսի բաների հետ: Որեւէ մի անգամ լսած կա՞ք, որ Սեյրան Օհանյանի բարեկամները կամ եղբայրը, տղան, այս մեկն, այն մեկն ինչ-որ մի տեղ աշխատում են: Որեւէ տեղ լսած կա՞ք, որ Սեյրան Օհանյանն այս է բերում, այն է բերում: Չգիտեմ, գուցե ուզում են կանչել: Ինձ համար զարմանալի է: Ես ՀՀ քաղաքացի եմ: Այսքան ժամանակ տեսած կաք` Օհանյան Սեյրանն ինչ-որ խախտում կատարի, չենթարկվի կամ այլ բան: Ինչպես ես, այնպես էլ մյուսները վերին արտի ցորեն չեն. եթե իմ մարտական ընկերը` շարքային, գնում, ներկայանում է, բոլորս էլ պարտավոր ենք գնալ եւ ներկայանալ` եթե այս կամ այն խնդիրները կան: Բայց էլի կրկնում եմ` ես գործարար չեմ, նախկինում իմ աշխատանքն իրականացրել եմ օրենքի շրջանակում:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս