ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի ֆինանսական ծառայության պետին. պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը 2013-2016թթ. ընթացքում զորամասի անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ կատարելու և հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի ֆինանսական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը:
ՀՀ քննչական կոմիտե