Կոռուպցիայի դեմ պայքարի հրամայականը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջնահերթություններից մեկը հայտարարել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ ուղղությամբ արդեն սկսել են տեսանելի քայլեր անել: Ապացույցը ոստիկանության եւ ԱԱԾ վերջին բացահայտումներն են: Միայն թե, նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարությունը Հայաստանում տանում է ոչ թե համակարգված, այլ հատվածական: Մինչդեռ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում են մասնագետները, դեռ 2015թ. Հայաստանում գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը, կառավարության որոշման համաձայն, վարչապետն է: Կառավարության 2015թ. փետրվարի 19-ի 165-Ն որոշման համաձայն` նաեւ նախատեսված է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի ստեղծումը, նրա իրավասություններն ու պարտականությունները:

Սակայն նախորդ կառավարության օրոք այդ փորձագիտական հանձնախումբը, դեռ լիազորություններն ամբողջությամբ չստանձնած, լուծարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ Հայաստանում առավել արդյունավետ կլինի փորձագիտական հանձնախմբի վերականգնումն ու աշխատեցնելը, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հանդիպի խմբի անդամների հետ: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե խորհրդի հետագա գործունեության հետ կապված ոչինչ չի կարող ասել, սակայն փոխանցեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: «Վարչապետը կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետության քաղաքական ղեկավարությունը ներգրավված չլինի կոռուպցիայի մեջ: Եվ քանի որ ինքը կարող է հավաստիացնել, որ ներգրավված չէ, հետեւաբար առաջին գլխավոր քայլն արդեն արված է»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս