«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների, նոր կառավարության գործելաոճի մասին զրուցել է երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա խոստովանել է, որ երբեմն կառավարության գործունեության մեջ իրեն էլ են ինչ-որ բաներ տրամաբանությունից դուրս թվում, բայց ինքն իր վստահության քվեն չի վերցնում այս կառավարությունից:
-Պարոն Պետրոսյան, հայաստանյան ներքին քաղաքական կյանքի ներկայիս փուլը ինչպե՞ս կորակեք:
-Ես այն կբնութագրեմ մեկ բառով՝ անհամբեր-սպասողական փուլ: Փոփոխությունները, որոնք ակնկալում էինք, իրականացվում են: Այլ բան է, թե որքանով են դրանց տեմպերը բավարարում հանրության տարբեր շերտերին:
– «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի թիրախ է համարում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Նա հարցնում է՝ ով է լինելու այն մեկը, ով որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունենալու՝ որն է բարեգործություն, որը՝ ոչ: Դուք ի՞նչ կասեք այս մասին:
-Ամեն ինչ պետք է սահմանվի օրենքի դաշտում: Պետք է հստակ սահմանազատվի՝ որն է բարեգործությունը եւ որը՝ հարկերից խուսափելու միջոցը կամ զուտ փիարը: Ծառուկյանն, անշուշտ, առատաձեռն է, մարդկանց շատ է օգնել: Բայց միայն Ծառուկյա՞նն է բարեգործությամբ զբաղվում: Եկեք մեդալի հակառակ կողմն էլ դիտարկենք: Այդ օգնության արդյունքում նա նաեւ հավաքել է բավական շատ ընտրական ձայներ: Աշխարհի զարգացած շատ երկրներում բարեգործությունը սահմանված է, եւ բարեգործական նպատակով նվիրատվություն կատարողներն այդ մասով օգտվում են ինչ-ինչ հարկային արտոնություններից: Գուցե այս օրինագծի ընդունման արդյունքում այլ մարդիկ էլ հանդես կգան նման նախաձեռնություններով:
-Նախօրեին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ նշելով, որ նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդներն ընդունելի չեն իր համար: Ինչպե՞ս կորակեք նրա այս քայլը: Շատերը նկատեցին, որ նա սկզբունքային գտնվեց, սակայն հանրության մի հատված էլ մեղադրեց նրան թիմը կառավարության համար դժվարին փուլում լքելու մեջ:
-Մենք ականատեսն ենք մեր իրականության մեջ նոր երեւույթի, երբ նախարարն իր համոզմունքների պատճառով հրաժարական է տալիս: Մենք ընտելացել էինք անդեմ, անատամ կառավարիչներին, պատգամավորներին: Կարծրատիպերի ոչնչացման հերթական նմուշ է սա: Պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը դեռ շատ ջուր կտանի: Ես չեմ կարող կառավարության անդամների փոխարեն խորը վերլուծություններ անել, որովհետեւ ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում, նաեւ չգիտեմ՝ այդ հարցն այսօր ստորջրյա ինչ խութեր է պարունակում: Գուցե վստահության նոր մակարդակ է ապահովվել: Ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուրս մեր քայլերի համար նախ եւ առաջ ինքներս մեր խղճի առաջ ենք պատասխանատու: Եթե մարդը սկզբունքային է, արժանի է միայն հարգանքի: Բայց խորին ափսոսանքս եմ հայտնում,որ Մանեի տեսակը պակասելու է մեր քաղաքական դաշտում: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ այդ պարտադիրը իմ սրտով էլ չէ:
-Հիմա Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հանդեպ երկու ամիս առաջվա հանրային միանշանակ վերաբերմունքը կարծես չկա: Ի՞նչ պետք է անի վարչապետը իր դիրքերը ամուր պահելու համար:
-Կարծում եմ՝ կառավարությունը հաստատակամ առաջ է շարժվում: Ամեն բան կամաց-կամաց իր տեղը կընկնի: Մենք դեռ ամբողջական կերպով չենք ռեալիզացրել հեղափոխությունը: Դրա համար տևական ժամանակ է պետք: Գիտե՞ք՝ երբեմն կառավարության գործունեության մեջ ինձ էլ են ինչ-որ բաներ տրամաբանությունից դուրս թվում, թվում է, թե ուշացնում են ինչ-ինչ անհետաձգելի լուծումներ:Բայց ես իմ վստահության քվեն չեմ վերցնում այս կառավարությունից: Ես կասկած չունեմ կառավարության հիմնական անդամների քաղաքական բարձր կամքի եւ հետեւողականության առնչությամբ:
Աննա Բաբաջանյան