Արծվիկ Մինասյանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասյանն ասաց, թե երբեք չի եղել դեպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցության ներկայացուցիչ, կողմ քվեարկի պարտադիր կուտակային համակարգին,եւ այս անգամ էլ մնում է իր տեսակետին: Վարչապետը հիշեցրեց՝ պետք է հասկանալ, որ գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում: «Մենք համոզված ենք, որ սա քայլ է, որը պետք է լուծենք` առաջ գնալով: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն: Ուզում եմ սա հստակ արձանագրենք»:

Ազգային ժողովում Արծվիկ Մինասյանը հարցին, թե ինչու մինչեւ վերջ չպնդեց իր դիրքորոշումը, նշել է, թե իր սկզբունքը պահել է: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը շատ հստակ է: Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ դեմ, քանի դեռ հակառակի մեջ համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նախագծի մեղմացման մասին»,-նշել է նախարարը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի հետ:

-Պարոն Համբարձումյան, վարչապետի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ բանավեճն ինչո՞վ եք պայմանավորում: Արդյոք Մինասյանը թիրախավորվա՞ծ է, թե՞ այլ խնդիր կա:

-Չեմ կարծում, որ թիրախավորված է: Եվ այս հարցի շուրջ Արծվիկ Մինասյանն իր տեսակետն արտահայտել է:

– Հիշենք թեկուզ, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նույնպես նման միջադեպեր լինում էին, եւ Մինասյանը նկատողություն էր ստանում:

-Ես կարծում եմ` պարոն Մինասյանը պարզապես հավատարիմ է իր տեսակին, նկարագրին. չի վախենում իր դիրքորոշումները, տեսակետները բարձրաձայն արտահայտելուց, ոչ թե համր լռությամբ համաձայնում է այս կամ այն հարցին: Իսկ այդ քննարկված հարցը` կուտակայինի մասով, ինչ-որ առումով հարկադրված լուծում էր: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ խնդիրը դրանով լուծում է ստանում: Եվ պարոն Մինասյանի արտահայտած մոտեցումները վերաբերում էին հենց դրան:

-Բայց այդ ընթացքում Գյուղնախարարը մոտեցավ պարոն Մինասյանին, ականջին ինչ-որ բան ասաց, եւ դրանից հետո Մինասյանը փոխեց դիրքորոշումը. դեմ էր, բայց հետո կողմ եղավ որոշմանը:

-Ես, ճիշտն ասած, չեմ արձանագրել այդ պահը, որ Դուք ասում եք: Չգիտեմ` ինչ կարող է ասած լինել: Բայց կարծում եմ` բավական հստակ էր իր ասածն այն առումով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի առումով ճիշտ լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա:

-Իսկ Փաշինյանի արձագանքն, ըստ Ձեզ, կոպի՞տ չէր Մինասյանի հանդեպ:

-Ամեն մեկն իրավունք ունի յուրովի գնահատելու: Կարծում եմ, քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, ամեն մեկը պետք է իր տեսակետն արտահայտի:

-Այսինքն՝ կոպի՞տ չէր Փաշինյանի նման արձագանքը:

-Ես Ձեր հարցին պատասխանեցի:

-Հստակ չէր:

-Ասում եմ` ամեն մեկն իրավունք ունի իր տեսակետը յուրովի արտահայտելու:

-Դուք մի առիթով ասել եք, որ հակադաշնակցական հիվանդությունը պարբերական բնույթ ունի: Հիմա սա հակադաշնակցականության դրսեւորո՞ւմ էր, թե՞ այլ բան:

-Վերջին օրերին այդ միտումը կարծես թե նահանջ է արձանագրել:

-Եվ ինչո՞վ եք դա բացատրում:

-Դժվար է միանշանակ գնահատական տալ: Չեմ ուզում ենթադրություններ անել: Կարծում եմ` պայմանավորված է ամենատարբեր ուժերի կողմից Դաշնակցության հանդեպ ունեցած եւ հաճախ ոչնչով չարդարացված գնահատականներով: Եվ անընդհատ Դաշնակցության հարցում առաջնորդվում են բուռն խնդիրներ տեսնելու ցանկությամբ: Բայց կարծում եմ, որ անընդհատ իրականությունը հակառակն է ապացուցում:

-Իսկ չե՞ք կարծում, որ այդ հակադաշնակցական մոտեցումները կլինեն նաեւ ՀՀԿ-ի կողմից, քանի որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից: Հիմա վստահաբար առաջվանը չեն երկկողմ հարաբերությունները:

-Ես չեմ ուզում շատ սեւեռվել այդ մոտեցումների վրա, որովհետեւ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում, եւ ժամանակը ցույց է տալիս, թե քաղաքական ուժերից որն ինչպես է հանդես գալիս, դավանո՞ւմ է արդյոք սկզբունքներ, թե՞ ոչ, եւ ինչ մղումներից է գործում: Եվ կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

-Գուցե այժմ ՀՀԿ-ն զայրացա՞ծ է ՀՅԴ-ի վրա կամ նեղացա՞ծ է Ձեզնից:

-Չեմ կարծում: Ինչո՞ւ եք ուզում խնդիրներ տեսնել Դաշնակցության եւ ՀՀԿ-ի հարաբերություններում. չկան խնդիրներ: Եվ մենք որեւէ քաղաքական ուժի հետ խնդիրներ չունենք: Մեր հարաբերությունները բացառապես քաղաքական են, եւ կարծում եմ, որ Դաշնակցությունը քաղաքական ուժերից որեւէ մեկի հետ որեւէ հարց քննարկելու առումով քաղաքական կաշկանդվածություն չունի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս