«Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը` «Արտֆուդ»-ը, հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Այս պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդին է դիմել պաշտպանության նախարարությունը: Ու հիմա «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին:
Ինչպես հայտնի է, «Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսն էր: Այս ընկերությունում Հովիկ Աբրահամյանի որդու` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին էր` Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեին հավասարաչափ բաժնեմասեր:
Ավելի վաղ այս ընկերությունը հասցրել է մի քանի անգամ հայտնվել սեւ ցուցակում, բայց սա Հովիկ Աբրահամյանի եւ Սերգո Կարապետյանի պաշտոնանկությունից ամիսներ անց: Անցած տարի հայտնի դարձավ, որ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք բերեց «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը` ըստ որոշ տեղեկությունների` Աբրահամյաններին պատկանող բաժնեմասը: Այսինքն` «Արտֆուդ»-ի մյուս բաժնետերը դեռ շարունակում է մնալ Սերգո Կարապետյանը: «Արտֆուդ»-ը սեւ ցուցակում հայտնվել է հերթական անգամ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարությունը մայիսի 18-ին` արդեն նոր իշխանության օրոք, դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ խնդրել է նախաձեռնել «Արտֆուդ» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ:
Բանն այն է, որ պաշտպանության նախարարությունը մսի պահածոյի ձեռքբերման նպատակով բաց մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Արտֆուդ» ընկերությունը: Նշենք, որ ընթացակարգին մասնակցելու, ինչպես նաեւ մսի եւ մսաբուսական պահածոների մատակարարումները համատեղ իրականացնելու նպատակով «Արտֆուդ»-ի եւ «Էլիտ գրուպ» ընկերությունների միջեւ կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր: Ըստ այդմ` «Էլիտ գրուպ»-ի վրա դրվել է մասնագիտական փորձառություն ապահովելու պարտականություն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերության կողմից թյուրիմացաբար հայտի հետ միասին չի ներկայացվել նշված համատեղ գործունեության պայմանագիրը, որից պետք է պարզ դառնար, որ «Արտֆուդ»-ը ընթացակարգին մասնակցում է կոնսորցիումով «Էլիտ գրուպ»-ի հետ միասին:
Արդյունքում ընթացակարգի հանձնաժողովը որոշել է ընկերությանը ճանաչել առաջին տեղ զբաղեցնող մասնակից, եւ վերջինիս առաջարկվել է ներկայացնել բաց մրցույթի հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը: Դրանից հետո գնահատող հանձնաժողովը հայտարարել է, թե որակավորման պահանջներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ: Մասնավորապես ներկայացված ապրանքների տեխնիկական բնութագրերը լիարժեք չեն եղել. բացակայել են ծանոթության բաժնում նշված պահանջները:
«Արտաշատի պահածոների գործարան» ընկերության կողմից ներկայացվել է համատեղ գործունեության պայմանագիր «Էլիտ գրուպ» -ի հետ, ինչպես նաեւ «Էլիտ գրուպ»-ի եւ 3-րդ կազմակերպության միջեւ կնքված սննդամթերքի գնման պայմանագիր: Մինչդեռ, ըստ ՊՆ-ի, համատեղ գործունեության պայմանագիրն անհրաժեշտ էր ներկայացնել մրցույթի մասնակցության հայտով: Բայց այն «Արտֆուդ»-ի կողմից չի ներկայացվել:
Ու հանձնաժողովը որոշել է կասեցնել նիստը եւ ընկերությանը ծանուցել մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սահմանված ժամկետում ընկերությունը հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացրել է ապրանքների լիարժեք տեխնիկական բնութագրերը, մասնավորապես ծանոթության բաժնում նշված պահանջները: Այս մասով մրցույթի գնահատող հանձնաժողովը արձանագրել է, որ ներկայացված ապրանքների տեխնիկական բնութագրերը շտկվել են: Բայց չնայած սրան` գնահատող հանձնաժողովը որոշել է մերժել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի հայտը` հիմնավորելով, որ ընկերության կողմից համատեղ գործունեության պայմանագիրը «Էլիտ գրուպ»-ի հետ ներկայացվել է միայն երկրորդ փուլում:
Բայց մյուս կողմից «Արտֆուդ» ընկերությունը գտնում է, որ նման պայմաններում իրենց ընկերությունը թույլ չի տվել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված խախտում, քանի որ ներկայցված ապրանքների տեխնիկական բնութագրերը շտկվել են եւ ներկայացվել գնահատող հանձնաժողովին: Այսինքն` «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության կողմից առկա է ոչ թե գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, այլ ընկերության կողմից մասնակցության հայտի սխալ պատրաստում: Հետեւաբար դիմելով գնումների բողոքարկման խորհուրդին` խնդրել է հաշվի առնել իրենց դիրքորոշումը եւ ընկերությանը չվերագրել օրենքի խախտում, եւ որպես հետեւանք ընկերությանը չներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Իսկ ահա պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ «Արտֆուդ»-ի ներկայացրած ապրանքների տեխնիկական բնութագրերը լիարժեք չեն եղել:
Ըստ ՊՆ-ի` ընկերությունը հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային հասցեին ուղարկել է ապրանքների տեխնիկական բնութագրերի ծանոթության բաժնում նշված պահանջները, մի շարք հարկային հաշիվներ, սակայն չի ներկայացրել նմանատիպ պայմանագրեր:
Մեզ հայտնի դարձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը չի բավարարել ընկերության հայտը` անփոփոխ թողնելով նախարարության որոշումը: Արդյունքում խորհուրդը հունիսի 8-ին որոշում է կայացրել բավարարել պաշտպանության նախարարության` «Արտաշատի պահածոների գործարան»-ին սեւ ցուցակում ներառելու պահանջը, այն էլ` երկու տարի ժամկետով:
Փաստորեն, արձանագրենք, քանի դեռ «Արտֆուդի» սեփականատերերը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ էին, այս ընկերության առաջ կանաչ ճանապարհ էր վառված, բայց հիմա, ընդհակառակը, նրանց դիմաց փակվում են դռները: Տիպիկ հայկական իրականություն:
Սյունէ Համբարձումյան