
Պարզվում է` Կարեն Կարապետյանի կառավարության աշխատակազմը մինչեւ հրաժարական տալը ճոխ գնումներ է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմը մարտի 1-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ: Ըստ այդմ` ձեռք է բերվել 104 հատ կոնյակ, որոնց համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 2 մլն 601 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնվել է Երեւանի կոնյակի գործարանի արտադրության 0.7 լ, 20 տարվա հնեցմամբ 72 հատ «Նաիրի» կոնյակ, որի համար վճարվել է 1 մլն 573 հազար դրամ, 30 հատ «Դվին»` 0.7 լ, 10 տարի հնեցման, ընդհանուր 753 հազար 750 դրամով: Իսկ ահա 2 հատ 30 տարվա հնեցման «Էրեբունի» 0.7 լ կոնյակի համար ծախսվել է 275 հազար դրամ: Այսինքն` մեկ հատ կոնյակը գնվել է 137 հազար 500 դրամ: Նշենք, որ մարտի 1-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանել էր Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին (նա երեկ հրաժարական տվեց): Ենթադրվում է, որ այս կոնյակները Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության համար են եղել: