Ես պատրաստ եմ, ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն. գեներալ Հովհաննես Թամամյանը` մարտի 1-ի բացահայտման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա Հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: Հունիսի 12-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին, հայտնել էր, որ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է. «Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին` Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»:

Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ոստիկանության գեներալ Հովհաննես Թամամյանն էր, իսկ ահա մարտի 1-ին` լուսադեմին, ոստիկանության քրեական հետախուզությունը մտել էր Ազատության հրապարակ իբր ստուգումներ անցկացնելու համար: Միայն թե այդ քայլին գնացել էին օրենքի խախտմամբ` օպերատիվ-հետախուզական միջոցառումը սկսելով ավելի վաղ, քան թույլատրված էր օրենքով: Իրական նպատակը ցուցարաներին Ազատության հրապարակից բռնությամբ հեռացնելն ու ընդդիմադիր կարեւոր գործիչներին ձերբակալելը, մեկուսացնելն է եղել: Պատահական չէ, որ ոստիկանության համազգեստով անձինք ուղղակի հարձակվել էին ցուցարարների վրա, մահակներով ծեծել, ձերբակալել, եւ, ի վերջո, Ազատության հրապարակը մարդկանցից ազատել:

Դեռեւս 2008 թվականին` դեկտերմբերի 12-ին, Հովհաննես Թամամյանը լրագրողներին հայտնել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես….: Օպերատիվ միջոցառում իրականացնելու պլան-առաջադրանքը եղել է, իսկ հետագա զարգացումները (դուք երեւի դա՞ ի նկատի ունեք) ես չեմ ղեկավարել…: Մարտի 1-ի առավոտյան օպերատիվ միջոցառման նպատակը եղել է հավաքվածների մոտ զենք, զինամթերք, ռազմամթերք եւ այլ իրեր հայտնաբերելը: Հավաքված մեր ազգաբնակչությանը ցրելու իմաստ ընդհանրապես չի եղել: Նկատի ունենալով, որ այնտեղ ամբոխ է` մենք լրացուցիչ ուժերը մոտեցրել ենք, բայց նրանք սկզբնամասում չեն մասնակցել: Երբ որ արդեն միջադեպ է ընթացել, այդ պահից միջամտել են մեր մյուս ստորաբաժանումները»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հովհաննես Թամամյանի հետ հասկանալու համար, թե արդյոք նա մտավախություն չունի, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր բացահայտուներ կլինեն, եւ նա խնդիրների առաջ կկանգնի:

– Պարոն Թամամյան, Դուք եք հրահանգել ու ղեկավարել մարտի 1-ին Ազատության հրապարակում ստուգումներ իրականացնելու գործընթացը: Հիմա թավշյա հեղափոխպությունից հետո իրավիճակ է փոխվել, եւ ՀՀ նորանշանակ վարչապետը բարձրաձայնում է, որ պետք է ամեն ինչ անեն մարտի 1-ի բացահայտման համար, մտավախություն չունե՞ք:

-Ես չեմ ղեկավարել, ուղղակի մինիստրը խնդրեց, ասեց` դու գնա Ազգային ժողով, ասա…. Ես ո՛չ մինիստր եմ եղել, ես ո՛չ օպերատիվ գծով տեղակալ եմ եղել, ո՛չ քրեականի պետ եմ եղել, ես ո՛չ քաղաքի պետ եմ եղել , ես չէի կարող ֆիզիկապես ղեկավարել :

-Ամեն դեպքում, դուք եղել եք ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, դուք եք Ազատության հրապարակում հրահանգ ստացել ստուգումներ անել:

-Այո՛, եղած օպերատիվ տվյալների հիման վրա, ասենք, գնացել ենք եւ միջոցառումը իրականացրել ենք: Հիմա դրանք ինձ համար անցյալ էտապ են, ես այդ համակարգից գոհ ու շնորհակալ եմ:

-Միգուցե Ձեզ համար անցած էտապ է, բայց նոր իրավիճակ ունենք. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնային խնդիր է համարում մարտի 1-ի մեկի բացահայտումը, Դուք մտավախություն չունե՞ք, որ նոր զարգացումներ կլինեն :

-Ես օգնեմ բացահայտելուն, ի՞նչ է եղել, եթե անհրաժեշտություն լինի, մեծ սիրով:

-Այսինքն` ոչ մի բանից չե՞ք վախենում, որ հետագայում Ձեր դեմ որեւէ բան կիրականցվի:

-Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն:

-Հիմա ՀՔԾ-ն նոր փորաձաքննություններ է նշանակել, անգամ «բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին» զեկույցն է կցվել քրեական գործին:

-Ճիշտ ասած` տեղյակ չեմ, քանի որ չեմ աշխատում: Ավելի լավ, վերջը 10 դիակ է, չբացահայտվե՞ն կրակողները:

-Այսինքն` եթե հիմա ՀՔԾ-ն Ձեզ կանչի ցուցմունք տալու, պատրա՞ստ եք նոր իշանություններին օգնել, ասել` ով տվեց հրահանգ, որ գնացիք, այսինքն` նոր ցուցմունք տաք:

– Եթե կանչեն, ես ո՞վ եմ, որ ցուցմունք չտամ, ինչո՞ւ չպետք է տամ :

-Նո՞ր ցուցմունք եք տալու, թե Ձեզ ով հրահանգեց ինչպես կատարեցիք, ում հրահանգով գնացիք:

-Ուրեմն, ես ինչ գիտեմ, դա կպատմեմ, ինչը չգիտեմ, հաստատ չեմ պատմի:

-Այս օրերին Ձեզ ծանուցում չե՞ն ուղարկել, չե՞ն կանչել :

– Եթե հրավիրած լինեին, ես կգնայի :

-Կոնկրետ եմ ցանկանում իմանալ, հիմա կասե՞ք, որ կանչեն ՀՔԾ, ինչ նախկինում պատմել եք իրավապահներին, նո՞ւյն եք պատմելու, թե՞ այլ բաներ եք պատմելու, այլ ցուցմունք եք տալու

– Իհարկե, չէ՛, ինչը-որ կա, ես ով էի….լավ, դուք լրագրող եք, եթե մինիստր, առաջին տեղակալ քրեականի պետ, 6-րդ գլխավոր վարչության պետ, Երեւան քաղաքի վարչության պետ թողած` ես ինչի պետք է ղեկավարեի, կամ ինչի պետք է դրանց արհամարհեի, եղած ղեկավարությանը, իհարկե ո՛չ, ես չէի կարող ղեկավարել, ես եղել եմ, չեմ հրաժարվում: Նորը, հինը որն է, ես ցուցմունք եմ տալու` ինչ գործողություն կատարել եմ, հաստատ:

– Առանց վախենալու:

– Բայց վախենալու ի՞նչ ունեմ, ես ոչ զենք եմ ունեցել, ես դիակների մասով մտածելու բան չունեմ: Հայկ Հարությունյանին հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում:

– Իրեն էլ կհասնենք:

-Ես պատրաստ եմ, մտահոգվելու բան չունեմ, բայց ինչ եմ արել, որ մտավախություն ունենամ, ես չեղած բանի համար եմ գնացել, պատասխան տվել, որի հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Անցած իշխանություններն են այդ ամեն ինչի պատասխանատուն:

-Անցած իշխանությունները, ո՞վ:

-Ես խնդիր չունեմ, երբ կանչեն, կգնամ, իմ ցուցմունքները կտամ :

-Փաստ է մեկ բան, որ 10 տարի անց նոր իրավիճակ ունենք մարտի 1-ի գործով, եւ Ձեր անունը շրջանառվում է:

-Ինչո՞վ, ինչո՞վ, ես առավոտյան մասնակցել եմ, կրկնում եմ, մասնակցություն ունեցել եմ առավոտյան 7-ի միջոցառմանը, որից հետո երեկոյան դիակների հետ ընդհանրապես ես բան չունեմ ասելու:

-Բայց ամեն ինչ այդտեղից սկսվեց, Ազատության հրապարակում օպերատիվ միջացառումները սկսվեցին, մարդիկ ավելի կատաղեցին, ու սկսվեցին կրակոցները:

-Եկեք հարցաքննություն չանենք, ես պատրաստ եմ, երբ ինձ հրավիրեն, ես իմ ցուցմունքները կտամ :

-Չե՞ք ասի` ի՞նչ եք պատրաստվում ցուցմունք տալ:

-Ես ասեցի, ուրիշ գործողություն չունեմ արած:

-Թավշյա հեղախությանը ինչպե՞ս եք վերաբերվում:

-Շատ լավ, վերջապես այս ժողովուրդը ազատվեց:

-Իսկ ոստիկանության նշանակումներին, ՀՀ ոստիկանապետ նշանակվեց Վալերի Օսիպյանը:

-Այդ հարցերի պատասխանը կարող է տալ վարչապետը եւ մեր գործող նախագահը: ես շատ լավ ճանաչում եմ պարոն Օսիպյանին, շատ պարկեշտ, կարգին անձնավորություն է:

Քնար Մանուկյան




Լրահոս