Ինչու են աղմկում մոտոցիկլետները, և ինչ է կատարվում Երևանում գիշերային ժամերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկոյան ուշ ժամերին Երեւանում մեքենաների ազդանշաններից, բարձր երաժշտությունից բացի մարդկանց անդորրը սկսել է խանգարել նաեւ մոտոցիկլետների բարձր ձայները:

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում երեւանցիներից: Նրանց պատմելով` մոտոցիկլետների ձայները խանգարում են հատկապես ամռան այս ամիսներին, երբ բնակարանների պատուհանները բաց են, եւ աղմուկը գրեթե ամեն օր «լցվում է» մարդկանց տները:
«Վերջին շրջանում իմ բալիկը երեկոյան ուշ ժամերին, երբ անուշ քնած է, այդ մոտոցիկլետների բարձր ձայների պատճառով վեր է թռնում, հետո դժվար է լինում նորից քնեցնել: Դրանք խանգարում են իմ բալիկի քունը: Կամ էլ պատահում է, երբ ուշ գիշերով, երբ քնած ենք լինում, փողոցում իրար հերթ չտալով` անցնում են` սարսափելի բարձր ձայներ արձակելով: Այդ ձայներից վախեցած արթնանում ենք»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Երեւանի կենտրոն թաղամասի բնակչուհի 37-ամյա Թամարա Հովսեփյանը: Իսկ ահա մյուս բնակիչների խոսքերով` շատ է լինում, երբ մոտոցիկլետները վթարների պատճառ են դառնում կամ առանց վարորդական իրավունքի են վարում, առանց սաղավարտի:

Պարզվում է, որ մարդկանց անդորրը խանգարող մոտոցիկլետները երեկոյան 23.00-ից հետո վարելն արգելված է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս հորդորով ՀՀ ճանապարհային ոստիկանները օրեր առաջ խորհրդակցություն են անցկացրել բայքերների հետ: Հանդիպման նպատակը Հայաստանում բայքերների խնդիրներն ու նրանց հետ կապված ճանապարհային ոստիկանության մտահոգությունները քննարկելն էր: Նշենք, որ ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը մտահոգված է, քանի որ Երեւանում շատացել են առանց հաշվառման համարանիշի, գիշերային ժամերին աղմուկով երթեւեկող եւ ճանապարհատրանսպորտային կանոնները միտումնավոր խախտող մոտոցիկլետների վարորդները: Ըստ ՃՈ-ի` առանց հաշվառման համարանիշի ու գերհզոր ձայնով մոտոցիկլ վարելն անթույլատրելի է: Քնարկման ընթացքում երկու կողմերն էլ պայմանավորվել են համարանիշը տեսանելի վայրում փակցնելու մասին, ու նաեւ միայն սաղավարտներով մոտոցիկլետները պետք է վարեն եւ երթեւեկության կանոնները պահպանեն:

Ըստ ճանապարհային ոստիկանության` բոլոր մոտոները պետք է հաշվառված լինեն պետհամարանիշներով, իսկ գիշերային ժամերին չաղմկեն: Բայց բայքերները իրենց հերթին պնդում են, որ բարձր ձայներով շատ մոտոցիկլներ այդպես հենց գործարանից են դուրս գալիս: Ավելին` բարձր ձայնը նպատակ ունի մյուս վարորդներին զգուշացնել իրենց նկատելու համար: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` մեքենայի եւ մոտոցիկլետի խլացուցիչի ձայնը չպետք է գերազանցի 96 դեցիբելը: Սա օրենքի պահանջն է: Եւ շուտով ճանապարհային ոստիկանությունը ձայնաչափ կունենա, որով հնարավոր կլինի ստուգել` խլացուցիչը բարձր է գոռում, թե ոչ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ճանապարհային երթեւեկության մասին կոնվենցիայի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` վարորդները պետք է ձգտեն, որ իրենց փոխադրամիջոցներն անհարմարություններ չպատճառեն ճանապարհից օգտվողների եւ ճանապարհամերձ տարածքներում ապրող մարդկանց համար, մասնավորապես, ավելորդ աղմուկ չստեղծեն, փոշի չբարձրացնեն եւ բանեցրած գազեր չարտանետեն, եթե դրանից հնարավոր է խուսափել:

Իսկ ահա 28-րդ հոդվածում նշված է, որ ձայնային եւ լուսային ազդանշանային սարքերը կարող են կիրառվել միայն ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու նպատակով ժամանակին նախազգուշացնելու համար, բնակավայրերից դուրս, երբ այլ փոխադրամիջոցի վարորդին պետք է նախազգուշացնել վազանցելու մտադրության մասին: Ձայնային ազդանշանները չպետք է լինեն ավելի երկարատեւ, քան դա անհրաժեշտ է: Բացի այս, մութն ընկնելուց հետո` մինչեւ լուսաբաց, ձայնային ազդանշանների փոխարեն ավտոմեքենաների վարորդները կարող են տալ Կոնվենցիայով նախատեսված լուսային ազդանշանները: Նաեւ ազդանշման սարքի արձակած ձայնը պետք է լինի տեւական, միատոն եւ ոչ ականջ ծակող:
Հուսանք` առաջիկայում այս հարցը ի վերջո կստանա այնպիսի լուծում, որից գոհ կլինեն ե՛ւ բնակիչները, ե՛ւ բայքերները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս