«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության ներսում չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ, հակառակ իրենց որոշման, պատգամավորներից գեներալ Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեց: Ըստ օդում կախված լուրերի` ՀՀԿ-ում այս հարցը քննարկվել է, եւ որոշվել է Ցոլակյանից ետ պահանջել ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական ծախսերը հոգալու համար տրված 200 հազար դոլար գումարը: Օդում կախված լուրերի համաձայն` Ցոլակյանը հրաժարվել է այն վերադարձնել` ասելով, որ ինքն այդպես ձայներ է բերել ՀՀԿ-ին, ընդ որում՝ խոսքը բավական լուրջ ձայների մասին ՝ 11.7 հազար քվե: Ի վերջո, պայմանավորվածություն է եղել, որ նա վերադարձնելու է գումարի կեսը: Ցոլակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այս լուրերը՝ ասելով. «Երբեւիցե նման խոսակցություն չի եղել: Աբսուրդ բաների մասին եք խոսում»: Նկատենք, որ ՀՀԿ-ից նման դրսեւորումները սպասելի են: Ի վերջո, այս կուսակցությունը վերջին քսան տարիների ընթացքում շարժվել է հենց իր սեփական օրենքներով` թաղվելով քաղաքական կոռուպցիայի մեջ:
1992-1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, որ օրերս այցելել էր Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախը պետք է վերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային սեղան: «Ռուսաստանն ի սկզբանե՝ սկսած կոնֆլիկտի ծագման սկզբից, հանդես էր գալիս որպես հանդիպումների ստանդարտ ձեւաչափի կողմնակից, այսինքն՝ եռակողմ՝ Հայաստան, ԼՂ եւ Ադրբեջան: Այդ պատճառով էլ ՌԴ-ն իր միջնորդական առաքելությունն իրականացնելու հենց սկզբից եռակողմ ֆորմատի կողմնակիցն էր, իսկ արեւմտյան երկրներն ավելի շատ կողմ էին երկկողմ բանակցություններին: Այնպես որ բանակցությունները մինչ այն պահը, երբ անցկացվում էին ՌԴ-ի միջնորդությամբ, եռակողմ են եղել: Եվ իսկապես այդպես ավելի ճիշտ է»,- ասել է նա: Կազիմիրովը նաեւ ընդգծել է, որ Արցախը չի կարող դառնալ բանակցությունների օբյեկտ, այլ այն սուբյեկտ է, քանի որ հենց նրա ճակատագիրն է որոշվում:
Պարզվում է՝ ՀՀ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվն անցնում է հազարից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23: Ու սա այն բանից հետո, երբ նախկին երկու վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, հայտարարեցին ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թ. պետական իշխանության մարմիններին տրված է 902 ծառայողական ավտոմեքենա, ընդ որում` այստեղ հաշվարկված չեն Ոստիկանությանն ու ԱԱԾ -ին տրամադրած ավտոմեքենաները: Ամենաշատ ավտոմեքենա ունեցող գերատեսչությունը ՀՀ դատախազությունն է՝ 92 ավտոմեքենա, եւ այդ ցուցանիշով առաջ է անցել անգամ կառավարությունից, որն ունի 90 ավտոմեքենա: ԱԺ մեքենաների թիվը 81 է, ՀՀ Քննչական կոմիտեինը՝ 79: Մեծ թվով կրճատումներ են եղել նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների պարագայում. եթե 2017 թվականին դրանց թիվը 67 էր, ապա 2018 թվականին դարձել է 20: Իսկապես ճոխ ենք ապրում:
Խորհրդարանում դեռեւս մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը (որին, հիշեցնենք, ԲԴԽ կազմում առաջադրել էր ՀՀԿ-ն) փորձում են վերահսկողության տակ պահել հատկապես վարչական դատարանները: Ավելին` այդ դատարանի, դատավորների ցուցակները Հարությունյանը մտադիր է ինքը կազմել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նման մոտեցման պատճառն այն է, որ վարչական դատարանները քննարկում են ընտրական գործընթացներին վերաբերող հարցերը: Ու քանի որ ՀՀ-ում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ի կողմից ԲԴԽ միջոցով փորձ է կատարվում պահպանել վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ: Ի վերջո, այս դատարանը կարող է, օրինակ, որեւէ գրանցում անվավեր ճանաչել` այդպես կանաչ լույս վառելով ՀՀԿ-ականների առաջ: Իսկ պարտվող կողմը զրկված է դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն:
ԱՐՏԱՀԵՐԹԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Հայաստանում ստեղծված ներքաղաքական աննորմալ իրավիճակն արձանագրել է նաեւ միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը` ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ թեեւ թավշյա հեղափոխության արդյունքում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, բայց իշխող ՀՀԿ-ն դեռեւս պահպանում է խորհրդարանական մեծամասնությունը: Fitch-ը երեկ հրապարակած զեկույցում կարծիք է հայտնել, որ ներքին քաղաքական անկայունությունն ամբողջությամբ հաղթահարված չէ, քանի որ նոր վարչակազմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնելու: Բացի այդ, ըստ նրանց, «Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն շարունակում է մեծամասնություն լինել խոհրդարանում, եւ դեռեւս պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը, լինելով քաղաքական «աութսայդեր», կկարողանա ստեղծել եւ պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով ժողովրդի աջակցությունը կոռուպցիայի կրճատման եւ սոցիալական արդարության հաստատման ուղու վրա: Նորընտիր վարչապետը նոր կառավարության դիրքերն ուժեղացնելու համար նշել էր, որ 2018թ. անցկացնելու է խորհրդարանական նոր ընտրություններ, բայց այս նախաձեռնութունը պահանջում է խորհրդարանի 3/5 մասի հաստատումը»,- նշված է այնտեղ:
Փաստորեն, պետք է արձանագրենք մեկ պարզ իրողություն. այսօր անգամ միջազգային վերլուծական կենտրոններն են խոսում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին` շեշտելով քաղաքական դաշտում առաջացած նոնսենսը: Իսկ սա նշանակում է, որ խնդիրն իսկապես կարեւոր է. արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար կարելի է ասել օրհասական է: Ու որքան էլ ՀՀԿ-ականները փորձեն հայտարարել, թե չեն խոչընդոտելու նոր կառավարության գործունեությանը, որքան էլ հավաստիացնեն, թե օրենսդիրում խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժի չի ենթարկելու գործադիրին, միենույն է, դժվար է հավատալ: Չկա որեւէ երաշխիք, որ ՀՀԿ-ն չի խաբի հասարակությանն ու կառավարությանը: Ի վերջո, ՀՀԿ-ն 20 տարի շարունակ եղել է իշխանության ղեկին եւ հեշտությամբ չի հեռանում իշխանությունից, ընդհակառակը, նրանց մեջ գնալով խորանում է ռեվանշի ձգտումը, հատկապես, երբ տեսնում են, թե հասարակությունն ինչպես է ընդունում նոր կառավարությանը եւ շարունակում մերժել իրենց: Եւ այս իրավիճակում ՀՀԿ-ն մեկ օր առաջ փորձում է իր հակահեղափոխությունն անել՝ կրկին ամբողջությամբ իր ձեռքը վերցնելով իշխանությունը, կրկին հաստատելով մենաշնորհ: Ու եթե նոր կառավարությունը չի ցանկանում տապալվել, ապա օր առաջ պետք է ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացվեն: