ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Հայաստանում էր գտնվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, 1992-1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը: Հայաստանում գտնվելու օրերին նա հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրանք քննարկել էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: Ի դեպ` նա հանդիպել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին, սակայն վերջինիս գրասենյակն այդ մասին հաղորդագրություն չէր տարածել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ:
-Պարո՛ն Կազիմիրով, պաշտոնական հաղորդագրության համաձայն` Դուք Հայաստանում հանդիպել եք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Այո՛, հանդիպել եմ եւ ոչ միայն նրան, այլ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
-Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին չե՞ք հանդիպել:
– Ես հանդիպել եմ միայն այն մարդկանց, ում հետ ժամանակին աշխատել եմ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շուրջ: Սերժ Սարգսյանի հետ մենք չենք հանդիպել, իսկ Նիկոլ Փաշինյանին անձնապես չեմ ճանաչում: Հայաստանում գտնվելու օրերին միայն հանդիպեցի Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ հետո վերադարձել եմ Մոսկվա: Ի վերջո, նրանց հետ մենք հին ծանոթներ ենք. Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցի շուրջ մինչ հրաժարականը ես աշխատել եմ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ հանդիպումները պետք չէ դիտարկել Հայաստանում տեղի ունեցած գործընթացների համատեքստում:
-Ամեն դեպքում, պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ առաջին նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հենց Ղարաբաղյան կարգավորման հարցին:
-Դրանք սիմվոլիկ հանդիպումներ են եղել եւ ոչ մի գործնական ծրագրեր կամ այլ քայլեր չեն ենթադրում: Հանդիպման ժամանակ, իհարկե, այդ թեմային անդրադարձ եղել է, վերհիշել ենք տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները:
-Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Ներկայիս փուլում որքանո՞վ եք դա հնարավոր համարում:
-Դուք գիտեք, որ այդպիսի մտքեր առաջին անգամ չեն հնչում Հայաստանի ղեկավարության կողմից: Ռուսաստանն ի սկզբանե՝ սկսած կոնֆլիկտի ծագման սկզբից, հանդես էր գալիս որպես հանդիպումների ստանդարտ ձեւաչափի կողմնակից, այսինքն՝ եռակողմ՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան: Այդ պատճառով էլ Ռուսաստանն իր միջնորդական առաքելությունն իրականացնելու հենց սկզբից եռակողմ ֆորմատի կողմնակիցն էր, իսկ արեւմտյան երկրներն ավելի շատ կողմ էին երկկողմ բանակցություններին: Այնպես որ բանակցությունները մինչ այն պահը, երբ անցկացվում էին ՌԴ-ի միջնորդությամբ, եռակողմ են եղել: Եվ իսկապես այդպես ավելի ճիշտ է: Այդ հարցերը պետք է կարգավորվեն բոլոր կողմերի համաձայնության պարագայում, այդ թվում՝ Մինսկի խմբի ներկայիս անդամների պարագայում: Այն ժամանակ հենց այդ խմբի անդամների սխալն է եղել եռակողմ ֆորմատի կասեցումը: Նրանք պարզապես ընտրեցին տարածաշրջան այցելելու դիվանագիտությունը: Իհարկե, դա եւս էֆեկտիվ միջոց է, քանի որ տարածաշրջան այցելելը շատ բան տեսնելու հնարավորություն է տվել, սակայն դա չի կարող փոխարինել եռակողմ ֆորմատին:
-Առհասարակ, իշխանափոխությունն ինչպե՞ս է անդրադառնում այսպիսի հակամարտությունների վրա: Այս առումով, ըստ Ձեզ, կարո՞ղ ենք փոփոխություններ ակնկալել:
-Դա, իհարկե, կախված է բոլոր երեք կողմերից: Մինսկի խմբի անդամները պետք է գտնեն այնպիսի տարբերակ, որը ընդունելի կլինի, գտնեն փոխզիջումային տարբերակներ, իսկ վերջում պետք է եզրահանգումներ եւ որոշումներ կատարեն անձամբ կոնֆլիկտի կողմերը: Եվ պետք է այդ հարցում ունենալ բոլոր երեք կողմերի համաձայնությունը: Ես վստահ եմ, որ երեք կողմերի համաձայնության դեպքում կարելի է վերադառնալ եռակողմ ֆորմատին, եւ համանախագահները դրան դեմ չեն լինի:
-Իսկ Նիկոլ Փաշինյանի տեսլականի շուրջ ինչպիսի՞ տեսակետ ունեք:
-Նիկոլ Փաշինյանը ընդունում եւ հասկանում է այս հարցում հենց Արցախի դերակատարման կարեւորությունը: Իհարկե, Լեռնային Ղարաբաղն այս կոնֆլիկտի սիրտն է, հենց գլխավոր հարցն էլ նրա ապագան է: Հենց Արցախի կարգավիճակի եւ ճակատագրի հարցն է կոնֆլիկտի գլխավոր կողմը: Եվ այդ պայմաններում ես կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող միայն կոնֆլիկտի օբյեկտ լինել, նա պետք է նաեւ բանակցությունների սուբյեկտ լինի, քանի որ ի վերջո հենց իր ճակատագիրն է որոշվում: Դա իմ անձնական մոտեցումն է:

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

Մինչ հնարավոր արտահերթ ընտրությունները «Ելք» դաշինքը մտադիր է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում եւ ընտրությունների գնալ 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:

-Տիկի՛ն Նազարյան, նշվում էր, թե հնարավոր արտահերթ ընտրությունները պետք է այլ Ընտրական օրենսգրքով անցկացնել: Ի՞նչ տարբերակ է քննարկվում:
-Իհարկե, խոսքը ընդհանուր ռեյտինգային համակարգի մասին է: Մենք դեռ չենք ամփոփել մեր առաջարկները: Ընդ որում` առաջարկներ են ներկայացրել նաեւ հասարակական կազմակերպությունները: Ես հիմա գիտեմ, որ առանձին քննարկումներ հիմա էլ են ընթանում, մենք բնականաբար կստանանք այդ առաջարկները, կքննարկենք նաեւ այլ խմբակցությունների հետ եւ կներկայացնենք փոփոխությունների մեր փաթեթը:
-Այսինքն, դուք միանշանակ տեսնում եք անցում 100 տոկոս համամասնակա՞ն համակարգի: Վարկանիշային համակարգի կարեւորությունը ներկայացվում էր այնպես, թե կոնկրետ մարզից ընտրվելու պարագայում այդ հատվածին ուշադրություն կդարձնեն պատգամավորները:
-Ես կողմ եմ համամասնականին, որ քաղաքացիները ընտրեն կուսակցությանը: Քաղաքական դաշտի կայացման համար կարեւոր է կուսակցությունների կայացումն ու զարգացումը: Կուսակցությունը, եթե ստանում է ձայների մեծամասնություն եւ ձեւավորում է կառավարություն, ապա այդ կառավարությունը պարտավոր է հոգալ յուրաքանչյուր գյուղում ապրող յուրաքանչյուր քաղաքացու մասին: Այնպես չէ, որ պետք է մի պատգամավոր լինի, որ մտածի կոնկրետ համայնքի մասին, ես դա այնքան էլ ճիշտ չեմ համարում:
-Առանց ԸՕ-ի փոփոխությունների անիմա՞ստ եք համարում արտահերթ ընտրությունների գնալը:
-Անիմաստ չեմ համարում ամեն դեպքում, քանի որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են եւ, կարծում եմ, հնարավորինս շուտ ՝ մինչեւ տարվա վերջ, տեղի կունենան:
-ՀՀԿ-ականները նշում են, թե չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Ըստ Ձեզ` ո՞րն է նրանց վերաբերմունքի փոփոխության պատճառը:
-Կարծում եմ` այդ ամենն արվում է ընդամենը ժամանակ շահելու համար: Նրանք ցանկանում են անփոփոխ թողնել այս իրավիճակը, բայց ամեն դեպքում հակադրություն առաջանալու է Ազգային ժողովում, քանի որ կառավարությունը, ավարտելով նշանակումները, պետք է իրականացնի ծրագրեր, որոնք գուցե ընդունելի չլինեն խորհրդարանի մեծամասնության համար, եւ շահերի բախում առաջանա: Այդ ամեն ինչն անտարբեր չի կարող թողնել: Ինձ թվում է` ճգնաժամ կառաջանա, կառավարությունը կցանկանա անել մի բան, օրենսդիրը միգուցե չհամաձայնի եւ այդպես շարունակ:
-Հունիսի 7-ին խորհրդարանում նախատեսված է կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագիր բերվելո՞ւ է:
-Կառավարության ծրագիրը կներկայացվի եւ կտեսնենք, թե ինչպես կքվեարկեն: Այն անպայման ներկայացվելու է, մենք պարտավոր ենք ծրագիր ներկայացնել: Հիմա նախարարություններում պատրաստում են ծրագիրը, մենք չենք կարծում, թե դատարկ թուղթ կլինի:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԽԻՍՏ ՀՐԱՀԱՆԳ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը կրթության եւ գիտության նախարար նշանակվելուց հետո առաջինը հրահանգ տվեց վերադարձնել «Վերջին զանգի» միջոցառումների համար նախատեսված գումարները՝ հայտարարելով, թե հետեւողական է լինելու, եւ դրամահավաքության ցանկացած դեպք հետեւանքներ է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա նշանակումն իսկական սառը ցնցուղ է եղել բազմաթիվ դպրոցների տնօրենների համար: Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել՝ ասելով, թե անգամ իրենց ծաղիկ էլ հարկավոր չէ: Ամենատարբեր առիթներով դրամահավաքության դեպքերն իսպառ չեն վերացել, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել, որ որոշ տեղերում դրանք դեռ կան: Նշենք, որ Արայիկ Հարությունյանը սկսել է հաճախ անակնկալ այցելել դպրոցներ: Հենց նման մի այցի ժամանակ էլ նա 189 դպրոցում հայտանաբերեց դրամահավաքության դեպք: Ու որքան էլ երեկ փորձ էր արվում արդարանալու, դպրոցի ղեկավարության եւ ծնողների կողմից կատարվածն այլ կերպ ներկայացնելու, միեւնույն է, նախարարը բացահայտեց այն, ինչի մասին խոսվել է, բայց որեւէ պաշտոնյա չի հանդգնել իսկապես կանխել:

 

 

ՊՆ ՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության պետ Ռոբերտ Նադիրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով: Նադիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Նկատենք, որ դեպարտամենտի աշատակիցների նկատմամբ քրեական հետապնդումները սկսվեցին, երբ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը ազատվեց պաշտոնից, եւ հիմա տարբեր բացահայտումներ են լինում:

 

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ
Հայաստանում ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակում մեր հանրապետությունում գրանցվել է ամուսնության 3580 դեպք, մինչդեռ 2016 թ նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 3826: Ասել է, թե 2016թ. համեմատ ամուսնությունների դեպքերը 246-ով պակասել են: Բայց նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, հակառակը, դրանք ավելացել են 36-ով: Փոխարենը ամուսնալուծությունների թիվն է զգալի ավելացել: Օրինակ, այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնալուծության 1021 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49-ով ավել է, իսկ 2016 թվականի համեմատ` 170-ով:




Լրահոս