ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծառայողական ավտոմեքենաները կրճատելու անհրաժեշտության մասին բարձրաձայնվել է տարիներ շարունակ, սակայն ավտոպարկը կրճատելու ուղղությամբ քայլեր սկսեցին կատարել միայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից հետո. այս հարցում ակտիվ էր նաեւ Կարեն Կարապետյանը: Ընդ որում` պետական կառավարման մարմիններից եւ ենթակա հիմնարկներից առաջին փուլով կրճատվեց շուրջ 800 տրանսպորտային միջոց եւ, իհարկե, դրանց մեծ մասը հիմնականում հնամաշ ու շահագործումից դուրս եկած ավտոմեքենաներ էին:

Ամեն դեպքում, կարեւոր էր, որ վերջապես կառավարությունը որոշեց նախաձեռնել մի գործընթաց, որի մասին տարիներ շարունակ խոսվում էր։ Ընդ որում` Աբրահամյանի հանձնարարականով գործադիր իշխանության անդամներն իրենց պաշտոնական կայքերում տեղադրել էին տեղեկատվություն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների պարկի վերաբերյալ։ Եվ դա հնարավորություն տվեց պատկերացնել, թե ինչքան եւ ինչպիսի մեքենաներ են սպասարկում պետական գերատեսչությունների ղեկավարներին։
Նախօրեին էլ կառավարության նիստում ծառայողական ավտոմեքենաների կրճատման անհրաժեշտության մասին բարձրաձայնել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին հանձնարարել էր գույքագրել ծառայողական ավտոմեքենաները եւ նրանց ծախսը հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել: Արարատ Միրզոյանն էլ նշել էր, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում: «Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, բնականաբար, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից», – հայտարարեց Միրզոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց, թե որ գերատեսչությունը որքան ավտոմեքենա ունի եւ որքան է կազմել տարբերությունը 2018 թվականին 2017-ի համեմատ: Կառավարության աշխատակազմին կցված է 12 ծառայողական ավտոմեքենա։ Վարչապետին սպասարկում է 2011թ. արտադրության ԲՄՎ 750Li.xDrive մակնիշի ավտոմեքենա։ Կառավարության ղեկավարի անվտանգության ծառայությունն ունի երեք «Հունդայի Տուկսոն»` բոլորն էլ 2008թ. արտադրության։ Փոխվարչապետին սպասարկում է «Տոյոտա LS 200»։ Կառավարության աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաներ ունեն նաեւ աշխատակազմի ղեկավար-նախարարը, նրա տեղակալները, վարչապետի խորհրդականը, օգնականը եւ մամուլի քարտուղարը։ Պարկում կա եւս երկու պահեստային ավտոմեքենա։ Իսկ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, այսինքն՝ վարչության պետերին, սպասարկում է 14 ծառայողական ավտոմեքենա։ Կառավարության աշխատակազմի ենթակայության տակ կան սպասարկող ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, թեթեւ մարդատար այլ մեքենաներ։ Դրանց թիվը հասնում է 12-ի։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թվականի նախագծով պետական իշխանության մարմիններին տրված է 902 ծառայողական ավտոմեքենա: Սակայն այստեղ հաշվարկված չեն Ոստիկանությանն ու Ազգային անվտանգությանը տրամադրած ավտոմեքենաները: Ըստ այդմ` տեղեկացանք, որ ամենաշատ ավտոմեքենա ունեցող գերատեսչությունը ՀՀ դատախազությունն է՝ 92 ավտոմեքենա, եւ այդ ցուցանիշով առաջ է անցել անգամ կառավարությունից, որն ունի 90 ավտոմեքենա: Այս երկու գերատեսչություններին 81 ավտոմեքենայով զիջում է Ազգային ժողովը, որին էլ հաջորդում է ՀՀ Քննչական կոմիտեն՝ 79 ավտոմեքենայով: Մեծ թվով կրճատումներ են եղել նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների պարագայում. եթե 2017 թվականին դրանց թիվը 67 էր, ապա 2018 թվականին դարձել է 20: Մնացած բոլոր գերատեսչությունների դեպքում գրեթե փոփոխություններ չեն եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, թե որ գերատեսչությանը 2018 թվականին որքան ավտոմեքենա է հատկացված.
Ազգային ժողով՝ 81 ավտոմեքենա,
Նախագահի աշխատակազմ՝ 20,
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ 1,
Կառավարության աշխատակազմ՝ 90,
ՀՀ վերահսկիչ պալատ՝ 16,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ 4,
Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 4,
Արտաքին գործերի նախարարություն՝ 17,
ԱԳՆ-ի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն՝ 4,
Արդարադատության նախարարություն՝ 22,
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ 13,
Սահմանադրական դատարան՝ 18,
Քննչական կոմիտե՝ 79,
Հատուկ Քննչական ծառայություն՝ 4,
Դատախազություն՝ 92,
Արագածոտնի մարզպետարան՝ 8,
Արարատի մարզպետարան՝ 8,
Արմավիրի մարզպետարան՝ 8
Գեղարքունիքի մարզպետարան՝ 8,
Լոռու մարզպետարան՝ 9,
Կոտայքի մարզպետարան՝ 8,
Շիրակի մարզպետարան՝ 9,
Սյունիքի մարզպետարան՝ 7,
Վայոց ձորի մարզպետարան՝ 8,
Տավուշի մարզպետարան՝ 8,
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ 4,
Ազգային վիճակագրական ծառայություն՝ 15,
Հանրային հեռուստաընկերության խորհուրդ՝ 3,
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ 12,
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ 3,
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 20,
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ 8,
Քաղաքաշինության պետական կոմիտե՝ 10:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայում առկա է ընամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23, դե իսկ Հայաստանում` 1000-ից ավելի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Խորհրդարանը շարունակում է քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով ներկայացված նախագծերը մերժելու ավանդույթը: Այս անգամ էլ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի երեկ կայացած նիստում երկու հարցի քննարկում հետաձգվեց երկուսից երեք ամսով, եւ միայն մեկ հարց մտավ մայիսի 22-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ: Մինչ այդ, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում, երկու նախագիծ հետաձգվել էր առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձաժողովի քննարկումից: Եվ որպես պատճառաբանություն` կրկին բերվում է քաղաքական իրավիճակի փոփոխությունն ու կառավարության ապագա ծրագրին սպասելու հանգամանքը: Մասնավորապես, երեկ հետաձգվեց «ՀՀ կառավարության եւ ՄԱԿ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, ինչպես նաեւ օրենսդրական փաթեթ, որը ներառում էր փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ՇՈՒՐՋ
Կաշաք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի շուրջ դատական պրոցեսները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` մայիսի 17-ին Բարսեղյանի դեմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Ռաֆիկ Գեւորգյանը՝ պահանջելով գումար: Ի դեպ` ուշագրավն այն է, որ այս գործով դատարանում բացի կալանքի տակ գտնվող դատավորից, որպես պատասխանող, հանդես է գալիս ՀՀ կառավարությունը: Հավելենք, որ 2016 թվականին Ռաֆիկ Գեւորգյանը դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Իշխան Բարսեղյանից պահանջել էր 1 միլիոն 220 հազար դրամ, իսկ գործը նախագահող դատավոր Սերոբ Մանուկյանն էլ բավարարել էր հայցը:

 

 

ԵԹԵ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԻՆ
Երեկ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել էր ՀՀ լեզվի պետական տեսչության գործունեությանը` շեշտելով, որ այս հիմնարկը 5 տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 մլն դրամ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչության պետ Սերգո Երիցյանին, որը 2003-2006թթ եղել է ՀՀ ԿԳ նախարարը: Երիցյանն ասաց, թե համաձայն չէ նախարարի հնչեցրած կարծիքի հետ, շեշտեց, որ տարեկան իրականացրել են վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ վարույթներ, կանխարգելիչ միջոցառումներ Երեւանում եւ մարզերում: «Ավելին` տեսչությունը պատասխանել է քաղաքացիների հարցումներին: Տեսչությունն իրապես կարող էր «100 տոկոսին ձգտող» արդյունք արձանագրել, եթե նրա գործունեությունը վերջին տարիներին չարգելափակվեր ՀՀ Կառավարության` ստուգումները կասեցնելու վերաբերյալ երկու որոշումներով»,- ընդգծել է նա:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: «ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությանն ու հնարավոր օժանդակությանը: Մենք լի ենք էներգիայով հասնելու մեր նպատակներին եւ կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաեւ այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում», – ասել է Նիկոլ Փաշինյանը: «Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրը: Մենք երկխոսության եւ համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձեւաչափում»,-ասել է դեսպան Միլսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող եւ մի շարք այլ թեմաներ:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե եւ աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին: «ՊԵԿ-ը եւ հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք այդ համակարգերի բարեփոխումների մասին, բայց եւ արձանագրում, որ դրանք բավարար չեն, ու անհրաժեշտ է բարեփոխումները նոր թափով շարունակել»,-նշել է վարչապետը: Նրա կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը եւ տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը»,-ասել է նա:

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Սամվել Մարգարյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արմեն Բաբայանի` պատգամավորի լիազորությունները»,-նշված է գրության մեջ:




Լրահոս