Մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ոսկու հանքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք փակել էին դեպի հանք բարձրացող ճանապարհը, ինչպես նաեւ հանքի ադմինիստրատիվ շենքի մուտքը: Երեկ նույնպես ցույցերը շարունակվեցին, սակայն մինչեւ կեսօր: Տեղի ոստիկանությունը, որը մինչեւ այդ քայլեր չէր ձեռնարկում միջամտելու ապօրինի ցույցի անցկացմանը, կոչ էր արել ցուցարարներին լքել տարածքը: Նրանցից չորսին էլ տարել էին ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղում պարզեց, որ ցուցարարներն իրականում հանքի աշխատակիցները չեն եղել, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր: Ցուցարարները ոչ ավել, ոչ պակաս հանքի ոսկին թալանողների խումբն է եղել: Նրանք պարբերաբար ներխուժում են հանքի տարածք` թալանելով հանքաքարը, որը հետագայում մշակում են տնային պայմաններում, վաճառում եւ արդյունքում ապօրինի մեծ եկամուտներ ստանում: Եվ հատկանշական է, որ, օգտվելով ներկայում երկրում ստեղծված իրավիճակից, տվյալ ցուցարարները ներկայացել են որպես քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ, ովքեր պայքարում են իրենց «իրավունքների» համար:
Ակցիայի ընթացքում նրանք պահանջել են Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, ինչպես նաեւ դժգոհել այն հանգամանքից, որ իրենց հանքում աշխատանքի չեն ընդունում: Մինչդեռ հանքավայրի տնօրինությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ անձանց մի մասին առաջարկվել է աշխատել իրենց մոտ, սակայն նրանք հրաժարվել են` պատճառաբանելով, թե աշխատավարձը ցածր է: Շեշտենք, որ հանքում աշխատակիցներին տրվող աշխատավարձը միջինում կազմում է 300.000 դրամ: Իսկ ցուցարարների մի մասը նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք են, որոնց հանքի ղեկավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել աշխատանքի:
Ցուցարարների ներկայությունը տարածքում այն աստիճանի է խոչընդոտել աշխատանքները, որ ամբողջ հանքի գործունեությունը մեկ ու կես օր գրեթե կաթվածահար է եղել: Սակայն երեկ կեսօրից հետո աշխատանքը լիովին վերականգնվել է: «Մենք այդ ցուցարարների հետ ոչ մի կապ չունենք: Իրենք եկել, մեքենաներով փակել էին ճանապարհը, չէին թողնում, որ մենք աշխատենք: Մեզ էլ ասում էին` եկեք, միացեք մեզ: Բայց մենք այս աշխատանքով ընտանիք ենք պահում, կարողանում ենք մեր վարկերը վճարել: Մարդիկ էլ կան, որ բոլոր պարտքերը փակել են այստեղ աշխատելու շնորհիվ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին հանքի աշխատակիցները: Նրանք շեշտեցին, որ խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, բայց ոչ այն ձեւով, որ խախտվի մի ամբողջ հանքի բնականոն աշխատանքը: Մյուս կողմից այնպես չէ, որ տվյալ անձինք օրենքի դաշտում են գործում: «Նրանք անօրինական ձեւով հանքաքար են հանում այստեղից ու այնքան գումար են դրանից ստանում, որ պարզ է` էլ չեն ցանկանա աշխատել այստեղ: Դրա համար իրենց այն պահանջը, որ ուզում են` հանքի ղեկավարությունն իրենց աշխատանքի ընդունի, կեղծ է»,-շեշտեցին աշխատակիցները:
Իսկ հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից նշեցին, որ Վարդենիսում եւ հարակից գյուղերում բնակվող անձանց վերոնշյալ անօրինական գործողությունները կհանգեցնեն նրան, որ արտադրությունն ամբողջությամբ կկանգնի: Այդ դեպքում չի աշխատի նաեւ Արարատի ոսկու վերամշակման գործարանը` մասնակիորեն կաթվածահար անելով նաեւ Հարավ-կովկասյան երկաթուղու աշխատանքը: Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է եւ մշտապես երկրի 100 խոշոր հարկ վճարողների ցանկում է: 2017 թվականին, օրինակ, ընկերությունը 23 մլն դոլար հարկ է վճարել, իսկ այս տարվա համար ծրագրում է նշանակալի ավելացնել հարկային վճարը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԲԴԽ մայիսի 3-ի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուները Հանրապետության նախագահին նշանակման ներկայացնելու համար չեն ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:
Նման քվեարկություն կազմակերպելու համար ԲԴԽ-ն հիմք է ընդունել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է, որ նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու դեպքերում ԲԴԽ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Սակայն, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում բացակայում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համապատասխան առաջարկություն ստացած եւ համաձայնություն տված թեկնածուին նշանակման համար ՀՀ նախագահին չներկայացնելու մասին որեւէ դրույթ: Ավելին՝ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածի 1-ին մասը իմպերատիվ կերպով սահմանում է, որ թեկնածուի համաձայնության դեպքում ԲԴԽ-ն նրա թեկնածությունն առաջարկում է ՀՀ նախագահին: Այսինքն՝ նշանակման համար նախագահին առաջարկ ներկայացնելու միակ նախապայման է հանդիսանում թեկնածուի համաձայնությունը: Մինչդեռ տվյալ դեպքում ԲԴԽ-ն խորհուրդը կամայականորեն եւ օրենքի խախտմամբ նախագահին չի առաջարկում ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համաձայնություն տված թեկնածուներին նշանակել դատավոր: Խոսքը երկու թեկնածուների՝ Ռուզաննա Ազրոյանի ու Դանիել Դանիելյանի մասին է, որոնց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը չի ցանկանում ներկայացնել նշանակման: Ավելին` դատավորների ցուցակները Հարությունյանը մտադիր է` ինքը կազմի, որպեսզի լիակատար վերահսկողության տակ պահի նոր նշանակվելիք դատավորներին: Սա, թերեւս, պատահական չէ. ԲԴԽ անդամներն ԱԺ-ում ընտրվել են ՀՀԿ խմբակցության ներկայացմամբ, իսկ դատավոր անդամների ցուցակը կազմվել է նույն կուսակցության նախագահի կողմից: Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձում է վերահսկողություն պահպանել այս հարցում: Մանավանդ վարչական դատարանի դեպքում, քանի որ սա այն մարմինն է, որը քննարկում է ընտրական գործընթացներին վերաբերվող հարցերը: Օրինակ, դատարանը կարող է այս կամ այն թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչել, իսկ այդ դատական ակտը բողոքարկման ենթակա չէ, վերջնական է: Դիցուք, մի իրավիճակ վերցնենք, երբ ՀՀԿ-ական թեկնածուն իր մրցակցի գրանցման հարցը վիճարկում է դատարանում, իսկ դատարանը բավարարում է հայցը, ապա պարտվող կողմը զրկված է դատական այդ ակտը վերադաս դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Այսկերպ Գագիկ Հարությունյանը ցանկանում է վարչական դատարանում չվերահսկվող դատավոր չունենա հետագա անհարմարություներից խուսափելու համար:
Ա. Գ.
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿԻՑ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ
Օրեր առաջ սննդային թունավորումով հոսպիտալացված 88 հիվանդից ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` նրանց վիճակը թեթեւ եւ միջին ծանրության է: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին սննդային թունավորման կասկածանքով «Արմավիր» բժշկական կենտրոն էին դիմել Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներից մի քանիսը պատմեցին, որ սննդային թունավորման մի քանի վարկած է շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն` թունավորման պատճառը հիգիենայի անբավարար պայմաններն են եղել: Իսկ մեկ այլ վարկածով` աշխատողները հավի մսով կարկանդակ ուտելուց հետո են իրենց վատ զգացել: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՆ-ից տեղեկացավ, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Նշենք, որ այն մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի եւ ջրի միջոցով: Ի դեպ` տեղեկացնենք, որ սննդի, շրջակա միջավայրի, լվացուկների եւ ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Սառնարանում եղած խոհարարական արտադրանքի, ջրի եւ կեռասի նմուշառումները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:
«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության աշխատակիցներից տեղեկացավ, որ իրենք այդ օրը կերել են ոչ միայն հավի կրծաքմսով կարկանդակ, այլեւ պանրով: Իսկ ահա ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները պարզել են, որ ընկերությանը հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով եւ կանաչիով սենդվիչներ մատակարարել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանը: Ըստ ՍԱՊԾ-ի` նա մատակարարել է 247 հատ սենդվիչ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ամենի արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ա. Մելքոնյանի գործունեությունը: Ի դեպ` ՍԱՊԾ-ն սկսել է վերահսկողություն իրականացնել նաեւ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարող «Ալկա ֆուդ» ընկերությունում: Եւ չի բացառվում, որ սալմոնելոզի հարուցիչներով հավի կրծքամիս Մելքոնյանին մատակարարել է հենց այս ընկերությունը: Ի դեպ` «Ալկա ֆուդ» ընկերությունը ստեղծվել է դեռեւս 2010 թվականին, իսկ հիմնադիրն է Արթուր Պետրոսյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ