ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները հայտարարել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառավարման, մենաշնորհների դեմ պայքարի, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման մասին: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շտապել էր հավելել, թե այդ ամենին զուգահեռ Հայաստանում վենդետա եւ վրեժխնդրության փորձեր չեն լինի:
Բայց դա չի նշանակում, որ պետք է ներվեն այն բոլոր պաշտոնյաները, որոնք իրենց գործունեության ընթացքում ուղղակի թալանել են բյուջեն, նաեւ նրանցից որոշների գործողությունների արդյունքում աղաղակող չարաշահումներ են անգամ բացահայտվել:
Արձանագրենք, սովորաբար Հայաստանում նման չարաշահումները բացահայտելու իրավասություն մեծ հաշվով ունի ՀՀ վերահսկիչ պալատը, նախկին նախագահի վերահսկողական ծառայությունը, (որը վերածվելու է վարչապետի ենթակայության տակ գործող առանձին կառույցի՝ Պետական վերահսկողական ծառայություն) եւ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը /ԿՌՈՒ-ն/:
Հայտնի է, որ նախկին նախագահի կամ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունների զեկույցները սովորաբար նրանց աշխատասենյակներից դուրս չեն գալիս: Այսինքն` նշված կառույցների հրապարակած ուսումնասիրությունները այդքան էլ թափանցիկ չեն, ավելին` չեն հանրայնացվում: Բայց ՀՀ վերահսկիչ պալատի դեպքում պատկերը փոքր-ինչ այլ է: Այս կառույցը պարտավոր է, օրենքի համաձայն, հրապարակել հաշվետվությունները, ներկայացնել դրանք ԱԺ-ում:
Միայն ՎՊ-ի կողմից հրապարակած պետական մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետություններից պարզ է դառնում, որ սարսափելի չարաշահումներ են բացահայտվել: Նույն ՎՊ հաշվետվություններից գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում որակի սերտիֆիկատ է տրվել թռչնամիս ներմուծող ընկերությունների, բայց լաբորատոր փորձաքննությունից պարզ է դարձել, որ թռչնամիսն իր մեջ պարունակում է առողջության համար վտանգավոր մանրէներ: Եւ չնայած սրան` ՍԱՊԾ-ն թույլ է տվել, որպեսզի այն իրացվի շուկայում: ՍԱՊԾ-ի վերաբերյալ բացահայտվել են նաեւ ահռելի ֆինանսական չարաշահումներ, որոնց համար բնականաբար ոչ ոք դեռ պատասխանատվություն չի կրել: Փոխարենը Իշխան Կարապետյանը դեռ շարունակում է մնալ ՍԱՊԾ պետի պաշտոնում: Հիմա նոր կառավարությունը, գյուղատնտեսության նորանշանակ նախարար Աշոտ Խաչատրյանը պետք է լուծի Ի.Կարապետյանին օր առաջ պաշտոնանկ անելու խնդիրը, այլապես, ներելով կատարվածը, նոր կառավարությունը պատասխանատվություն է վերցնում իր չարածի համար:
Բացի այս, ՎՊ ստուգումներով չարաշահումներ բացահայտվել են նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում: Ավելին` հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Բայց չնայած այդ չարաշահումներին` ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը շարունակում է պաշտոնավարել: Ու հիմա այս դեպքում էլ կառավարությունը` մասնավորապես բնապահպանության նախարարությունը, պետք է օր առաջ քաղաքական գնահատական տան Գուլանյանի ղեկավարած կառույցում հայտնաբերվածին: Հակառակը` կնշանակի համաձայնել ամենաթողությանը:
Այսպես, օրակարգային է դարձել նման պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը: Ի դեպ` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը եւս շարունակում է պաշտոնավարել: Նշված անձի ղեկավարած ոլորտում եւս ՎՊ չարաշահումներ էր բացահայտել:
Իսկ նրանք, ովքեր արդեն ազատվել են պաշտոններից, այս ամենը ազդակ է, որպեսզի շատ արագ քրեական գործեր հարուցվեն առնվազն այդ գումարները հետ բերելու պահանջով: Այլ ոչ թե պաշտոնյաները հանգիստ վայելեն իրենց իշխանավարման շրջանակներում «վաստակած» գումարները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼԻԱՀՈՒՅՍ Է
Հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Տարոն (Դարոն) Աճեմօղլուն լիահույս է Հայաստանի ապագայի հարցում, սակայն ընդունում է՝ հեշտ չի լինելու: Տնտեսագետը կարծիք է հայտնել, թե երկրի տնտեսությունը մեծապես տուժել է կոռուպցիայի վրա հիմնված քաղաքական համակարգից: «Հայաստանի հասարակության մեջ եւ արտասահմանում մեծ հույս կա, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է հասարակական փոխակերպում, որը ճանապարհ կհարթի առավել մրցունակ եւ դինամիկ տնտեսության համար»,-ընդգծել է Աճեմօղլուն: Տնտեսագետը պատմել է նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն զանգել ու հարցրել է, թե արդյոք ցանկանում է օգնել: «Ասացի չգիտեմ, թե ինչպես եւ որքանով կարող եմ օգնել` որպես երկրից դուրս գտնվող մեկը, բայց ուրախ կլինեմ ջանքեր ներդնել այդ գործում»,-ասել է նա:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը երեկ տեսակետ է հայտնել. որ Հայաստանի տնտեսական վիճակը Աճեմօղլու մտքերի իրականությունն էր, որոնք մինչ այդ հայտնել էր հայտնի տնտեսագետը: Ըստ պարոն Խաչատրյանի` Աճեմօղլուն ասում էր, որ աղքատությունը, եկամուտների անհավասարությունը պայմանավորված է տնտեսության ու քաղաքականության շփման գծով. ձախողումը պայմանավորված է տնտեսական եւ քաղաքական ինստիտուտների որակով:
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ` Մոսկվան երբեք չի միջամտել եւ չի պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին: «Եվրամիությունը Ռուսաստանի կարեւոր հարեւան եւ առեւտրատնտեսական գործընկեր է: Իհարկե, մենք հետեւում ենք եվրոպական ինտեգրացիայի ապագայի մասին ԵՄ-ում եւ ԵՄ անդամ երկրներում ընթացող քննարկումներին: Միեւնույն ժամանակ, մենք երբեք չենք միջամտել եւ չենք պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին»,- ասել է Լավրովը:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ թունավորման պատճառը պարզելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի բկ-ից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն: