«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:
-Պարո՛ն Արամյան, ինչո՞վ եք պատրաստվում այժմ զբաղվել, երբ այլեւս նախարարի պաշտոնում չեք:
-Ամենայն հավանականությամբ խորհրդատվությամբ կզբաղվեմ: Իհարկե, ես ունեմ որոշակի առաջարկներ, միջազգային կառույցների հետ բանակցությունների մեջ եմ, մտածում եմ այդ ուղղությամբ: Եվ, բնականաբար, ես խոստացել եմ եւ զուգահեռաբար կփորձեմ օգտակար լինել երկրին, եթե իհարկե, իմ խորհրդի կարիքը լինի:
-Իսկ Ֆինանսների նոր նախարարն, ըստ Ձեզ, ինչպե՞ս կաշխատի:
-Ես Ատոմ Ջանջուղազյանին ճանաչում եմ վաղուց: Քաղաքական սպեկուլյացիաներից պետք է դուրս լինել, եւ հնարավորին չափ արհեստավարժ մարդիկ պետք է այնտեղ աշխատեն, որովհետեւ կարեւոր է: Եթե մի ոլորտում խնդիրներ կլինեն, Աստված մի արասցէ, կլինի ֆինանսական: Այնպես չի, որ ամբողջ աշխարհի տնտեսությունը խնդրի առջեւ է, բայց ֆինանսական կարգապահության բացակայությունը արդեն մեծացնում է հավանականությունը, որ տնտեսությունը խնդիրներ կունենա:
-Դուք ինքներդ ինչո՞ւ հրաժարական տվեցիք: Ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց, որ այդպես վարվեք:
-Դա իմ սեփական որոշումն էր: Որեւէ մեկն ինձ որեւէ բան չի ասել: Մարդիկ պետք է ընկալեն, որ մարդը, երբ ապրում է, պետք է ունենա որոշակի սկզբունքներ, որոնց լինի հավատարիմ: Եվ այդ սկզբունքների մասին ես խոսել եմ: Կարծում եմ` ես ճիշտ որոշում եմ կայացրել ամեն դեպքում:
-Իսկ ինչո՞ւ ավելի վաղ այդ որոշումը չկայացրիք, այլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող նիստից մեկ օր առաջ:
-Շատ պարզ է պատճառը. եւս մեկ անգամ ուզում եմ հնչեցնել, որ ֆինանսական համակարգն այնպիսին է, որ պետք է դու մշտապես լինես ղեկանիվի մոտ: Եվ քանի դեռ նոր մարդ չի եկել, որպեսզի վերցնի այդ ղեկանիվը, դու բարոյական իրավունք չունես ղեկանիվը լքելու: Եվ մինչեւ վերջին րոպեն, քանի դեռ նոր մարդ չէր նշանակվել, ես եղել եմ այդ ղեկանիվի մոտ կանգնած: Ես նույն ջանասիրությամբ, պատասխանատվությամբ շարունակել եմ իմ աշխատանքը` բանակցելով մեր գործընկերների հետ: Դա նման է մի իրավիճակի, երբ նավը հայտնվել է փոթորկոտ ծովում, նավապետն իր ամբողջ անձնակազմով պետք է չտրվի էմոցիաներին եւ պետք է գիտակցի, որ բացի իրենից եւ անձնակազմից նավի մեջ կան այլ մարդիկ: Նա չի կարող ուղղակի ասի` ես թողեցի ու գնացի: Իմիջիայլոց, միջազգային կառույցները շատ դրական են գնահատել այն, որ մենք կարողացանք ֆինանսական կայունություն ապահովել տուրբուլենտության ժամանակահատվածում, որպեսզի որեւէ ցնցում չլինի:
-Խոսեցիք նաեւ սկզբունքներից, այսինքն` եթե աշխատեիք Փաշինյանի թիմում, կստացվեր, որ դավաճանո՞ւմ եք Ձեր սկզբունքներին:
-Ոչ թե սկզբունքներն եմ դավաճանում, այլ ինչպե՞ս եք պատկերացնում. ես, լինելով ՀՀԿ անդամ, միեւնույն ժամանակ անցնում եմ այդ թիմում աշխատելու: Տարբեր որակումներ էին լինելու այդ պարագայում: Մարդիկ ասելու էին` ահա՛, տեսե՛ք` պաշտոնի համար նա մնաց: Տարբեր տեսակի բաներ կարող է լինեին: Ես առաջին հերթին իմ երկրի քաղաքացի եմ եւ ազնվությամբ եմ ասում` ցանկանում եմ, որ երբ իմ տղայի ձեռքը բռնեմ եւ դուրս գամ փողոց, այնպես չլինի, որ որեւէ մեկի մոտ կասկած լինի, որ ինչ-որ քաղաքական հարցերի մեջ կարող եմ ինչ-որ բան փոխել, մեկ դառնամ այսպիսին, մեկ` այնպիսին, մեկ էլ` երրորդ տեսակի մարդ: Դա երեւի թե իմը չէ: Խնդրում եմ, թող ինձ ներեն բոլոր այն անձինք, ովքեր իմ որոշումն այլ կերպ մեկնաբանեցին, բայց կարծում եմ` դա ճիշտ որոշում էր:
-Ընդհանուր առմամբ, Փաշինյանի կառավարության հետ հույսեր կապո՞ւմ եք:
-Ես մշտապես լավատես մարդ եմ: Եվ մեծ ցանկություն ունեմ, ամենայն անկեղծությամբ, որ անկախ նրանից` ում կառավարությունը կլինի, հաջողենք: Մենք խոսք ունենք ամբողջ աշխարհին ասելու, եւ լավ կլիներ, որ այդ խոսքը շատ բարձր հնչի ամբողջ աշխարհում:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք օգնել նախարարությանը:
-Իհարկե: Եվ ուզում եմ հնչեցնել, որ ես խնդրել եմ միջազգային ֆինանսական կառույցների բոլոր իմ գործընկերներին, որպեսզի երբեք տեմպը չգցեն: Ինչ կապ ունի` Վարդան Արամյանն է, թե ով է: Մենք ծրագիր ունենք: Ֆինանսների նախարարությունն ունի բավական լայն բարեփոխումների օրակարգ, եւ ես վստահ եմ, որ իրենք իրականացնելու են: Ատոմ Ջանջուղազյանն այնտեղ եղած թիմով, որոնք բարձր պրոֆեսիոնալներ են, իրականացնելու են դա:
ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽՎԵ՞Լ ԵՆ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն, ինչպես հայտնի է, ժամանակին «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից մեկն էր եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ամենաակտիվ պայքարողներից: Իսկ ներկայում Թանդիլյանը` արդեն Սոցապնախարարի կարգավիճակում, բավական փոխել է այս հարցի շուրջ մոտեցումը եւ չի շտապում այն վերացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Մանե Թանդիլյանի կողմից արված արտահայտությունները թեմայի շուրջ տարբեր տարիներին:
09.04.2014 «Կարեւոր է այն, որ համարձակություն են դրսեւորել պաշտպանելու իրենց աշխատակիցների իրավունքները` չգանձելով 5 տոկոսները: Պայքարը շարունակելու ենք մինչեւ խնդրի օրինական լուծմանը հասնելը»,-ասել էր «Դեմ եմ» շարժման հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանը:
31.03.2016 «Մի երկրում, որտեղ չկա պետության նկատմամբ վստահություն,« պարտադիր» բաղադրիչն աշխատել չի կարող: Մարդիկ ուղղակի հրաժարվել են այդ գումարներից, եւ սա շատ ձեռնտու է նրանց, ովքեր գումարները հավաքագրում են: Հենց դա է խնդիրը, որ մենք «պարտադիրը» համարում ենք անթույլատրելի: Բայց եթե կամավոր լինի, մարդիկ իրենց կամքով կմիանան, կհետեւեն, կհետաքրքրվեն եւ կիմանան, թե ինչ է կատարվում իրենց գումարների հետ»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը, ով շարունակում էր պայքարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:
17.05.2018 Կառավարության նիստից հետո հարցին` հնարավոր է կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցում, արդեն Սոցապնախարարի կարգավիճակում Մանե Թանդիլյանը նշել էր. «Դիտարկում ենք»:
21.05. 2018 Սոցապնախարար Մանե Թանդիլյանը սոցցանցում եւս մեկ պարզաբանմամբ հանդես եկավ: Նա մասնավորապես նշել էր. «Հայաստանին կուտակային համակարգ պետք է, քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզո՞ւմ է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։
Մեր կառավարությունն, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաեւ մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), եւ ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ Այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից: Բավարա՞ր է արդյոք, իմ կարծիքով՝ ո՛չ: Դրանից բացի, օրենքի որեւէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի ՀՀ կառավարության եւ ապա Ազգային ժողովի կողմից: Այսպիսով, այո՛, կուտակայինի «պարտադիր» բաղադրիչի` ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետեւաբար պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի եւ ցանկալի համակարգ: Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ»:
Այսպիսով, կուտակային կենսաթոշակային համակարգը գոնե հիմա շարունակում է նույն կերպ գործել, եւ եթե նորանշանակ նախարարը որեւէ քայլ չձեռնարկի, հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի համակարգի «պարտադիր» բաղադրիչը:
Հ.Գ. Ի դեպ, մինչ նախարարը նման հայտարարություններ է անում, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերանայման մասին հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Պետք է քննարկվի, որովհետեւ հնարավոր է որոշակի գիծ է անցել: Ինչ-որ գումար կա, որ մարդիկ ասում են՝ չենք ուզում վճարել, որովհետեւ իրենց սոցիալական վիճակի վրա ազդում է: Հիմա այդ իրավիճակը կքննարկվի, կառաջարկվեն լուծումներ, որոնք հանրության համար ընկալելի կլինեն»: Նա նաեւ պնդել է. «Առաջիկայում տեղի կունենան քննարկումներ բոլոր շահագրգիռ մարմինների հետ: Մենք կտեսնենք, թե ինչ իրողություններ կան, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք իրողությունները եւ առաջարկենք կոնկրետ լուծումներ: Կարծում եմ` կառաջարկենք այնպիսի լուծումներ, որոնք ընկալելի կլինեն հանրության համար»:
Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ԿՐԿԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ
ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին շարունակում են խաբել: Ու հիմա պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները: Մայիսի 17-ին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ Այ Վեյդինգ ՍՊԸ-ից պահանջում է 2 միլիոն դրամ: Հավանաբար, «Ջերմուկ գրուպ» ընկերությունից այս ՍՊԸ-ն ապրանք է վերցրել եւ դրա դիմաց վճարումը չի իրականացրել: Մինչ այդ, հիշեցնենք, գրել էինք, որ 2018 թվականի հունվարի 18-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասության դատարան՝ ընդդեմ «Քաֆեվի» ՍՊԸ-ի՝ պահանջելով ՍՊԸ-ից գանձել 120 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ, Ջերմուկի Արսենյանի ընկերությունը վաճառել է իր արտադրանքը վերոնշյալ ընկերություններին, բայց գումարն այդպես էլ չի կարողանում ստանալ:
ՉԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Իշխանափոխությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել: Մասնավորապես, մինչ իշխանափոխությունը տարբեր դատարանի դատավորները ունեցել են իրենց վարույթում քննվող միատեսակ քրեական գործեր եւ մինչեւ վճիռ կայացնելը հանդիպել եւ քննարկումներ են անցկացրել: Մասնավորապես քննարկել են ընդհանուր հայտարարի գալու մոտեցումների եւ սահմանված պատժաչափի հարցերը, որպեսզի ամեն մեկը տարբեր որոշում չկայացնի: Այս քայլին դատավորները գնացել են, որպեսզի դատական համակարգում խայտաբղետություն չստեղծվի, այլ միանման լինեն նրանց որոշումները: Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո դատավորների ներքին հանդիպումներն ու պայմանավորվածությունները այլեւս չեն կայանում, ըստ էության, այն պատճառով , որ դատավորներից ոմանք հրաժարվել են հանդիպման գնալ:
ԱՌԱՋԻՆ ՔԱՌՕՐՅԱՆ
Այսօր մեկնարկում է ԱԺ քառօրյա նիստերը: Այսօր առաջին անգամ խորհրդարանի նիստին կմասնակցեն նորեկ պատգամավորները, ովքեր մանդատ են ստացել քաղաքական վերադասավորումների արդյունքում: Ընդհանուր առմամբ կունենանք 7 նոր պատգամավոր՝ 1-ը ՀՀկ-ից, 2-ը՝ ՀՅԴ-ից եւ չորսը «Ելք» խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստերի օրակարգը բավական հագեցած է. քննարկվելիք հարցերի մեջ է նաեւ Գլխավոր դատախազության, ՄԻՊ-ի եւ Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունները, որոնք մինչ այս քննարկվել են նաեւ գլխադասային հանձնաժողովներում: Իսկ ահա վաղը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության առաջին փորձությունն է, երբ նրանք պետք է կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պատասխանեն պատգամավորների հարցերին: ՀՀԿ-ին ընդդիմության դերում տեսնելը հետաքրքիր կլինի: