Ո՞ՒՄ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՆՌՆԱԿՆ ԱՆՓՈՒՅԹ ԿԻՐԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ:

Ինչպես հայտնի է, ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքի մասնակիցների հետ միասին Նիկոլ Փաշինյանը շարժվեց Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը: Նա հորդորեց ոստիկաններին բացել Բաղրամյան պողոտան, որպեսզի ինքը ցուցարարների հետ գնա Ազգային ժողով: Այն ժամանակ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ թավշյա հեղափոխությունից հետո դարձավ ՀՀ ոստիկանապետ, հորդորեց Փաշինյանին չսադրել, իրավիճակը չլարել, սակայն ոստիկանության հորդորները որեւէ կերպ չփրկեցին լարված դրությունը: Նիկոլ Փաշինյանը կատարեց իր քայլը: Վերջինս փորձեց անցնել ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում տեղադրած փշալարերի միջով, ինչի արդյունքում ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեց: Արդյունքում մի շարք մարդիկ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հետաքրքրվելով, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել եւ քրեական գործ հարուցել ապրիլի 16-ին ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ կիրառելու փաստը, այն կիրառելու օրինականությունը, կիրառելիս անվտանգության կանոնների պահպանումը, որի արդյունքում վիրավորում ստացան ոչ միայն ցուցարարներ, այլեւ ոստիկաններ:
Դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել էին. «ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից սույն թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների կողմից զանգվածային անկարգություններ իրականացնելու արդյունքում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության, ինչպես նաեւ այդ փորձերի ընթացքում քաղաքացիական անձանց եւ ոստիկանների վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու եւ քրեական գործ հարուցելու, հիմքերը պարզելու նպատակով: Ձեզ հետաքրքրող դեպքով քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվի համապատասխան դատավարական որոշում»:
Ավելին` գրել էինք, որ այս գործով նաեւ նշանակվել էին փորձաքննություններ:
Եվ ահա դեպքերից մեկ ամիս 6 օր անց իրավիճակ փոխվեց: «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծման եկան, նյութերի նախապատրաստման արդյունքում ինչ են պարզել: Ի պատասխան մեր հարցման` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «2018թ. ապրիլի 16-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետեւանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշված հավաքի ընթացքում հատուկ միջոցների կիրառման հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել «168 ժամ» թերթի լրագրող Անի Քեշիշյանը:
Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ` վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում»:
Ըստ էության, գործով դեռեւս մեղադրյալ չկա, սակայն իրավապահներին դժվար չէ պարզել, թե ով էր նռնակը կիրառողը` չնայած այն բանին, որ դիմակավորված էր: Սակայն ակնհայտ էր, որ հրամանը տվել էր ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը: Իսկ կիրառողի լուանկարները, նաեւ տեսանյութերը հրապարակված են, ըստ այդմ` դժվար չէ գտնել` ով էր «անփույթ վերաբերմունք» ցուցաբերել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրավապահները ոստիկանության զորքերի հրամանատարի գործողությունների մասով քրեական գործ են քննում: Մասնավորապես 2015 թվականին` «Էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ, երբ մարդիկ պայքարում էին, որ էլեկտրաէներգիան չթանկանա, արդյունքում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց. նույն սցենարը 2016 թվականին կրկնվեց Սարի թաղում: Այս երկու դեպքերով էլ ՀԾՔ-ում արդեն երեք տարի է, ինչ քննություն է ընթանում, եւ ահա երրորդ քրեական գործը հարուցվեց, որը կքննի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Արդեն մեկ ամսից ավել է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չի կայանում Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից բացահայտված «հանցավոր խմբի» գործով դատաքննությունը: Մեզ հետ զրույցում գործով փաստաբանները նշեցին, որ դատական համակարգը վախենում է գործով կալանավորված անձանց դատարան բերելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ հայտնել էր, թե նիստերի չկայացման պատճառը մեղադրյալներից երկուսի վատառողջ վիճակն է: Դատարանի նախագահը նաեւ նշել էր, թե վատառողջ ամբաստանյալներից մեկը Վահան Շիրխանյանն է: Սակայն Վահան Շիրխանյանի որդին` Գրիգոր Շիրխանյանն էլ հայտնել էր, որ սուտ են տեղեկությունները. «Ճիշտ է` հայրս առողջական խնդիր ունի, բայց նա պատրաստ է ներկա գտնվել դատական նիստերին»: Եվ այսպես, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով գտնվում է կալանքի տակ, քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղղել, որտեղ պահանջում է, որ Սերժ Սարգսյանին բերեն դատարան, քանի որ Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը:
«Իմ 35 հատորանոց դատական գործում բացակայում է գլխավոր ֆիգուրանտը, որի անունը հարյուրավոր անգամ հիշատակվում է: Պահանջում եմ նրան ներգրավել, անմիջապես բերել դատարան: Դա Սերժ Սարգսյանն է:
-Ոչ միայն նրա համար, որ անձամբ իր հրամանով են ինձ կալանավորել:
-Ոչ միայն նրա համար, որ նրա անձնական հրամանով է ծրագրվել եւ իրագործվել այս սադրանքի գործը:
-Ոչ միայն նրա համար, որ իր Հայաստանակործան եւ հակահայ գործունեությամբ բազմաթիվ նվիրյալ հայորդիների մղել է երկիրը իրանից ազատելու դաշտը:
-Ոչ միայն նրա համար, որ ամայացրել է Հայաստանը:
-Ոչ միայն նրա համար, որ իր կլանով պաշարել է Հայաստանը:
-Ոչ միայն նրա համար, որ երկիրը ծածկել է համատարած հետապնդման, գաղտնալսման եւ մատնիչության ցանցով:
-Ոչ միայն հոկտեմբերի 27-ի հրահանգման կոծկման համար:
-Ոչ միայն մարտի 1-ի կազմակերպման ղեկավարման եւ կոծկման համար:
-Ոչ միայն տասնյակ իբրեւ խանգարող դիմադրող գործիչների հանկարծամահ կամ սպանված լինելու համար, այլեւ նրա համար, որ հաջորդող որեւէ ղեկավարի մտքով չանցնի որդեգրել նրա աշխատաոճից որեւէ բան:
Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը: Քանի այս չի ավարտվել, եւ նա իր պատիժը չի ստացել, Սերժը եւ կլանը շանտաժի, սաբոտաժի, սադրանքի, խարդավանքների միջոցով խանգարելու եւ վարկաբեկելու են ժողովրդի ընտրյալներին, պղտորելու եւ արժեզրկելու են ժողովրդի հաղթանակը:
Հ.Գ. Սերժի եւ կլանի շահերը ապահովող, տարիներ շարունակ իշխանական թալանի մսուրից սնվող «օրենսգիր-սահմանադրագետ» ճորտերը այնպիսի օրենսդրական եւ դատաիրավական համակարգ են ստեղծել, որտեղից արդարությունը եւ արդարադատությունը ի սպառ ոչնչացված են: Ավելին` դատավորները, դատախազները այսօր էլ շարունակում են հլու-հնազանդ կատարել Սերժի հրամանները: Փաստերը Ձեր առաջ են, իրական է նաեւ Սերժի «ծնած-սնած» կադրերի ձգտումը, երկրում քաոսի ստեղծումը, երկիրը անկառավարելի դարձնելը»:
Վահան Շիրխանյան, բանտից,
18.05.2018 թվական

 

 

 

ԵՄ-Ն ԿԱՎԵԼԱՑՆԻ
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի պնդմամբ` ԵՄ-ն ՀՀ-ում կշարունակի իր բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն առանց երկմտանքի: «Մենք մեծապես վստահում ենք ՀՀ նոր կառավարության ակնկալիքներին եւ հանձնառություններին, որ ստանձնել է իր ծրագրում, հավատացած ենք, որ Եվրամիությունը միտված կլինի այդ նախաձեռնությունների լիարժեք իրականացմանը»,-հայտարարել է նա: Ըստ դեսպանի` առաջիկա 3 տարիներին ԵՄ-ն 20-ից 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը: ԵՄ դեսպանը նաեւ ընդգծել է, որ իրենք պատրաստ են ՀՀ նոր կառավարության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հստակ պատկերացում կազմեն նոր կառավարության ակնկալիքների մասին: Այս պահին ԵՄ-ն սպասում է ԱԺ-ում ՀՀ նոր կառավարության ծրագրի ներկայացմանը, որպեսզի դրանից հետո կողմերն արդեն գործնական ու տեխնիկական մակարդակով աշխատանքային քննարկում ունենան:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած առաջարկությունների հիման վրա Տիգրան Սիմոնյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանն էլ նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

 

 

ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐ
Երեւանի Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Մ. Հ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները: Տուժած մանկահասակ ուղեւորները՝ Ս. Թ., 2016թ., եւ Ա. Մ., 2016թ., հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» բկ-ում: Ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ Ա. Մ.-ն դուրս է գրվել, իսկ Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:




Լրահոս