ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Հայաստանում թե՛ սահմանադրական, թե՛ գործնական քաղաքական տեսանկյունից ստեղծվել է բացարձակ անոմալիա: Գործադիր, օրենսդիր եւ դատական համակարգերը պատկանում են միմյանց որեւէ կերպ չմոտեցող երեք բեւեռների, ինչը էականորեն ավելացնում է առճակատման հավանականությունը` տուրք տալով առնվազն մինչեւ աշուն ներհայաստանյան վայրիվերումներին: Եվ որքան էլ զարմանալի է, իրավիճակի խաղաղ հանգուցալուծման բանալին կրկին գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում:

Ըստ էության, այսօր Հայաստանում պետական կառավարման համակարգը գտնվում է խափանված վիճակում: Դրա իրական արտահայտությունն է ինչպես խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության հռչակումը ընդդիմություն ու ԱԺ բարձրագույն պաշտոնները չզիջելը, այնպես էլ անհնազանդության ներկայիս գործողությունները, որոնք ակամայից ծառայում են բացառապես ՀՀԿ-ի շահերին: Խորհրդարանական կառավարման համակարգում այս իրադրությունը սահմանադրական իրավահարաբերությունների ու քաղաքական երեւույթների շարքում նոնսենս է, քանի որ գործադիրը օրենսդիրի ածանցյալն է, որտեղ բացակայում է հակակշռումը: Այսժամ կառավարությունը պետք է կատարի այն, ինչ թելադրում է խորհրդարանը: Այս առումով հարկ է հստակորեն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը ներկայիս վիճակի համար կրում է անձնական պատասխանատվություն: ՀՀ Սահմանադրությունը փոխելու ժամանակ նա պնդում էր, որ փոփոխություններով վերջնականապես լուծվելու էին ներքին ու արտաքին անվտանգության խնդիրները: Անշուշտ նա մոռացել էր մանրամասնել, որ լուծվելու էին բացառապես իր վարչապետության դեպքում, իսկ մնացած պարագաներում Հայաստանի պետակառավարման համակարգը հայտնվելու էր լիակատար քաոսի մեջ: Եվ ահա իրականության մեջ ապացուցվեցին այն բոլոր գնահատականները, որ 2015թ. Սահմանադրությունը Սերժ Սարգսյանին փաստացի ու իրավաբանորեն անփոխարինելի էր դարձնում, եւ առանց նրա պետական համակարգի նորմալ գործառնությունը խախտված կլիներ:
20 տարի շարունակ ապականելով պետական կառավարման համակարգը եւ գրեթե բոլոր կարեւոր պաշտոնները համալրելով անձնական օգտագործման ենթականերով` վերջին հարվածը հասցվեց պետությանը` այն ենթարկելով իրավական աղճատման: Հստակ է, որ այդ ամենն արվեց բացառապես մեկ անձի իշխանավարության շարունակականությունն ապահովելու համար: Եվ ահա, երբ Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանության ղեկից, նա պահպանեց իր ակտիվ դերակատարությունը ՀՀԿ-ում: Որեւէ մեկի մոտ դժվար թե կասկած առաջանա, որ առանց Սարգսյանի հրահանգների ՀՀԿ-ն ինչ-որ քայլ կարող է անել: Նույնը վերաբերում է նաեւ առանցքային այն պաշտոնյաներին, որոնք անմիջականորեն ենթակա չեն վարչապետին: Սարգսյանի անձնական շահագրգռվածությունն է նկատվում առաջին հերթին Երեւանի քաղաքապետի, ՀՀ գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի եւ մի շարք այլ պաշտոնյաների` իրենց աթոռը չզիջելու վճռականության թիկունքում: Ավելին` նրանք այն մարդիկ չեն, որ գերապատվեն արդարադատական համակարգի անկախությունն ու հրաժարականից զերծ մնալը կարողանան հիմնավորել այդ հանգամանքով: Ըստ էության, Հայաստանում իշխանությունը չի փոխվել դասական ճանապարհով` ընտրական գործընթացի արդյունքում, այլ հեղափոխական գործընթացների միջոցով: Ըստ այդմ` այս պաշտոնյաների համառությունը պարզ սաբոտաժ է եւ հակահեղափոխականության իսկական դրսեւորում:
Այն հնարավոր առարկությունները, թե իբր Սարգսյանը հեռացել է եւ չի կարող ազդել ՀՀԿ-ի ու վերոնշյալ պաշտոնյաների վարքագծի վրա, քննադատության չեն դիմանում: Ապացուցելու համար պնդման սնանկությունը Սարգսյանը պետք է օր առաջ հրաժարվի ՀՀԿ ղեկավարի պաշտոնից: Սակայն քանի դեռ նա է ՀՀԿ նախագահը, եւ կուսակցությունը որոշումներ է կայացնում նրա մասնակցությամբ եւ առաջնահերթորեն ղեկավարությամբ, նրա պատասխանատվության աստիճանը մազաչափ իսկ թուլացած չէ: Այսօր Սարգսյանը ՀՀԿ-ին մատերի վրա է խաղացնում, ինչի վկայությունը մայիսի 1-ի խայտառակությունն էր եւ մայիսի 8-ի հեզությունը: Ավելին` Սարգսյանը լիովին տիրապետում է իր կողմից նշանակված բոլոր պաշտոնյաներին սանձելու լծակներին, եւ նրա խեթ հայացքն իսկ բավարար է, որ նրանք հրաժարական տան: Իրավիճակը չափազանց նուրբ է, քանի որ Սարգսյանը խաղարկում է վարչապետից անկախ բոլոր պաշտոնյաներին հերթով զոհաբերելու պատրաստակամությամբ: Նա մայիսի 1-ին հրապարակավ ոչնչացրեց ու անդառնալիորեն բարոյազրկեց սեփական կուսակցությունը, որպեսզի միայնակ չկրի հասարակության ատելության բեռը: Ի վերջո, 20 տարի այդ նույն ՀՀԿ-ականներն ու պաշտոնյաները հավասարապես օգտվել են իշխանության բռնազավթումից. ինչո՞ւ պետք է այժմ ջրից չոր դուրս գան:
Սարգսյանի ծրագիրը, սակայն, կարծես ունի առավելագույն եւ նվազագույն նպատակներ` կա՛մ հակահեղափոխության միջոցով իշխանությանը վերադարձնել իր կադրերին (սեփական անվտանգության երաշխավորներին)` հանձին Վիգեն Սարգսյանի, կա՛մ բոլորին միասնաբար վարկաբեկել ու թույլ չտալ առանձնանալ ընդհանուր պատասխանատվությունից: Սերժ Սարգսյանն այսպիսով ցույց է տալիս, թե ինչպիսի իրադրություն է տիրելու երկրում առնվազն մինչեւ աշուն: Այսպիսով նաեւ հօդս են ցնդում ՀՀԿ-ի հիմնավորումները, թե իբր կուսակցության մտահոգությունը բացառապես կայունությունն է ու անվտանգությունը, քանի որ այսօրվա վարքը միմիայն խոչընդոտում է այդ կայունությանը ու վտանգավոր դարձնում իրավիճակը: Ըստ այդմ` իրավիճակի հանգուցալուծումը կրկին գտնվում է Սերժ Սարգսյանի պահարանում, որը պետք է պարտությունը մարսելու ուժ գտնի իր մեջ: Նա ի վիճակի է սանձելու հակահեղափոխականների սաբոտաժը, ինչպես նաեւ ապահովելու իշխանության վերջնական խաղաղ փոխանցումը արտահերթ ընտրությունների միջոցով: Հակառակ դեպքում Հայաստանը կրկին կհայտնվի հեղափոխական ցունամիի հորձանուտում, եւ այս անգամ հազիվ թե հնարավոր լինի փրկվել «Ես սխալվեցի» ձեւակերպմամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տարբեր քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում հեղուկ գազի գինն ավելի բարձր է, քան սեղմված գազինը: Ի դեպ, հեղուկ գազով ոչ միայն հնարավոր է լիցքավորել ավտոմեքենաների, այլեւ տան պայմանններում կիրառվող բալոնները: Մեզ դիմած քաղաքացիների պատմելով` Հայաստանի տարածքում նույն հեղուկ գազը մեքենայի բալոնը լիցքավորելու համար այլ գին ունի, իսկ տնային բալոնների համար այլ:
Նրանց խոսքերով` տնային պայմաններում կիրառվող բալոնները հեղուկ գազով լիցքավորելու համար մեկ լիտրի դիմաց պահանջում են վճարել 240 դրամ: Մինչդեռ նույն հեղուկ գազով ավտոմեքենան լիցքավորելու դեպքում այն արժե 180-200 դրամ: Գնային այս պայմանը գործում է ՀՀ տարածքում: Մեզ դիմած քաղաքացիների պատմելով` հեղուկ գազի վաճառքով զբաղվող գազալցակայանների ղեկավարները ներքին պայմանավորվածություն ունեն իրար հետ: Սա է պատճառը, որ հեղուկ գազի գինը տնային բալոնների համար այդպես էլ չի էժանանում: Սակայն «Գազ Պրոպան» ընկերությունից այս հարցին այլ բացատրություն տվեցին. «Նույն գազն է` մեկը մեքենանների համար, մյուսը` բալոնների: Այսինքն` մեկի մեջ բութան նյութը շատ է պարունակում, մյուսի մեջ` քիչ: Մի խոսքով, տեխնիկական հարցեր են»:
Տեղեկացնենք, որ Հայաստանում հեղուկ գազ սպառողների թիվը զգալի կրճատվել է, որովհետեւ այսօր շատերի բնակարաններն արդեն գազիֆիկացված են, եւ մարդիկ բնական գազից են օգտվում: Հենց բնական գազի սպառման ծավալների աճն էլ իր ազդեցությունն է ունեցել նաեւ հեղուկ գազի գնաճի եւ սպառման վրա: Նախորդ տարիների համեմատ` հեղուկ գազ ներկրողները սկսել են ավելի քիչ գազ ներկրել: Ի դեպ, հեղուկ գազի գինը տատանվում է, քանի որ այն ներկրվում է արտասահմանից. Հայաստանում հեղուկ գազ ստանալու համար համապատասխան սարքավորումներ չկան:
Հ.Գ. Մեկ փաստ էլ. չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ տրամադրելու հորդորներին` մեծ գազալցակայաններում շարունակում են հին ոճով աշխատել՝ «մոռանալով» ՀԴՄ տրամադրել, եւ տհաճությամբ այդ քայլին են գնում վարորդների հիշեցումից հետո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՅՐԸ ՈՐԴՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Մայիսի 1-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ 43-ամյա Գեւորգ Չոբանյանը, շապիկը որպես սպիտակ դրոշ պարզած, փորձել է հատել գյուղի սահմանագոտին, սակայն դա կանխվել է հայ սահմանապահների կողմից: 1991թ. հայրենի Վ. Կարմիրաղբյուրում միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Գ. Չոբանյանը Ռուսաստանում` որոշ տեղեկություններով` Ռյազան քաղաքում, ռազմական ուսումնարան է ընդունվել: Նա երկար ժամանակ ապրել է Ղազախստանում, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի է, այնտեղ երկու երեխա ունի: Նա մոտ ամիսուկես առաջ է վերադարձել Վ. Կարմիրաղբյուր, ուր նրա մայրն է բնակվում: Գ. Չոբանյանի ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են, նրա հայրը վաղուց Ռուսաստանում է բնակվում: Ձերբակալվելուց հետո նա սահմանապահներին ասել է, թե ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թղթեր հանձնել, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղը հայկական տարածք է: Նրա գործով զբաղվել են ԱԱԾ-ն եւ ռազմական ոստիկանությունը: Մայիսի 12-ին կամ 13-ին տղամարդը փորձել է թռչել Ղազախստան, սակայն Երեւանի օդանավակայանում պատռել է չվերթի տոմսը եւ վերադարձել գյուղ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձ կատարած Գ. Չոբանյանի նկատմամբ քրգործ չի հարուցվել: Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները հայտնեցին, որ Գ. Չոբանյանի մայրը 2 անգամ պետական մարմիններին դիմել է, որպեսզի նրան տեղափոխեն հոգեբուժարան: Սակայն մորը պատասխանել են, որ որդին Ղազախստանի քաղաքացի է, այդ հարցը ՀՀ-ում չի լուծվելու: Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները մտավախություն ունեն, որ հոգեկան խնդիրներ ունեցող Գ. Չոբանյանը կարող է արտառոց արարքներ կատարել, այլ անձանց վնասել: Համագյուղացիների խոսքերով` Գ. Չոբանյանը Ղազախստանում գտնվել է հոգեբուժական հիվանդանոցում, այդ պատճառով չի ցանկանում այնտեղ վերադառնալ` վախենալով, որ իրեն կարող են հոգեբուժարան ուղարկել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթայանի խոսքով` ՀՀ-ում վաճառվող հացամթերքի երկու երրորդը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Դիտարկումները ցույց են տալիս, որ հացը շարունակում է մատակարարվել հացամթերքի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով եւ բեռնարկղերով: Գնապիտակի վրա նշված է միայն արժեքը: Չնայած օրենքի պահանջներին՝ նշված չեն ալյուրի տեսակը եւ շատ այլ տվյալներ: Խախտումներ կան նաեւ կաթնամթերքի ոլորտում: Որպես օրինակ՝ փորձագետը նշել է սպառողին մոլորեցնող դասական դեպքերը, երբ ներկրված ապրանքների դեպքում չկան մակնշումներ պարունակության մասին, կամ գրված են շատ փոքր տառերով:




Լրահոս