ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարում է, թե երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, միեւնույն է, Հայաստանի քաղաքացու կյանքը այդպես էլ չի բարելավվում:

Փորձը ցույց է տվել, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վիրտուալ տնտեսական աճ գրելու հարցում նորանոր ռեկորդներ է սահմանում. այսպես, այս տարվա հունվար-ապրիլին տնտեսության ակտիվության ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9.7 տոկոսով աճել է: Ինչպես հայտնի է, «տնտեսական ակտիվության ցուցանիշ» անվանումը ստացած տվյալով պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածի տնտեսական աճը: Իհարկե, հասկանալի է, թե պաշտոնական վիճակագիրները ինչպես են այդ ցուցանիշը «հաշվարկում»: Չնայած սրան` պաշտոնական վիճակագրության թվերը երբեւէ հավատ չեն ներշնչում, բայց ամեն դեպքում դրանք բնորոշում են Հայաստանի տնտեսությունում տիրող իրավիճակը եւ զարգացող գործընթացները: Թեեւ մեկ տարվա ընթացքում ԱՎԾ-ն արձանագրել է 9.7 տոկոսանոց աճ, բայց ապրիլին, մարտի հետ համեմատած, տվյալները խիստ մտահոգող են: Քանի որ այս դեպքում Հայաստանում միայն մեկ ամսվա ընթացքում (ապրիլին մարտի համեմատ) գրեթե բոլոր ոլորտներում նվազում է արձանագրվել: Միայն տնտեսության ակտիվության ցուցանիշը ապրիլին, մարտի հետ համեմատած, 3.1 տոկոսով է նվազել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները` նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ, նվազել են 15.6 տոկոսով: Առանց վարանելու կարող ենք ասել, որ այս նվազումը պայմանավորված է պղնձի հանքանյութի արդյունահանման ծավալների նվազմամբ: Հայտնի է, որ հենց այս տարում Հայաստանի խոշոր հանքարդյունահանող համարվող «Վալլեքս» խմբի ընկերությունների «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը: Սա արտացոլվել է նաեւ պղնձի խտանյութի եւ մոլիբդենի արտադրության ծավալների վրա, որոնք կտրուկ նվազել են: Միաժամանակ նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 15.6 տոկոսով: Էլեկտրաէներգիան, ինչպես հայտնի է, արտադրվում է այնքան, որքան երկրի տնտեսությունում դրա պահանջարկը կա: Այսինքն` եթե արձանագրվում է էլէներգիայի արտադրության անկում, նշանակում է պետությունը սկսել է պակաս էլէներգիա սպառել:
Հայաստանի առեւտրաշրջանառությունում առկա պաշտոնական տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ, սպառողների աղքատացման մասին փաստող: Այսպես, այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, առեւտրի շրջանառությունը 5.2 տոկոսով նվազել է: Միայն ապրիլին Հայաստանում առեւտրաշրջանառությունը կազմել է 207 մլրդ 904 մլն 500 հազար դրամ: Իսկ ահա մարտին այն կազմել է 220 մլրդ 535 մլն 100 հազար դրամ: Այն հանգամանքը, որ այս տարվա ապրիլի առեւտրաշրջանառությունը մարտի համեմատ թեկուզ այդչափ անկում է արձանագրում, արդեն իսկ խոսում է տնտեսության ծանր վիճակի մասին: Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակչությունն ապրիլին, մարտի համեմատ, աղքատացել է ավելի քան 12.6 մլրդ դրամի չափով: ՀՀ տնտեսության մյուս կարեւոր ճյուղի` շինարարության ծավալները եւս նվազել են ապրիլին, մարտի համեմատ, 11.9 տոկոսով: Չէ՞ որ բնակչության աղքատացումը չէր կարող շինարարության ծավալների վրա կտրուկ չազդել, ինչն էլ տեղի ունեցավ: Հարկ է նկատել նաեւ, որ արտահանման թվերը մեկ ամսվա ընթացքում եւս նվազել են: Ապրիլին, մարտի համեմատ, այդ նվազումը կազմել է 12.8 տոկոս: Իսկ ահա ներմուծման ծավալները նվազել են 9.8 տոկոսով: Ընդ որում, տեւական ժամանակ է՝ այս ոլորտում աճ էր, բայց հիմա հակառակ պատկերին ենք ականատես լինում: Հատկանշական է փաստը, որ բացարձակ թվային արտահայտությամբ ներմուծման ծավալները շարունակում են մոտ երկու անգամ գերազանցել արտահանման ծավալներին` այդպես «խորացնելով» արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը: Նշենք, որ այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում արտահանվել է 764.5 մլն դոլարի եւ ներկրվել 1 մլրդ 457.3 մլն դոլարի ապրանք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

50 ՀԱԶԱՐԻՑ` 150 ՀԱԶԱՐ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Կառավարության քննարկմանն է պատրաստվում ներկայացնել «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման մեջ փոփոխության առաջարկ:
Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018 թվականի հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 հազար դրամ: Մանե Թանդիլյանը վստահեցրել է, որ նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: «Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից եւ արագ լուծել հնարավոր չէ` միեւնույն ժամանակ նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում անելու է առավելագույնն արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ եւ արդյունավետ լուծում՝ վերանայելով նաեւ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,-սոցցանցի իր էջում գրել է նախարարը:




Լրահոս