«ՉՊԵՏՔ Է ՍՏԻՊԵԼ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՅԹԱՔԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Սասնա ծռերի» ազատ արձակումը պահանջող կողմնակիցների բողոքի ակցիայի, ներկայիս իշխանությունների գործելաոճի, քաղաքացու անելիքների մասին զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ։ Նա նշել է, որ եթե չափից շատ շտապողականություն ցուցաբերենք, կստիպենք, որ նոր իշխանությունները սխալվեն, կնպաստենք, որ խառնաշփոթ ստեղծվի։ Պարոն Գինոսյանը շեշտում է՝ կույր պետք է լինել նոր կառավարության գրանցած դրական տեղաշարժերը չտեսնելու համար։

-Պարո՛ն Գինոսյան, «Սասնա ծռերի» կողմնակիցներն այս օրերին բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով նրանց ազատ արձակումը։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ Ըստ Ձեզ` սա ինչի՞ կհանգեցնի։
-Ես, իհարկե, կողմ եմ, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, բայց եթե չափից շատ շտապողականություն ցուցաբերենք, կստիպենք, որ նոր իշխանությունները սխալվեն, կնպաստենք, որ խառնաշփոթ ստեղծվի։ Ամեն դեպքում, այս խնդիրը հնարավորինս կարճ ժամկետում պետք է լուծել։
-Այսինքն՝ Դուք «Սասնա ծռերին» համարո՞ւմ եք քաղբանտարկյալներ։ Հիշում ենք՝ ավելի վաղ էլ նշում էիք, որ նրանց ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրելը ծիծաղելի է։
-Դե, ամեն դեպքում, իրականացվել է գաղափարական, քաղաքական ակցիա, որը պարունակել է նաեւ որոշ ռազմական գործողություններ։ Այն, որ գործողությունն իրականացվել է քաղաքական նկատառումով, ակնհայտ է։ Պարզապես իրադրությունից ելնելով՝ իրադարձությունները զարգացել են ոչ այնպես, ինչպես պլանավորված են եղել, եւ զոհեր են գրանցվել։ Մի բանում պետք է վստահ լինել, որ նոր իշխանությունն ունի բարի կամք խնդիրն օր առաջ լուծելու համար։ Պետք է թույլ տալ, որ իշխանությունը չսխալվի, եթե դա երկու-երեք ամիս չի ձգվելու, այլ ընդամենը երկու-երեք շաբաթվա մասին խոսք կլինի։ Մեր իշխանությունը ոչնչով չի տարբերվի նախորդ իշխանությունից, եթե գլխավոր դատախազին ակնհայտորեն ճնշի։ Նախորդ իշխանությունը դա անում էր՝ շեշտելով, որ «Սասնա ծռերի» գործը զուտ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություն է, եւ այն իրականացնողները պետք է պատժվեն։ Եվ եթե մենք էլ ստիպենք, որ գործողությունը դիտարկվի զուտ որպես քաղաքական, կկիրառենք նույն ձեռագիրը տարբեր մոտեցումներով։ Կարծում եմ, որ նոր կառավարությունը նոր լուծումներ ունի, եւ չպետք է ստիպել, որ այն սայթաքի։
-Դուք մեր երկրում դրական տեղաշարժեր հասցրե՞լ եք նկատել։ Որտե՞ղ են այդ արդյունքները դրսեւորվում։
-Կույր պետք է լինել՝ փոփոխությունները չտեսնելու համար։ Բոլոր նրանք, ովքեր նոր են ինչ-որ գործ ձեռնարկում, այդ մասին են վկայում։ Աստված տա՝ այդ խանդավառությունը ժամանակի հետ չմարի։ Մենք արդեն իսկ գիտակցում ենք, որ նոր Հայաստանում ենք ապրում։ Դրա ապացույցը ճանապարհային ոստիկանության վերաբերմունքն է, պետական ատյանների մոտեցումները այս կամ այն հարցին։ Մոտեցման փոփոխություն է նկատվում։
-Քաղաքացու այսօրվա քայլը ո՞րը պետք է լինի։ Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուրը ձեռք բերածը պահպանելու համար։
-Նժդեհն ասում էր, որ անվերջ եւ անդադրում վերանորոգչական աշխատանք է կյանքը, եւ եթե մենք ամեն ինչ պետք է թողնենք կառավարության ուսերին, հերթական անգամ կունենանք տապալված պետականություն։ Եթե հզոր, արժանապատիվ հասարակություն չլինենք, ոչինչ չի ստացվի։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ միջնորդ, որպեսզի ժողովրդի հզոր կամքի հետ հաշվի նստեն։ Այսինքն՝ ինքը եղավ հզոր կամքի գեներացնողը։ Իշխանությունը մեկ անձի առաջ չէ, որ վայր դրեց լիազորությունները, այլ հզոր կամքի տեր ժողովրդի։ Այս կամքը եթե ցուցաբերենք ամենուրեք, ամեն բան լավ կլինի։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՍԿՍԵԼ Է ԻՐԵՆ ԱՆՇՆՈՐՀՔ ՊԱՀԵԼ»

«Թատրոնի ոլորտում ֆինանսական ներդրումների կարիք կա, որպեսզի մեր աշխատանքը լինի ե՛ւ ծավալուն, ե՛ւ որակյալ։ Շատ լավ գիտենք, որ յուրաքանչյուր աշխատանքի որակ ֆինանսավորումից է կախված։ Իհարկե, հասկանալի է, որ այսօր միանգամից իրավիճակ չի փոխվելու, եւ կառավարության աշխատանքի արդյունքը երեւալու է ավելի ուշ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Իրինա Դանիելյանը։

Հարցին, թե հեղափոխութունից հետո արդյոք իր մեջ զարթոնք ապրել է քաղաքացին, տիկին Դանիելյանը պատասխանեց. «Այո՛, ես զգում եմ այդ թարմ շունչը, բայց դա չի նշանակում, որ արդեն իսկ ամեն ինչ լավ է։ Պարզապես հույս ունեմ, որ ավելի լավ է լինելու։ Խառնվածքով հարմարվող մարդ եմ, բայց փոփոխության ցանկություն, իհարկե, կար»։
Կառավարության կազմի նոր կադրերի մասին դերասանուհին կոմպետենտ չհամարեց խոսել, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին էլ չի ճանաչում։
«Իհարկե, պետք է, որ մշակույթի նախարարը լինի ե՛ւ լավ կառավարիչ, ե՛ւ մշակույթից, արվեստից հասկացող մարդ»,-նկատեց նա։
Մենք հետաքրքրվեցինք՝ ինքը կամ այլ արվեստագետներ մտադի՞ր են հավաքվել, գնալ մշակույթի նախարարի մոտ, փոխանակվել կարծիքներով. «Ես՝ ոչ, բայց, իհարկե, ունենք արվեստագետներ, որոնք եթե ցանկություն ունենան, կարող են գնալ նոր նախարարի հետ երկխոսելու։ Դա աշխատելու վատ տարբերակ չէ։ Նախարարը կարող է ընդունել կամ չընդունել այդ խորհուրդները, բայց լսել կարող է»,-ասաց տիկին Դանիելյանը։
Իսկ հարցին, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի զարթոնք ապրած քաղաքացին առաջիկայում չհուսահատվի, դերասանուհին հակադարձեց. «Իսկ դուք չե՞ք համարում, որ մեր քաղաքացին սկսել է իրեն անշնորհք պահել այս փուլում։ Վստահելով այն մարդուն, ում ընտրել է՝ ժողովուրդը պետք է թողնի, որ նա աշխատի։ Ես իսկապես լավատես եմ եւ կարծում եմ, որ համբերելու դեպքում դրական տեղաշարժեր կգրանցվեն»։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը երեկ ժամանել է Հայաստան: Կոլումբիական «Բոյակա Չիկո» ակումբում հանդես եկող 22-ամյա պաշտպանին դիմավորել են Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման, ինչպես նաեւ «Red Eagles» ֆան-ակումբի անդամները: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի եւ Մոլդովայի ընտրանիների հետ: Հանդիպումները կկայանան Ավստրիայում:

 

 

ԻՆՅԵՍՏԱՆ ԿԻՍՎԵԼ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինյեստան կատալոնական ակումբի կազմում վերջին հանդիպումն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով: «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում 34-ամյա իսպանացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 82 րոպե եւ փոխարինվել հոտնկայս ծափահարությունների ներքո: «Ծանր օր էր, սակայն վերջին 22 տարիները հրաշալի էին: Հպարտ էի պաշտպանել «Բարսելոնա»-ի գույները: Դա աշխարհի լավագույն ակումբն է ինձ համար: Երկրպագուներին շնորհակալ եմ սիրո ու հարգանքի համար, ինչը զգացել եմ առաջին օրից: «Բարսելոնա»-ից հեռանում եմ որպես տղամարդ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ»,-ասել է նա:

 

 

ՆՎԱՃԵԼ Է ՏԻՏՂՈՍԸ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է Հռոմում կայացած «Masters 1000» մրցաշարի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչ խաղում Նադալը 6:1, 1:6, 6:3 հաշիվներով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերեւին: Հանդիպումը 2 ժամ 6 րոպե է տեւել: Նադալը թույլ է տվել 1 կրկնակի սխալ եւ 6 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը: Իսկ Զվերեւի ակտիվում կա 1 կրկնակի սխալ եւ 7 բաց թողած բրեյք-փոինթ: 31-ամյա իսպանացին այս կերպ կարիերայի 78-րդ, իսկ ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տիտղոսն է նվաճել:

 

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
80 տարեկան հասակում մահացել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը խորապես ցավակցում է Սարգսյանների ընտանիքին տիկին Գրետայի անժամանակ մահվան կապակցությամբ:




Լրահոս