ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցությունում այս օրերին սպասողական վիճակ է: Թավշյա հեղափոխությունից հետո այս կուսակցությունում իրավիճակից դուրս գալու տարբեր ելքեր բազմիցս են քննարկվել: Դեռեւս օրենսդիր իշխանության ղեկին կանգնած ՀՀԿ-ում հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունն, այնուամենայնիվ, կձախողվեն, կվարկաբեկվեն՝ կորցնելով ժողովրդի աջակցությունը: Պատահական չէ, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հրահանգել էր երեք ամիս ոչինչ չձեռնարկել՝ այն հույսով, որ այդ երեք ամսվա ընթացքում էական արդյունքներ չեն լինի, եւ Նիկոլ Փաշինյանի դիրքերը կթուլանան:

Սակայն ՀՀԿ-ականներին այդ առումով լուրջ հուսախաբություն է սպասվում: ՀՀԿ-ում սկսել են հասկանալ, որ իրենց ծրագրերը կարծես թե հեռու են իրականություն դառնալուց, եւ Նիկոլ Փաշինյանն օր օրի ոչ թե վարկաբեկվում է, այլ, հակառակը, նրա հետ քաղաքացիներն ավելի են սկսում հույսեր կապել: Անգամ մասնավոր զրույցներում Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ խոստովանում էին, որ Նիկոլ Փաշինյանի անձի այսպիսի փոփոխություն եւ կերպարանափոխություն չէին սպասում:
Ի սկզբանե, ՀՀԿ-ականները հույս ունեին, թե Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մտնել վարչապետի կերպարի մեջ՝ ձախողելով նաեւ միջազգային հարթակներում: Սակայն Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո, որի ժամանակ նա նաեւ առանձնազրույցներ էր ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ, ՀՀԿ-ականները կրկին համոզվել են, որ այս անգամ էլ սխալվեցին: Իսկ Սոչիում հայերի կողմից Նիկոլ Փաշինյանի նման ընդունելություն չէին սպասում:
ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում նաեւ իրենց զարմանքն են արտահայտում այն փաստի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ կարողանում է աշխատել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Անգամ կատակում են, թե հենց այսպես էլ կարող են շարունակել աշխատել՝ օրենսդիրում` ՀՀԿ-ով, գործադիրում` նախկին ընդդիմությունով: Ամեն դեպքում, գոնե առաջիկա ամիսների ընթացքում Հանրապետական կուսակցության անդամները բացառում են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Իհարկե, նրանք դեմ չեն օրենսդրական փոփոխությունների, արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քննարկումների, սակայն այս փուլում, այս պահին դա ոչ արդիական են համարում: Նրանք նաեւ շատ լավ հասկանում են, որ ռեյտինգային համակարգի վերացումն ավելի է նվազեցնելու նրանց` խորհրդարանում հայտնվելու շանսերը, քանի որ, ի վերջո, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց այդ համակարգի շնորհիվ կարողացան մեծամասնություն կազմել:
Եվ հիմա այդպիսի մեծ գնով գոնե խորհրդարանում մեծամասնություն լինելու պարագայում ՀՀԿ-ականները պատրաստ են անգամ չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը, անհարկի քննադատություններ չանել, միայն թե մոտ ապագայում ընտրություններ չլինեն: Սակայն պետք է ընդգծել, որ այս փուլում սեղմ ժամկետներում ընտրությունների անցկացումը կարող է ոչ արդյունավետ լինել նաեւ Նիկոլ Փաշինյանի թիմի համար: Ի վերջո, ամեն ինչ պատշաճ կազմակերպելու, վերահսկողություն ունենալու համար Փաշինյանին լավ թիմ, մարզային գրասենյակներ են պետք, եւ այս ամիսների ընթացքում օրենքների փոփոխություններին զուգահեռ կարող են կազմակերպել նաեւ այդ ոչ պակաս կարեւոր հարցերը:
Ինչեւէ, ամեն դեպքում ՀՀԿ-ում սկսել է իրավիճակ փոխվել, եւ վերջիններս հասկացել են, որ Փաշինյանին անհարկի մեղադրելով կամ սեւացնել փորձելով ավելի են նսեմացնում հենց իրենց կուսակցությունը: Այս իրավիճակում այժմ ՀՀԿ-ն փորձում է ներքին հարցերը եւս կարգավորել, եւ առաջին հերթին խոսքը նաեւ խորհրդարանական խմբակցության կազմի մասին է: Այս օրերին նրանք շարունակում են տարբերակներ մտածել «կարգազանց» պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանին եւ Շիրակ Թորոսյանին պատժելու ուղղությամբ: Ի վերջո, նրանք «հանդգնել» էին դեմ գնալ խմբակցության որոշմանն ու կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, թե Ֆելիքս Ցոլակյանն ավելի ճիշտ կաներ հայտարարությամբ հանդես գար, ասեր, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին, սակայն չի կարող չհարգել կուսակցության որոշումը: Իսկ Շիրակ Թորոսյանին առհասարակ ավելի վատ բառերով են բնորոշում, քանի որ եթե Ցոլակյանը գոնե նախապես զգուշացրած էր եղել իր որոշման մասին, ապա Թորոսյանը վերջին պահին անակնկալ է մատուցել, կամ, ինչպես իրենք են բնորոշում, մեջքից հարվածել:
Եվ պատահական չէ, որ երեկ խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ ՀՀԿ խմբակցությունում քննարկվել էր հենց այդ կարգազանց պատգամավորների հարցը: Ընդ որում, Ցոլակյանը մասնակցել էր նիստին, Թորոսյանը՝ ոչ: Այս պահին օրակարգում առկա է Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու, իսկ Ցոլակյանին էլ նկատողություն տալը: Մեր տեղեկություններով` երեկվա նիստում վերջնական որոշում չի եղել, եւ մեկ շաբաթ անց ՀՀԿ-ականները կրկին կհավաքվեն քննարկում անելու:
Եվ մինչ ՀՀԿ խմբակցությունում փորձում են ներքին հարցերը կանոնակարգել, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին օրերին Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացել է` լծվելով կուսակցական աշխատանքի: Մեր տեղեկություններով` նա վերջին շրջանում գրեթե ամեն օր այցելում է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, ժամերով մնում այնտեղ, շփվում կուսակիցների հետ, տարբերակներ քննարկում: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը չի հաշտվում իր՝ առանց աշխատանք մնալու կարգավիճակի հետ եւ որոշել է զբաղվել ակտիվ կուսակցաշինությամբ՝ որպես ՀՀԿ ղեկավար: Եվ եթե նախկինում օրակարգում անգամ կուսակցության ղեկավարի փոփոխության հարցն էր դրված, նաեւ փորձ էր արվել ներկուսակցական հեղաշրջումների, ապա այս փուլում դա այլեւս արդիական չէ, եւ մոտակա ժամանակներս Սարգսյանը կշարունակի իր աշխատանքը որպես կուսակցության ղեկավար: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի անդամ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ եւ տարբեր հանդիպումներ ունենում, սակայն դրանց մասին այլ մանրամասներ հաղորդել Թադեւոսյանը չցանկացավ: Ամեն դեպքում, պարզ է, որ ո՛չ Սարգսյանը, ո՛չ էլ մյուս ՀՀԿ-ականները ձեռքերը ծալած չեն նստելու: Դրան զուգահեռ դեռեւս կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանն է իրեն ամեն ինչից հեռու պահում, նա այս օրերին առհասարակ չի շփվում կուսակիցների հետ եւ անգամ բացակայել է Գործադիր մարմնի վերջին նիստից:
Այն, որ ՀՀԿ-ականների ծրագրերը խառնվել են իրար, փաստ է, սակայն նրանք չեն հանձնվում՝ շարունակելով տարբեր ելքեր փնտրել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջանակներում առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երեւանի ավագանիում: Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է ոչ այնքան ավագանիում աշխատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով. Մարգարյանի հրաժարականից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում եւս չէր բացառել այդ հնարավորությունը: «Ես որեւէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը, եւ, այո՛, եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ», – ասել էր նա: Նա նաեւ տրամաբանական էր համարել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը եւս պետք է հրաժարական տա: Նշենք, որ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետեւի այդ հորդորին»: Իսկ ավելի վաղ Փաշինյանը պնդել էր, որ Մարգարյանն «ընտրակաշառքով է ընտրվել»:
Մինչ այդ նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մանդատը վայր դնելուց հետո հետաքրքիր պատկեր է ստեղծվում թիվ 4 ընտրատարածքում: Նա հենց այս ընտրատարածքից դարձավ պատգամավոր՝ որպես վարկանիշային թեկնածու հաջորդելով Նիկոլ Փաշինյանին: Այժմ Ալեն Սիմոնյանին հաջորդում են անձինք, ովքեր այս պահին պաշտոններ են զբաղեցնում՝ Էդուարդ Աղաջանյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար), Տիգրան Ավինյան (փոխվարչապետ): Հիմա հերթը ավագանու անդամ Անի Խաչատրյանինն է, եւ եթե նա չվերցնի մանդատը, ապա այս բոլոր թեկնածուներից հետո մանդատը բաժին կհասնի Քրիստինե Պողոսյանին, ով 182 ձայն է հավաքել: Իսկ եթե նա էլ հրաժարվի մանդատից, այդ տեղը խորհրդարանում թափուր կմնա:

 

 

ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՔԿ նորանշանակ վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը սպասում է, թե իր մասով ինչ որոշում կկայացվի՝ արդյոք կշարունակի պաշտոնավարել, թե նոր իշխանությունը ցանկություն չի ունենա իր հետ համագործակցել: Նաեւ լուրեր են շրջանառվում, որ չի բացառվում ՔԿ վարչության պետ նշանակվի Արմավիր ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նավասարդյանը նշեց. «Ես իմ գործն անում եմ, չգիտեմ, թե նման խոսակցությունները որտեղից են գալիս»:

 

 

ՆԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
«Ազատության» հետ զրույցում Լենա Նազարյանը հայտնել է, որ պատրաստ է ԱԺ-ոմ զբաղեցնել «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Նա նշել է, որ այդ հարցը որոշելու են «Ելք» դաշինքի ներսում կոնսենսուսով, սակայն խմբակցությունում դեռեւս քննարկում չի եղել: Հարցին, թե այս հարցի շուրջ դաշինքում տարակարծություններ կան, նա պատասխանել է.- «Այո՛, պետք է չզարմանաք, որ «Ելք» խմբակցությունում միշտ եղել են տարակարծություններ, բայց միշտ էլ կարողացել ենք այդ հարցը լուծել»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի հետ կապված: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրա զարգացման հեռանկարները, հայ-ռուսական հարաբերությունները ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-ռուսական համագործակցության այլ հարցեր:

 

 

ԿԱՅՑԵԼԵՆ ՎՐԱՍՏԱՆ
Մայիսի 25-ից 26-ը նախատեսված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Վրաստան: Նա կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ը կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցելությունը Վրաստան:




Լրահոս