ՆԻԿՈԼԻ ԹՎԻ ՎԱՆՈՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քրեական հեղինակությունները, «օրենքով գողերն» «իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով թավշյա հեղափոխությունից հետո` այս օրերին, ՀՀ-ում որեւէ քրեական հեղինակություն կամ օրենքով գող չի մնացել, բոլորը լքել են Հայաստանը:

Եվ այսպես, մայիսի 8-ից հետո քրեական աշխարհում եւս վայրիվերումներ տեղի ունեցան, մասնավորապես ՀՀ նորանշանակ վարչապետի ընտրվելուց հետո քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» դեմ արշավ սկսվեց:
Նախ մայիսի 19-ին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանությունը` տեղեկացնելով. «Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական հեղինակություններ ու «օրենքով գողեր»: Գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես եւ կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի:
Հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության եւ անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից եւ այլ հանգամանքներից:
Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլեւ մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ»:
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց լրագրողների հետ հանդիպեց նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, որը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էր, որ հիմնական խնդիրներից մեկը տեսնում է. «Հատկապես երիտասարդության մի զանգվածի մոտ, որ կան, այսպես կոչված, հեղինակություններ. այդ բանը վերացվի, եւ մարդը հասկանա, որ ոչ թե, շեշտեցիք, Դոն Պիպո, իր անունը տա, այդ մարդը հեղինակություն չէ, հեղինակությունը դպրոցի ուսուցիչն է, նորմալ մարդն է` հանգիստ ապրող, ընտանիքը սիրող, հասարակությանը պիտանի մարդն է, այլ ոչ թե հասարակությունում շատ մեքենաներով շրջող, չգիտեմ, մարդկանց արժանապատվությունը վիրավորող մարդն է: Այդ ուղղությամբ էլ եմ ես հիմա հանձնարարություն տվել, որ ընդհանուր առմամբ հասկանանք բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնենք այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա, մի մասի վրա ազդում են, որովհետեւ իրենց այնպես են ցույց տալիս, որ իրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է»:
«Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչն ԱԱԾ պետից նաեւ հետաքրքրվել է, թե այդ տարրերին առանձնացնելուց բացի՝ նրանց կմեկուսացնեն արդյոք. ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը պատասխանել էր կարճ. «Ոչ միայն»: Ստացվում է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում քրեական, թաղային հեղինակությունների եւ «օրենքով գողերի» մի մասը կհայտնվի քրեակատարողական հիմնարկներում:
Սակայն նկատենք, որ մինչ ԱԱԾ պետը հանձնարարական է տվել, որ զբաղվեն որոշ քրեական հեղինակություններով, «օրենքով գողերով» կամ թաղային հեղինակություններով, այս օրերին ՀՀ-ում վերոնշյալ տարրերից որեւէ մեկը չի մնացել: Մեզ լուրեր հասան, որ մի շարք քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր» լքել են Հայաստանը:
Ի դեպ, նշենք, որ մինչ քրեական տարրերի նկատմամբ որս սկսելը այս ընթացքում բոլորին հրավիրել էին իրավապահ մարմիններ. եղել էին քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր», որոնց փողոցից, բնակարաններից են բերման ենթարկել, սակայն եղել են անձինք, որոնց նկատմամբ իրավապահ համակարգը քաղաքակիրթ է գտնվել եւ առանց անակնկալ բերման ենթարկելու են կանչել զրույցի, պարզապես հրավիրել են իրավապահ մարմիններ:
Ուշագրավն այն է, որ նրանցից որեւէ մեկը չի դիմադրել իրավապահների պահանջին եւ շատ խելոք գնացել է զրույցի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ եւ աչքի չընկնել. եթե նրանց կողմից որեւէ հակաօրինական դրսեւորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի:
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` այս օրերին ոչ նախանձելի վիճակում են հայտնվել այն քրեական հեղինակությունները, «օրենքով գողերը», որոնք նախկինում ոստիկանության հետ համագործակցության մեջ են եղել: Նրանց ոստիկանությունն այլեւս «տիրություն» չի անելու` թողնելով հանցավոր աշխարհի հետ մեն մենակ:
Դատելով իրավիճակից` քրեական օրենսգրքի հետ նույն հարթության մեջ չգտնվողներին կամ խնդիր ունեցողներին այսուհետ բարդ է լինելու ապրելը:
Ի դեպ, քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» դեմ նմանօրինակ որս եղել է նաեւ 1990-ականներին, երբ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Նրան հաջողվեց կարճ ժամանակում քրեական տարրերին պարզապես արտաքսել երկրից, եւ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները 90-ականների սկզբներին վախենում էին անգամ մտերիմների հուղարկավորություններին մասնակցելու համար Հայաստան գալ:
Ու հիմա Նիկոլ Փաշինյանը կարծես որոշել է այս հարցում կրկնել Վանո Սիրադեղյանի քայլերը: Հատկապես, երբ առջեւում արտահերթ ընտրություններն են, իսկ ընտրություններին ՀՀԿ-ի օրոք իշխանության օգտին միշտ հենց հանցավոր տարրերն են աշխատել՝ ապահովելով վերջինիս վերարտադրությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԱՐԵԼ
Ինչպես հայտնի է, 2017 թվականին հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար կալանավորվել էին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ավելի ուշ ՀՔԾ-ն Արմեն Մարիտրոսյանին, Դավիթ Սանասարյանին ազատ արձակեցին, սակայն վերջիններիս մասով քրեական գործը մինչ օրս ՀՔԾ-ում շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը անդրադարձավ ՀՔԾ-ում քննվող վերոնշյալ քրեական գործին` նշելով, որ այս գործով որեւէ քննչական գործողություններ չեն իրականացնում. «Ինչպես հայտնի է, 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում աղմկահարույց դեպքեր տեղի ունեցան, մասնավորապես, ոստիկանական ուժերի ոչ համաչափ գործողությունների արդյունքում 80-90 քաղաքացիներ տուժեցին:
Այդ փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, եւ այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Անդրեաս Ղուկասյանին: Այդ գործի շրջանակներում ես պաշտպանել եմ Անդրեաս Ղուկասյանի թիմի անդամ Դավիթ Հովաննիսյանի շահերը: Բոլորին կալանքի տակ էին վերցրել, սակայն Դավիթ Սանասարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցները փոխվեցին, հետո այդ գործից մաս անջատվեց Անդրեաս Ղուկասյանի մասով եւ ուղարկվեց դատարան: Իմ հիշատակած մյուս անձանց մասով ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է, անցել է երկու տարի, բայց ո՛չ գործը կարճել են եւ ո՛չ էլ դատարան են ուղարկել: Հիմա դատախազությունից առաջին դեմքը ասում է, թե քաղբանտարկյալներ չկան, շատ ներողություն, ի՞նչով կբացատրեք, որ այս երեք անձանց Դամոկլյան սուրը կախել են գլխներին, մեղադրանքն առաջադրված, ո՛չ գործը դատարան են ուղարկում, ո՛չ կարճում են: Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ինչի՞ հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել , որպեսզի ահ ու սարսափի մեջ պահեն մեր հասարակությանը, որ այդ անձինք չկարողանան ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվել: Խնդրեմ, բա քաղաքակա՞ն հետապնդումներ չեն արդյոք դրանք, ո՞վ պետք է պատասխան տա: Աղավաղվել է ամեն ինչ, իրենց լիազորությունների սահմանազանցում է տեղի ունեցել, ինչո՞ւ այդ հարցը իրենց չեն տալիս եւ անամոթաբար ասում են, թե քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկա, քաղբանտարկյալներ չկան»:
Ըստ փաստաբան Հովիկ Արսենյանի` եթե դատախազությունը ցուցում տվեց կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, կատարել նախաքննություն, իրականացնող մարմինը պարտավոր է անել. «ինչո՞ւ չեն արել, դա նշանակում է քաղաքական հանցավոր իշխանության հանձնարարությունն է կատարել գլխավոր դատախազությունը»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎԵՐԱԴԱՐՁ
«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա: Դա տարիներ շարունակ ասել ենք եւ շարունակում ենք ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, եւ դրա մասին թե՛ հանրապետության վարչապետն է ասել, թե՛ այլ ձեւաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- երեկ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե «ԼՂ-ն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որոնցում նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է. Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994 թվականի զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: …Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից: Այո՛, մենք` որպես Հայաստան, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները` միեւնույն ժամանակ ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ եւ տեւական խաղաղության հասնելու համար»:

 

 

ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Հայաստանի նոր վարչապետը մինչեւ հիմա կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցում: Հոգեւարքի մեջ գտնվող խաղաղ գործընթացը ցնցման կարիք ունի, բայց ոչ այդքան ուժեղ»,- գրել է բրիտանացի հայտնի վերլուծաբան Թոմ դը Վալը «Կարնեգի-Եվրոպա» կայքում հրապարակված հոդվածում: Նա նաեւ նշել է. «Փաշինյանը հավանաբար անկեղծ է. ՀՀ-ում շատերն են կարծում, որ փոխզիջման չպետք է գնալ, 2016 թվականի հարցազրույցներից մեկում Փաշինյանն ասել էր, թե Ադրբեջանին վերադարձնելու տարածքներ չկան: Այստեղ վտանգն այն է, որ եթե ՀՀ առաջնորդը բացահայտորեն հայտարարում է Ղարաբաղի ինքնակառավարման մասին եւ ասում, որ 1993-94 թվականներին հայկական զորքերի կողմից ԼՂ հարակից գրավված ադրբեջանական տարածքները չեն վերադարձվելու, ապա Բաքվի հետ բանակցությունների համար ոչինչ չի մնում, եւ երկու կողմերը վերադառնում են պատերազմի ճանապարհ»:

 

 

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ՊԵԿ-ՈՒՄ
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում փոփոխություններ են արվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալներ Վախթանգ Միրումյանը, Սամվել Ավետիքյանը, Արմեն Սաքապետոյանը, ինչպես նաեւ Արտակ Սահակյանը` աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:




Լրահոս