ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձեւավորել նաեւ պետական կառավարման մյուս մարմինները, մի քանի տեսչական մարմինների ղեկավարների ճակատագրերը մնում են անորոշ:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունը Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխումների արդյունքում ավելի քան տաս տեսչություն լուծարեց: Ըստ նախկին վարչապետի` տեսչական մարմինները պետք է հանդես գային որպես խոչընդոտ, եթե նախարարը գնում է սխալ ուղղությամբ, օգնեին նրանց եւ բարեփոխեին: Այժմ գործում են առողջապահական եւ աշխատանքի, բնապահպանության եւ ընդերքի, կրթության, շուկայի վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինները: Դրանք համարվում են կառավարությանը ենթակա մարմիններ: Իսկ նշված տեսչական մարմինների ստեղծման արդյունքում կրճատվել է ավելի քան 200 հաստիք: Ի դեպ, Կարապետյանի կառավարությունը մտադիր էր տեսչական համակարգի օպտիմալացումը շարունակել եւ ավարտին հասցնել նաեւ ընթացիկ տարում: Սակայն, ինչպես տեսնում եք, դա նրանց չհաջողվեց: Իսկ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությունը դեռեւս հայտնի չէ` կշարունակի արդյոք արդեն իսկ սկսված օպտիմալացման գործընթացը, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ որ փոխվարչապետը որ տեսչական մարմնով է զբաղվելու: «Դեռ ճշտված չէ, քննարկումներ են ընթանում»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյոք տեսչական մարմինների ղեկավարները կշարունակեն պաշտոնավարել, թե ոչ, մամուլի խոսնակն ասաց, որ նման տեղեկություններ չկան:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շաբաթներին բոլոր տեսչական մարմիններում անորոշ իրավիճակ է ստեղծվել: Թեեւ այս ընթացքում նշված գերատեսչությունների համապատասխան աշխատակիցները հայտարարություններ են տարածում իրենց կատարած աշխատանքների մասին, բայց դրանք ավելի շատ կրում են ձեւական բնույթ, քանի որ դեռ հայտնի չէ` նշված տեսչական մարմինների ղեկավարները, այդ թվում ենթակաները կմնան իրենց պաշտոնին, թե ոչ: Բայց այս ամենը չի խանգարել, որ նրանք վճարվեն անգործության այս ընթացքի համար: Ընդ որում, տեսչական մարմիններում նման վիճակ դեռ ապրիլի կեսերից է: Թե որքան կտեւի, անհայտ է: Նրանք, շունչները պահած, սպասում են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Արդյոք Նիկոլ Փաշինյանը կհասնի իրենց, թե ոչ, ժամանակը ցույց կտա:
Բայց մինչ այդ, նշենք, որ անհայտ է մնում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի ճակատագիրը, ով հայտնի է որպես ընտրակեղծարար: Նա խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել է թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Եղիշե Տերտերյանը այն բազմաթիվներից մեկն է, որի անուն-ազգանունն ընտրողի ենթագիտակցության մեջ նույնանում է ընտրակեղծարար բառի հետ: Նա համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, նախարարության թափոնների եւ մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետն էր: Տեսչական բարեփոխումների արդյունքում ձեւավորված նոր մարմինների ղեկավարները, ըստ լուրերի, նշանակվել են Սերժ Սարգսյանի «դաբրոյով»: Անորոշության մեջ են հիմնականում հենց տեսչական մարմինների ղեկավարները: Նրանց մեծ մասը խիստ մտահոգված է` արդյոք կվերանշանակվեն իրենց պաշտոնին, թե ոչ: Նրանց մի մասը «ճամպրուկային» տրամադրություն ունեն: Անգամ իրենց աշխատանքային ճակատագրով հետաքրքրվող մտերիմներին հստակ ոչինչ չեն կարողանում ասել:
Անորոշ է նաեւ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Գարուշ Հովհաննիսյանի պաշտոնավարման հարցը: Ի դեպ, վերջինը համարվում է նախկին նախարար Լեւոն Ալթունյանի «կադրը»: Իսկ մինչ տեսչական մարմնի ղեկավար նշանակվելը Հովհաննիսյանը նախարարի օգնական էր:
«Ճամպրուկային» տրամադրությամբ է նաեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Իշխան Կարապետյանը, ով համարվում է Կարեն Կարապետյանի մարդը եւ այս պաշտոնին է բացառապես նրա շնորհիվ: Իսկ ահա շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դալլաքյանի մասով դեռեւս հայտնի չէ` նրանք կշարունակեն պաշտոնավարել, թե ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԳԱՅԼԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հարակից սարում գայլերի հարձակման հետեւանքով անասնատերերը լուրջ ֆինանսական վնասներ են կրել: Դեպքը տեղի է ունեցել գիշերը «Սուրբ Խաչ» կոչվող հանդամասում:
Կենդանիները եղել են քարե շինության մեջ, գայլերի ոհմակի հարձակման հետեւանքով սատկել են Սամվել Չատինյանին պատկանող շուրջ 60 ոչխարը. «Մի 6 կենդանու էլ վիրավորել են, դրանք էլ դժվար ապրեն, երեւի հարկադիր մորթի կենթարկենք»,-ասել է Չատինյանը: Ըստ նրա` նմանատիպ հարձակում ու վնասներ տվյալ տարածքում չէր գրանցվել. «Մանր դեպքեր եղել են, երբ մի քանի կենդանու էր խփել գայլը, բայց որ էս մասշտաբի կլիներ, չենք հիշում»: Նրա փոխանցմամբ` համապատասխան մարմիները արձանագրել են իրավիճակը: Փոխատուցում կլինի, թե ոչ, չգիտի:

 

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ  ԲԱՎԱՐԱՐ Է
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի` «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, արդեն 29-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանի առողջական վիճակը բավարար է: Նա նշել է, որ չեն կարողացել ճնշումը չափել, քանի որ քնած է եղել, եւ չեն ուզեցել անհանգստացնել: «Վտանգ չկա, քանի որ ընդհանուր առմամբ ճնշումը դեռ ստաբիլ է: Պետք է հսկենք վիճակը: Վտանգներն, ըստ հացադուլի բարդությունների, կարող են լինել»,-ասել է նա:
Թագուհի Ստեփանյանը հայտնել է, որ իրենք 24 ժամ հերթապահում են հերթափոխով: Ըստ վերջինիս` անհրաժեշտության դեպքում իրենք հացադուլ անողի հետ բացատրական աշխատանք են տանում, քանի որ հացադուլի ժամանակ ոչ մի դեղորայք կամ որեւէ այլ միջոց չի կարող օգտագործել:

 

 

ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Ավարտական փուլում են «Վերջին զանգի» եւ «Վերջին դասի» մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները կազմակերպելու աշխատանքները: Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի կունենա Ազատության հրապարակում: Նշենք, որ հանրակրթական դպրոցներում շարունակվում է խիստ հսկողությունը ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում Ճանապարհային ոստիկանությունը կաջակցի վարորդներին տվյալ օրն անվտանգ երթեւեկությունն ապահովելու հարցում:




Լրահոս