«ԵՍ Ո՛Չ ԴԱՏԱԽԱԶ ԵՄ, Ո՛Չ ԷԼ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, կրթության ոլորտի խնդիրների եւ քաղաքացու հետագա անելիքների մասին զրուցել է ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ։

-Եգոր, ի՞նչ եք կարծում, այս փուլում Հայաստանի քաղաքացին իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի։
-Հայաստանի քաղաքացին պետք է համբերի եւ ժամանակ տա պաշտոնյաներին։ Մենք չենք կարող մեկ օրում մեր երազած երկիրը ունենալ։ Եթե կախարդական փայտիկ ունենայինք, կկարողանայինք մեր հարցերը լուծել, բայց քանի որ չունենք, պետք է համբերենք, լինենք զգոն, կարողանանք ժամանակին ճիշտ հարցադրումներ անել եւ պահանջներ ներկայացնել։
-Դուք այն հայտնիներից եք, որոնք երբեւէ չեն խուսափել արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը։ Բայց շատերը նախընտրեցին լռել։ Նրանց հանդեպ վերաբերմունք փոխե՞լ եք։
-Չլռելը իմ որոշումն է եղել, բայց գուցե կան մարդիկ, որոնք մտածում են, որ ավելի լավ է՝ լռեն։ Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ Պողոս առաքյալը, չեմ ուզում որեւէ մեկին դատապարտել։ Ամեն մարդ թող իր խղճի առաջ պատասխան տա։ Չեմ սիրում ամպագոռգոռ խոսքեր ասողներին, որոնք ամենավճռորոշ պահերին լռում են, բայց նրանց իմ տեսակետը հայտնում եմ անձամբ, այլ կերպ քննադատելը տղամարդուն բնորոշ պահվածք չէ։
-Ըստ Ձեզ՝ սփյուռքն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի՝ որպես պետություն ամուր հողին կանգնելու գործում։
-Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, պետք է կարողանանք ստեղծել այնպիսի դրախտային երկիր, որ սփյուռքահայն իրեն այստեղ ապահով զգա։ Այդ դեպքում նա ավելի կմոտենա մեզ։ Այլապես սփյուռքահայերը հեռվից ցավում են մեզ համար, մտահոգվում են, աջակցում են, հետո հուսախաբ են լինում՝ տեսնելով, որ իրենց ուղարկած գումարները տեղ չեն հասնում։ Հարկավոր է նրանց վստահություն ներշնչել։ Նրանք պետք է հավատան, որ մենք փոխվել ենք։ Բայց մենք դեռ չենք փոխվել։ Եվ խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ մենք հանրապետական ենք, թե այլ կուսակցությունից։ Մենք հեղափոխություն արեցինք, հիմա պետք է քայլ անի մեր միջի մարդը։ Դա շատ կարեւոր է։
-Վերջերս Դուք բարձրաձայնել էիք Երեւանի թիվ 189 դպրոցին առնչվող փողերի լվացման փաստերի մասին։ Հետաքրքիր է՝ այնտեղ սովորող Ձեր երեխաների նկատմամբ դպրոցի տնօրինությունը վերաբերմունք փոխե՞լ է։
-Ո՛չ։ Ինձ թվում է՝ նրանք այնքան խելամիտ են, որ կրակի վրա բենզին չեն լցնի։ Ավագ դուստրս այս տարի կավարտի, մյուս դուստրս 9-րդ դասարան է, բայց շուտով փոխելու է դպրոցը։
-Ձեր կարծիքով ռադիո եւ հեռուստատեսային ոլորտում առաջնային ի՞նչ փոփոխությունների կարիք է զգացվում։
-Ես արդեն իսկ ուրախանում եմ՝ տեսնելով Հանրային հեռուստաընկերության ներկայիս գործելաոճը։ Իմ կոլեգաները, որոնք երկար ժամանակ հնարավորություն չունեին արտահայտվելու, հիմա արդեն ունեն։ Մնացած հեռուստաընկերություններն էլ սկսեցին ցուցադրել այն, ինչ տեղի է ունենում։ Հիմա արդեն պետք է լինել ավելի արհեստավարժ, ազնիվ, պետք չէ ամպագոռգոռ բաներ ասել։ Իհարկե, ես շատ կցանկանայի, որ սերիալներ քիչ ցուցադրեին, հատկապես չորրորդ, հինգերորդ «սորտի» երկրների սերիալների մասին է խոսքը։ Փոխարենը կցանկանայի, որ առողջ, լավ արտադրանք մատուցեին։
-Ի դեպ, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ներկայումս հեռուստաընկերություններով հեռարձակվող սերիալներին որպես հակակշիռ պետք է ստեղծել որակյալ արտադրանք։
-Ես համաձայն եմ այն մտքին, որ սերիալներն արգելել պետք չէ, փոխարենը հարկավոր է հակակշիռ ստեղծել, բայց դրա համար պետք են ֆինանսներ։ Այսօր, ցավոք, հեռուստաընկերությունները ֆինանսներ են հայթհայթում սերիալներն ընդմիջող գովազդների միջոցով։ Եթե կարողանանք ոսկե միջինը գտնել, որպեսզի հեռուստաընկերությունները կարողանան ե՛ւ գումար աշխատել, ե՛ւ որակյալ արտադրանք տալ, լավագույն լուծումը կլինի։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆ ԵՆՔ ԹԵՎԱԿՈԽԵԼ»

Ամիսներ առաջ թողարկվեց երգիչ Մայքլ Քոթանջյանի «Իմ հոգու քաղաք» երգի հիման վրա տեսահոլովակը։ Հիմա արդեն սկիզբ է դրվել մի նախագծի, որի հիմքում երեք նոր երգ է. դա տրիլոգիա է՝ «Իմ հոգու քաղաք» երգի թեմատիկ շարունակականությամբ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Մայքլը։ Ի դեպ, երգերն ունենալու են տեսահոլովակներ, դրանցից մեկն էլ լինելու է դուետ: «Ձայնային, տեմբրային խնդիրներ կան, որոնք լուծելուց հետո կհասկանանք, թե ում հետ պետք է զուգերգ կատարեմ»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Մայլքը իր հոր՝ դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ պարբերաբար հանդես է գալիս ներկայացմամբ։ Հունիսի 9-ին եւս Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա հերթական ներկայացումը: «Բայց ասեմ, որ ներկայացման ծրագիրն անընդմեջ թարմացվում է։ Ընդգրկվում են նոր կատարումներ, հումորային համարներ»,-շեշտեց երգիչը։
Հարցին, թե ինքը, ոգեշնչվելով հայրիկի աշխատանքից, ցանկություն կամ առաջարկ չունի արդյոք զբաղվել դերասանությամբ, Մայքլը պատասխանեց. «Եղել է, որ զբաղվել եմ դերասանությամբ, եթե ինձ համապատասխան հետաքրքիր դեր լինի, ինչու ոչ, կհամաձայնեմ մարմնավորել»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք երգիչը կարոտում է 1990-ականների մթնոլորտը: «Այդ մթնոլորտն, իհարկե, կարելի է կարոտել։ Չհաշված կենցաղային խնդիրները՝ աշխատանքային պրոցեսը շատ հետաքրքիր էր։ Հիմա, կարծես, անկումային շրջան ենք թեւակոխել։ Երաժշտական ոլորտում նորարարությունները բերեցին իրենց բացասական կողմերը։ Հիմա ամեն արտադրանք հասանելի է համացանցում, ամեն բան դարձել է չափազանց մատչելի։ Էստրադային երգեր քիչ են ստեղծվում, համարյա ամեն նոր ստեղծվող երգ ռեստորանային մակարդակի է։ Այնինչ էստրադային երգիչները պետք է լինեն բեմում, ռեստորանայինները՝ ռեստորանում»,-եզրափակեց Մայքլը։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉՆ ԱՊՏԱԿԵԼ ԷՐ
Լոս Անջելես «Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարմիր քարտ է ստացել MLS-ի 12-րդ տուրի «Մոնրեալ Իմփեքթի» հետ խաղում: Առաջին խաղակեսի վերջնամասում շվեդ ֆուտբոլիստը թիկունքից հարվածել է կանադացիների ֆուտբոլիստ Մայքլ Պետրասոյին, ով կանգնել էր Իբրահիմովիչի ոտքին: Հանդիպման գլխավոր մրցավարը դիտել է կրկնապատկերն ու հեռացրել Զլատանին:

 

 

ՆՈՐ ՄԱՐԶԻՉ
Ֆրանսիական «Նիսի» նախկին գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը: Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ` 60-ամյա մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Տեղեկացնենք նաեւ, որ Ֆավրը նախկինում աշխատել է «Հերտայում» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»:

 

 

ՀԱՐԻ ՔԵՅՆԸ` ԱՎԱԳ
Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի ազգային հավաքականի ավագը կլինի Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը: Նա 2015 թվականից է հանդես գալիս Անգլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ խփել 12 գոլ: ԱԱ-2018-ի խմբային փուլում անգլիացիները կմրցեն Բելգիայի, Թունիսի եւ Պանամայի հավաքականների հետ:
Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Անգլիայի հավաքականի վերջնական կազմը աշխարհի առաջնության համար:

 

 

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ
«Բանանց»-ի 21-ամյա կիսապաշտպան Հայկ Ոսկանյանը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: «Մարտի 20: Վերջին խաղը իմ կյանքում: Մենք հաղթեցինք «Արարատ»-ի դեմ խաղն ու երկրորդ տեղը զբաղեցրինք: Ես վայելել եմ այս գեղեցիկ խաղի ամեն վայրկյանը՝ խաղալով շատ մարզադաշտերում: Կյանքիս կարեւորագույն որոշումներից մեկն եմ կայացրել: Ես որոշել եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերաս ու այս պահից սկսած՝ ես ինձ փորձելու եմ ֆուտբոլում բոլորովին այլ մասնագիտությամբ: Շնորհակալ եմ թիմակիցներիս ու երկրպագուներիս, որոնք ինձ ոգեշնչել են նոր, առաջ քայլ անել ֆուտբոլում»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում: Հիշեցնենք` Հայկ Ոսկանյանը «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի որդին է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Իմպուլս», «Միկա» ակումբներում, իսկ 2016թ. պաշտպանում էր «Բանանց»-ի գույները:




Լրահոս