ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՇԽԱՆԱՎՈՐԻ ՃՈԽ ՄԵՔԵՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար մեքենաներ գնելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհրդի համար գնել է երկու մեքենա՝ այդ նպատակով ծախսելով 38 մլն 56 հազար 750 դրամ՝ մոտ 80 հազար դոլար: Մայիսի 7-ին դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ, ըստ որի, ԲԴԽ-ի համար գնվել են 2018թ. արտադրության «Toyota LC Prado 4.OL Business+ (6G)» մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 27 մլն 695 հազար դրամ կամ մոտ 60 հազար դոլար արժողությամբ, եւ «Toyota corolla 1.6L elegance plus» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն 361 հազար 750 դրամ կամ ավելի քան 21.5 հազար դոլար արժողությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 60 հազար դոլար արժողությամբ մեքենան սպասարկելու է ԲԴԽ նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին: Փաստորեն, բոլոր ժամանակների իշխանավոր Գագիկ Հարությունյանը որոշել է ետ չմնալ ավտոշուկայի վերջին նորամուծություններից, եւ հիմա նրա համար որոշել են գնել ամենաճոխ մեքենաներից մեկը: Միայն թե դժվար է ասել՝ նոր մեքենան ինչպես կնպաստի նրա պաշտոնական լիազորությունների իրագործմանը, առավել եւս, երբ Հարությունյանի լեգիտիմությունը կասկածի տակ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հանգամանքին:
Մեկ փաստ էլ. ՀՀ դատական դեպարտամենտի համակարգի հաշվեկշռում հաշվառված է 32 անուն ավտոմեքենա, որոնք բոլորը շահագործվում են:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել խմբակցության գծից շեղված եւ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած անկուսակցական պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի եւ Շիրակ Թորոսյանի արարքի հետ: ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ քննարկվել է այս պատգամավորների հարցը, սակայն որոշում չի կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը նշել է. «ես ասացի իմ կարծիքը, որ ես նորից շարունակելու եմ քվեարկել իմ խղճին համապատասխան եւ չեմ շեղվելու իմ գծից, եւ այդպես է լինելու իմ հետագա վարքագիծը։ Դրանից հետո նրանք ասացին, որ երկու քվեարկությունը բավարար չէ, երեք քվեարկություն պետք է լինի, որ ինձ հեռացնեն։ Սպասենք երրորդին, ինչ ասեմ…»: Մեր հարցին, թե ինքը կրկին խմբակցությունից տարբեր կքվեարկի արդյոք առաջիկայում, Ցոլակյանը նշել է. «Տեսեք, նախագծեր կլինեն, որոնք թե՛ հանրապետականը, թե՛ կառավարությունը, ով ուզում է ներկայացնի, ինձ համար միեւնույն է։ Կարեւոր չէ ինձ համար, թե ով է ներկայացրել։ Կարեւորն այն է, որ եթե ես գտա տվյալ նախագծի մեջ մի բան, որը հակասում է իմ տրամաբանությանը, ես դրան դեմ եմ քվեարկելու»։

 

 

ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատախազության աշխատակիցներից շատերը չեն կարողացել աշխատավայր մտնել, իսկ ովքեր եղել են շենքում, չեն կարողացել դուրս գալ: Անգամ Երեւանի վարչական շրջանների եւ մարզերի դատախազները չեն կարողացել հաշվետվությունների եւ քննարկումների համար ներկայանալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Բանը հասել է նրան, որ դատախազությունից դիմել են ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն ապարդյուն: Մեր հարցմանն ի պատասխան` դատախազությունից հայտնեցին, որ թեեւ փորձեր արվել են խոչընդոտելու դատախազության գործունեությանը, աշխատակիցների տեղաշարժին, սակայն « ինչպես աշխատակիցների, այնպես էլ դատախազների համար ելումուտը ՀՀ գլխավոր դատախազություն ապահովվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական պահպանությունն իրականացնող ոստիկանների կողմից»:

 

 

Երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը՝ Մուրզոն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է երգիչ Թաթայի՝ թավշյա հեղափոխությանը նվիրված երգի ստեղծման մասին: « Մենք նկատում էինք, որ նա, երիտասարդների պայքարը տեսնելով, եռում էր, իր տեղը չէր գտնում, ուզում էր անընդհատ իրադարձություններին ինչ-որ կերպ ներկա լինել, ուստի որոշեց այդ երգը նվիրել ցուցարարներին, դա էլ հայրենասիրության իր դրսեւորումն էր։ Նա տեղում ստեղծեց ե՛ւ տեքստը, ե՛ւ երաժշտությունը, ու շատ օպերատիվ կերպով իր երաժշտական նվերն արեց թավշյա հեղափոխությանը»: Ըստ նրա` Թաթան նման բնույթի երգ առաջին անգամ էր կատարում: Մեր հարցին, թե հեղափոխությունից հետո ժողովուրդն ինչպես պետք է իրեն պահի, Թորոսյանը նշեց. «քաղաքացին այս անգամ չպետք է խանգարի իշխանությանը կատարել իր աշխատանքը, հատկապես, եթե ի սկզբանե վստահել է նրան։ Նա խոհեմություն եւ համբերություն պետք է ցուցաբերի, որը դրսեւորել է հեղափոխության ժամանակ»։

 

 

ՄԵԾԱՄՏՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը որոշել է ամեն գնով ինքնահաստատվել, բնականաբար, այլոց հաշվին: Մի կողմից` Կոստանյանը փորձում է ցույց տալ, թե այս օրերին Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից է ու, չնայած իր անկուսակցական լինելուն, իրեն արտահայտություններ է թույլ տալիս, որ կնախանձեին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները միակ ու անփոխարինելի առաջնորդի հասցեին ձոներ արտասանելիս:
Մյուս կողմից` Կոստանյանի մեծամիտ պահվածքն ավելի ու ավելի ցայտուն դրսեւորումներ է ստանում, հատկապես խորհրդարանում ԱԺ լիագումար կամ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակ: Կոստանյանն ամեն կերպ փորձում է ձեւացնել, թե ինքը հայկական իրավաբանության հայրն է, ամենագետ օրենսդիրը (չնայած ՀՀԿ խմբակցության կազմում տառաճանաչները շատ-շատ քիչ են) եւ, ըստ այդմ, փորձում է բարձրից հարաբերվել գործընկերների հետ` հաճախ անձնական վիրավորանքներ հասցնելով: Գեւորգ Կոստանյանի պահվածքն այլկերպ, քան, թերեւս, մեծամտություն, դժվար է որակել, սա հատկապես մի քանի ցցուն իրադարձությունից հետո: Իր ղեկավարած հանձնաժողովի նիստերից մեկում տեսնելով, որ օրենսդրական նախաձեռնության տակ դրված է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Հակոբ Բեգլարյանի՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր ստորագրությունը` Կոստանյանը մի տեսակ քամահրանքով էր անունն արտաբերել` այդկերպ փորձելով նվաստացնել գործընկերոջը: Ասում են` հենց դա էլ եղել է Գեւորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի հարաբերությունների սրման պատճառը. վերջերս ՀՀԿ ԳՄ նիստերից մեկին ներկայացած անկուսակցական Կոստանյանին Բեգլարյանը հրաժարվել էր բարեւել` կոշտ բնորոշումներով, ինչը նրանց միջեւ թեժ խոսակցության, ապա քաշքշուկի առիթ էր դարձել. ՀՀԿ-ականներին հաջողվել էր կանխել ծեծկռտուքը:
Կոստանյանը երեկ էլ փորձել է փայլատակել իր մեծամտությամբ: Երբ պատգամավորներից մեկը հիշեցրել է Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազ աշխատած ժամանակ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի խնդիրների մասին, նա վիրավորվել է, շտապել հայտարարել, թե. «Իմ աշխատանքի գնահատականը դուք չեք կարող տալ»:
Մինչ այդ մեկ փոքրիկ հիշեցում. Գեւորգ Կոստանյանի աշխատանքին ամենադիպուկ գնահատականը տրվել է տարիներ առաջ Գյումրիում, երբ բողոքի ցույցի դուրս եկած գյումրեցիներից մի քանիսը կրակայրիչով եւ մետաղադրամներով հարվածել էին ուղիղ նրա ճակատին: Սա այն բանից հետո, երբ ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցը:




Լրահոս