ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՄԱՏՆՎԵԼ ԵՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը դատախազության շուրջ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով պարզապես մատնվել է անգործության:

Եվ այսպես, տեւական ժամանակ է, ինչ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին եւ, առհասարակ, ՀՀ-ում քաղաքական աղմկահարույց մի շարք քրեական գործով մեղադրվող կամ արդեն դատապարտված անձանց ազատ արձակելու պահանջով մի խումբ քաղաքացիներ շրջափակել են ՀՀ գլխավոր դատախազության շենքը` միաժամանակ պահանջելով նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Ու մինչ բողոքի ակցիայի մասնակիցները իրենց խնդիրն են առաջ տանում, մի ողջ իրավապահ համակարգ «նստել է թախտին եւ սպասում է բախտին», թե երբ կբացվեն ՀՀ գլխավոր դատախազության մուտքի դռները, որ նրանք կարողանան հանգիստ աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներից շատերը չեն կարողացել մուտք գործել շենք եւ կատարել իրենց պարտականությունները: Ավելին` տարբեր դատախազներ օրվա ընթացքում ցանկացել են հանդիպել ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի հետ, որպեսզի կարողանան իրենց կատարած աշխատանքների ցուցումների մասով զեկուցեն, սակայն չի ստացվել: Եղել է իրավիճակ, որ Երեւանի վարչական շրջանների կամ մարզերի դատախազներից շատերը, հասնելով ՀՀ գլխավոր դատախազություն, հետ են դարձել, քանի որ բացարձակ հնարավարություն չեն ունեցել մտնելու շենք: Իսկ ահա դատախազներից ոմանք էլ, որոնք գտնվել են դատախազության շենքում, չեն կարողացել գնալ դատարաններ, որպեսզի կարողանան դատարանում մեղադրանք պաշտպանելու իրենց պարտականությունները կատարեն: Իսկ այդ ամենի արդյունքում դատական նիստերը հետաձգվել են մեղադրող դատախազների բացակայության պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատախազները, հասկանալով, որ այս ամենի արդյունքում իրենց գործն է տուժում եւ դեռ ավելին` անգործության են մատնված, իրենց անվտանգության, ինչպես նաեւ դատախազության մուտքը բացելու մասով որոշել եւ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որ քայլեր իրականացվեն: Սակայն ոստիկանության դիմումը եւս արդյունք չի տվել, քանի որ ոստիկանությունն էլ ոչինչ չի արել իրավիճակը կարգավորելու մասով :
Ըստ էության, ՀՀ գլխավոր դատախազության շենքը շրջափակելու եւ դատախազներին ոչինչ անել չկարողանալու արդյունքում նախաքննություն իրականացնող մարմինը, ինչպես նաեւ դատական համակարգում գործերի քննության ընթացքը մտել են փակուղի:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասով դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից, ի պատասխան, հայտնեցին.«Դատախազությունը երբեւէ որեւէ օր անգործության չի մատնվել` յուրաքանչյուր օր շարունակելով կատարել իր առջեւ դրված խնդիրները: Գլխավոր դատախազության դեմ բողոքի ակցիաներն ուղեկցվել են առավոտյան աշխատանքային ժամի մեկնարկին վարչական շենքի բոլոր մուտքերը փակելու ոչ իրավաչափ գործողություններով, որի հետեւանքով ոչ միայն փորձ է արվել խոչընդոտել դատախազության բնականոն գործունեությունը, այլեւ աշխատակիցների ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը: Չնայած դրան` ինչպես աշխատակիցների, այնպես էլ դատախազների համար ելումուտը ՀՀ գլխավոր դատախազություն ապահովվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական պահպանությունն իրականացնող ոստիկանների կողմից»:
Եթե ինչպես վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, որ դատախազների ելումուտը ապահովել են ոստիկանները, ապա ինչու են դատախազները բարձրաձայնում, որ քրեական գործերով այս օրերին որեւէ բան չեն անում: Ինչեւէ, դիմեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն հասկանալու համար, թե ինչու ոստիկանությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկել դատախազության բնականոն գործունեությունը վերականգնելու համար, ի պատասխան` հայտնեցին .«տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները խնդիրը լուծել են»:
Մինչ այդ նկատենք, որ ստեղծված իրավիճակին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները:
«Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ, – շեշտել է վարչապետը՝ հավելելով,- Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՆՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԶԱՆԳՈՒՄ

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր դատական համակարգի խնդիրներին եւ հայտարարել, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, դատավորներն այլեւս պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանում եւ կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում. «Հարց է ծագում` ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետեւ դատավորները չգիտեն ինչ անել եւ ինչպես վարվել, ինչո՞ւ, որովհետեւ, ըստ ամենայնի, սովոր են գործել ըստ հրահանգների: Գաղափարներ են հնչում, որ գուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը եւ օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ինձ համար դա կարմիր գիծ է, եւ չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ հատի այդ գիծը, որովհետեւ անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան` առաջինը՝ հնարավորություն տանք դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնել, եւ երկրորդը` փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»:
Նկատենք, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն էլ արդեն թավշյա հեղափոխության հաղթանակից հետո դատական համակարգում դադարել են զանգերը: Մասնավորապես, մի շարք դատավորներ հայտնեցին, որ նախկինում քննիչները, եթե որեւէ գործով ունեն դատարան կալանավորման միջնորդություն, ապա զանգահարել են դատավորներին եւ խնդրել արագացնել պրոցեսը, ասել, թե մնացել է երկու ժամ, որ որոշում կայացվի մեղադրյալին կալանավորելու մասով, որ եթե երկու ժամից հետո այդ որոշումը չկայացվի, ապա ինքը կկանգնի խնդրի առաջ, թե ինչու ժամանակին չի դիմել դատարան: Ասել է, թե քննիչները այս զանգով խնդրել են դատավորներին` առանց հերթագրման իրենց միջնորդության գործը առաջ գցեն, նիստ հրավիրեն եւ ենթադրյալ անձի կալանավորման որոշումը կայացնեն:
Այս քայլով դատավորները լավություն են արել այն քննիչներին, որոնք 72 ժամ չգիտես` ինչով են զբաղվել, եւ միայն վերջին րոպեներին են դիմել դատարան եւ զանգի միջոցով կարողացել հասնել նրան, որ իրենց վարույթում քննվող գործով մեղադրյալը կալանավորվի, եւ իրենք էլ վերադասների մոտ ցույց տան, որ ամեն ինչ արել են ճիշտ ժամանակին եւ օրենքով սահմանված կարգով:
Սակայն դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում որեւէ զանգ չի հնչել, եւ դատավորները ըստ հերթականության քննում են նախաքննությունը իրականացնող մարմինների կողմից տարբեր միջնորդությունները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, եւ նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արսեն Արզումանյանի ծառայողական լիազորությունները կասեցվել են:

 

 

ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Նախօրեին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է: Բնակարանի լոգարանում հայտնաբերել է 1969թ. ծնված Դավիթ Գալստյանի դիակը՝ դեմքի եւ գլխի շրջանում վնասվածքներով, եւ 1954 թ. ծնված Կոնստանտին Ս.-ին՝ ոչ սթափ վիճակում: Պարզվել է, որ նույն օրը Կոնստանտին Ս.-ն` ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում դեռեւս չպարզված բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Դ. Գալստյանի դեմքին եւ գլխին, որը ստացած վնասվածքներից մահացել է: Կոնստանտին Ս.-ն տեղափոխվել է Կապանի բկ, որտեղ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի եւ ճակատային շրջանի պատռած վերք», ու գտնվում է հսկողության տակ: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատանյութաբանական փորձաքննություններ:

 

 

ԿԱԶԱՏՎԵՆ
ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության մեջ: Մի շարք վարչական զանցանքների` տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում` վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը տեղադրվելու է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: Նշենք, որ ոստիկանությունը աշխատանքային կարգով արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը ԱԺ-ում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 2012թ. հունվարի 1-ից առ 2017թ. դեկտեմբերի 31-ը կայացված վարչական ակտերի կատարումը, եւ կչեղարկվեն 13.7 միլիարդ դրամի չափով տուգանքները:

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հանրապետության տարածքում` մայիսի 23-28-ը` կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւան քաղաքում` մայիսի 23-28-ը` կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:




Լրահոս