Հայաստանում վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնների նշանակված անձանց մեծ մասը նախկինում հակառուսական, հակապուտինյան դիրքորոշում էին արտահայտում: Հետաքրքիր է, թե այս պարագայում Ռուսաստանն ինչպես է պատկերացնում նրանց հետ աշխատանքը: Պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ:
-Պարո՛ն Կալաշնիկով, Հայաստանում ձեւավորված նոր կառավարության հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Կարծում եմ` ինչպես նախկինում է եղել, այդպես էլ շարունակելու ենք համագործակցել: Մենք վերակառուցելու ենք աշխատանքը նաեւ խորհրդարանի հետ: Պետք է ասեմ, որ հունիսի 4-6-ը խորհրդարանական մեծ պատվիրակություն է գալու Հայաստանից` տարբեր խմբակցություններից: Այդ ընթացքում կքննարկենք նաեւ այն գործընթացները, որ տեղի են ունենում:
-Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ինչպե՞ս եք աշխատելու: Նա նախկինում աչքի է ընկել հակառուսական, հակապուտինյան արտահայտություններով:
-Ես կարծում եմ` Ազգային անվտանգության խորհուրդը, ինչպես մեզ մոտ Անվտանգության խորհուրդը, կառույցներ են, որոնք աշխատում են իրենց գրաֆիկով: Այդ օրգաններն առաջին հերթին ստեղծված են ազգային անվտանգության համար: Եվ եթե մեր խորհուրդը մեր անվտանգությամբ է զբաղված, թող Ձեր Գրիգորյանն էլ զբաղվի Ձեր անվտանգությամբ: Իսկ կհաստատվի երկու կառույցների միջեւ երկկողմ հարաբերություններ մեր Պատրուշեւի հետ, թե ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ես այդ մասին չեմ կարող խոսել, բայց, կարծում եմ, պարոն Գրիգորյանի` հակառուսական ուղղվածությամբ հանդես գալը հաստատ արդյունավետություն չի ավելացնի այդ հարաբերություններին, որ պետք է ձեւավորվեն պարոն Պատրուշեւի հետ:
– ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առաջին այցը կատարեց Սանկտ Պետերբուրգ: Նրա հետ աշխատանքի հեռանկարներ տեսնո՞ւմ եք:
-Դե ես կարծում եմ` նույն պրոֆիլի ռուսական կառույցների հետ իրենք կաշխատեն: Բայց իրենց հարաբերությունների անկեղծության հարցում դժվար թե վստահություն լինի: Մեզ ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի ինչ-որ ձեւով ձեւավորվի այդ վստահությունը: Ե՛վ Ռուսաստանին, ե՛ւ Հայաստանին անվտանգություն է պետք այս տարածաշրջանում, դրա համար եւս մեկ անգամ ասեմ, որ անկեղծություն նրանց միջեւ կարող է չլինել, բայց արդյունքներ ամեն դեպքում կարձանագրվեն:
-Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ կարող եք ասել:
-Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ`առաջին կոնտակտը, որ հաստատվեց մայիսի 14-ին մեր նախագահի եւ Ձեր վարչապետի հանդիպմամբ, ինձ թվաց, որ հայաստանյան կողմը բավական անկեղծ ասաց այն մասին, որ մենք հետաքրքրված ենք, որ մեր աշխարհաքաղաքական, ստրատեգիական փոխհարաբերությունները զարգանան: Իսկ այժմ կհետեւեն աշխատանքները: Ահա այդ աշխատանքները ցույց կտան` որքանով էին անկեղծ այդ հանդիպմանն արված հայտարարությունները: Որքանով ես եմ հասկանում, մեր նախագահը ոչ միայն նշանակություն է տալիս մեր փոխհարաբերություններին, այլ շատ է գնահատում խոսքը, երբ խոսք ես տալիս ու դա կատարում: Ես իրեն գիտեմ եւ տեսնում եմ, թե ինչպես է նա վերաբերվում այդպիսի մարդկանց: Անկախ նրանից, թե տվյալ մարդը կիսում է մեր նախագահի աշխարհայացքը, նա իրականում գնահատում է մարդու անկախությունը եւ հատկապես գնահատում է տրված խոսքը: Եթե մարդն ասելու է մի բան, դրա հետ մեկտեղ խախտելու է այդ խոսքը եւ գործելու է իր կանոններով, դա գրոշի արժեք չունի եւ, հավանաբար, նա կվերանայի նման մարդու հետ հարաբերությունները: Գլխավորն այն է, որ խոսքը եւ գործը չհակասեն իրար:
-Կարո՞ղ ենք ասել, որ երբ Սերժ Սարգսյանն էր իշխանության, նա որոշ խոստումներ չէր կատարել, այդ իսկ պատճառով նրան ՌԴ-ն չաջակցեց որեւէ կերպ:
-Ես կարծում եմ` ՌԴ-ն միշտ անհրաժեշտ չափով չի աշխատել հայաստանյան էլիտայի հետ, ԶԼՄ-ների հետ ռուսաց լեզվի հարցով: Ռուսաստանը միշտ անհրաժեշտ չափով աշխատանք այս ուղղությամբ չի կատարել եւ չի արժեւորել դա` ի տարբերություն այլ երկրների: Ռուսաստանը, չգիտես` ինչու, իր պարտքն էր համարում օգնել գազով, նավթային ռեսուրսներով, եւ առ այսօր շարունակում է դա անել` չաշխատելով էլիտայի հետ, ԶԼՄ-ների հետ: Օրինակ` Ամերիկան Հայաստանին գազ չի տրամադրում, բայց ակտիվորեն աշխատում է համալսարանների հետ, ԶԼՄ-ների, լրագրողների հետ եւ իր ծրագրերն է ներկայացնում: Իսկ մարդիկ միշտ չէ, որ զգում են այդ աջակցությունը` գազի, նավթի հարցով: Դա պարադոքս է, երբ Ռուսաստանը միլիարդներ է ծախսում, իսկ ուրիշ երկրներ ծախսում են 1000 անգամ ավելի քիչ, բայց անհրաժեշտ ոլորտներում, եւ արդյունավետորեն հասնում են արդյունքի: Այս իմաստով եթե խոսենք Սերժի մասին, գոհացնում էր նա, թե ոչ… բանն այն է, որ Հայաստանը միշտ եղել է անկախ այս բոլոր տարիներին: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ Ռուսաստանին կարող էր դուր գալ կամ ամեն ինչ` դուր չգալ: Նա, ամեն դեպքում, անկախ քաղաքականություն էր վարում: Իհարկե, ՌԴ-ին շատ բան դուր չէր գալիս` օրինակ` ռազմական ուսուցման անցկացումը ՆԱՏՕ-ի հետ կամ ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու: Բայց Ռուսաստանն, ինչպես տեսանք, այդ ամենին վերաբերվում էր բավական համբերատար: Ես չէի ասի, որ դա մեզ դուր էր գալիս: Կարծում եմ` նույնպիսի ճանապարհ էլ Փաշինյանի հետ կլինի:Մենք պետք է հասկանանք եւ ընդունենք հայկական կողմին, Հայաստանն էլ պետք է Ռուսաստանի շահերը հաշվի առնի:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԱՄԲԵՐԴԻ 90 ՏՈԿՈՍԸ 2-3 ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԱՐԿ ՈՒՆԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է ներկայացնել գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու առաջարկներ, նաեւ քննարկել գյուղատնտեսական վարկերի համաներման հնարավորությունը: Վարչապետի այս հայտարարությունը մեծ հույսեր է արթնացրել հիմնականում ՀՀ Արմավիրի մարզի բնակիչների մոտ:
Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղի գերակշիռ մասը վարկային պարտավորություններ ունեն, այն էլ 2-3 առեւտրային բանկերում: «Գյուղի ավելի քան 90 տոկոսը երկու-երեք բանկում վարկային պարտավորություններ ունեն: Վերջին տարիներին գյուղացիները վարկը վարկով են փակում: Մի բանկից վերցնում են մյուսինն են մարում, էն մյուսից վերցնում են մեկ այլ բանկի տոկոսը մարում: Շատ ծանր վիճակ է մեզ մոտ: Այդ վարկերի խնդիրը չեմ պատկերացնում` կլուծվի երբեւէ»,-ցավով նկատեց գյուղապետը:
Նրա խոսքերով` գյուղի մի մասը ժամանակին չի կարողացել վարկային պարտավորությունները մարել, ինչի պատճառով հայտնվել են «սեւ ցուցակում»: «Այդ սեւ ցուցակ կոչվածում ահագին գյուղացի կա: Հենց միայն ես երաշխավորել եմ մեր գյուղացիներից մեկին, չի կարողացել մարել պարտավորությունները, ոչ միայն ինքն է այդ ցուցակում հայտնվել, ես էլ` իր հետ: Տաս հոգով խմբային վարկ վերցրեցինք, խմբից 8-ը կարողացավ մարել վարկը, մյուս երկուսը` ոչ: Բայց ամբողջ տասը հոգու դրամական միջոցները կալանքի տակ են, սեւ ցուցակում ենք: 5 մլն դրամանոց վարկը իր տոկոսներով դարձել է 9 մլն 600 հազար դրամ: Հիմա էլ դատարաններում ենք»,- վրդովվեց Ամբերդի գյուղապետը:
Զրույցի ավարտին գյուղապետը նշեց, որ ամբերդցիները նման իրավիճակում հայտնվել են վերջին երկու տարվա կարկուտների պատճառով: Հսկայական վնասներ են կրել, բայց այդպես էլ կառավարությունը չի փոխհատուցել: Ըստ գյուղապետ Մանվել Բաբայանի` 2017 թվականին կառավարությունը ամբերդցիներին «աջակցել» է` միայն հողի ու ջրի հարկերը մարելով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՇՆԱՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, «Ազատության» հարցին ի պատասխան, հստակեցրել է, թե երբ է ակնկալում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդուհանդերձ, ըստ վարչապետի, այդ հարցով դեռ պետք է լինեն քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ: «Մեր պատկերացմամբ՝ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել աշնանը, բայց մեր այս պատկերացումը մենք պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
ՌԴ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Ռուսաստանը միշտ ակտիվ դեր է խաղացել: Ցանկություն կա մոտեցնելու կարգավորումը այն միջոցներով, որոնք ընդունված են եւ իսկապես ստուգված արդյունավետության առումով: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել եւ կշարունակենք դա անել` բոլոր կողմերի հետ սերտ շփումներ ունենալով»,- ասել է նա:
ԿՊԱՀՊԱՆՎԻ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել է, թե հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այց. կա՞ արդեն հստակություն հայկական կողմի դիրքորոշումներում: «Մենք արդեն կապի մեջ ենք համանախագահների հետ եւ արդեն հեռախոսազրույց ենք ունեցել նրանց հետ, եւ իրենք տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին, ապա մենք կողմ ենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը: Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների դինամիկան»,-հայտարարել է Մնացականյանը:
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՐԱՎԵՐԸ
Երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կարեւորվել է մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած բովանդակային երկխոսությունը: Նախարարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: Հայ-ռուսաստանյան օրակարգի առավել հանգամանալից քննարկման, հարաբերություններն առաջ մղելու նպատակով Զոհրաբ Մնացականյանն ընդունել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու Սերգեյ Լավրովի հրավերը: