Մինչ կառավարությունում խոսում են ծառայողական մեքենաները կրճատելու մասին, հայաստանյան մի շարք պետական գերատեսչություններ շռայլ ծախսերով ուղղակի վատնում են պետական բյուջեի միջոցները: Նման օրինակ է նաեւ նորաստեղծ բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է:
«ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհուրդի համար օրեր առաջ գնել է բոլորովին նոր ավտոմեքենաներ, որոնց համար ընդհանուր ծախսել է 38 մլն 56 հազար 750 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը մայիսի 7-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ: Ըստ այդմ` գնվել է ունիվերսալ թափքով երկու ավտոմեքենա, որից մեկի գինը բավականին բարձր է: Այսպես, մասնավորապես գնվել է «Toyota LC Prado 4.OL Business+ (6G)» մակնիշի մեկ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 27 մլն 695 հազար դրամ (մոտ 60 հազար դոլար): Ի դեպ, դատական դեպարտամենտի մեջ նշված է, որ տվյալ մեքենան պետք է 2018 թվականի արտադրության լինի, չօգտագործված, ղեկը` ձախակողմյա, իսկ շարժիչը` բենզինային: Եւս մեկ հատ «Toyota corolla 1.6L elegance plus» մակնիշի ավտոմեքենա գնվել է 10 մլն 361 հազար 750 դրամով (ավելի քան 21.5 հազար դոլար)` դարձյալ 2018 թվականի արտադրության եւ չօգտագործված: Բնականաբար թանկարժեք ավտոմեքենան նախատեսված է խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի համար: Այլ կերպ ասած` հարկատուներիս միջոցները պարզապես փոշիացվում են` ծառայեցվելով մի անձնավորության համար, որը ՍԴ նախագահ աշխատած տարիներին հայաստանյան բոլոր կեղծված ընտրություններն «օրինականացնողը», ոչ լեգիտիմ իշխանություններին թվացյալ «լեգիտիմություն» շնորհողն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ում համար են նախատեսված այդ ավտոմեքենաները, դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը պատասխանեց` նշելով, որ դրանք ձեռք են բերվել նորաստեղծ բարձրագույն դատական խորհուրդի համար: «Դրանք բացառապես սպասարկելու են բարձրագույն դատական խորհուրդին, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ամբողջ դատական համակարգին, ինչպես որ դատական համակարգին ամրակցված բոլոր մեքենաներն են սպասարկում ամբողջ համակարգին, այլ ոչ թե կոնկրետ անձանց»:
Զրույցի ընթացքում պարզվեց նաեւ, որ ՀՀ դատական դեպարտամենտի համակարգի հաշվեկշռում հաշվառված է 32 անուն ավտոմեքենա, որոնք բոլորը շահագործվում են: «Դրանցից մեկը վթարված է եւ գտնվում է փորձագիտական եզրակացության փուլում, որպեսզի կարողանանք հասկանալ շահագործման ենթակա է, թե ոչ: Բայց օրեր առաջ նաեւ, հիմք ընդունելով, առաջնորդվելով կառավարության որդեգրած քաղաքականությամբ` ծառայողական ավտոմեքենաները կրճատման մասով բարձրագույն դատական խորհուրդը իր նիստում քննարկել է եւ որոշում կայացրել, ըստ որի` պետք է դատական համակարգին ամրակցված ավտոմեքենաները կրճատվեն: Եւ ես արդեն երեկ ծառայողական ավտոմեքենա օտարելու վերաբերյալ գրություններ եմ ուղարկել պետական գույքի կառավարման վարչություն: Կարծում եմ` հնարավորություն կգտնենք այլ մեքենաներ եւս կրճատել` չնայած այն հանգամանքին, որ շատ ավտոմեքենաների անհրաժեշտություն կա դատական համակարգի աշխատանքը առավել պատշաճ կազմակերպելու նպատակով` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ, օրինակ, մարզային դատարանները ունեն 3-5 նստավայրեր, եւ կենտրոնական նստավայրերից ամեն օր եւ անընդհատ գնալ-գալու անհրաժեշտություն է առաջանում»,- նկատեց Կարեն Փոլադյանը` ներկայացնելով իրավիճակը: Ըստ մեր զրուցակցի` փորձ կարվի առավելագույնը 5 ավտոմեքենա կրճատելու:
Նշենք, որ չնայած Գագիկ Հարությունյանը այլեւս սահմանադրական դատարանի նախագահ չէ, սակայն շարունակում է ապրել կառավարական առանձնատանը: Բայց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.7-րդ հոդվածի համաձայն` սահմանվում է այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկում, որի համաձայն` ծառայողական առանձնատուն տրամադրվում է Սահմանադրական դատարանի, բայց ոչ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ինչը նշանակում է, որ Գագիկ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է, պետք է հեռանա այդ առանձնատնից: Ընդ որում, նկատենք, որ Հարությունյանն անտուն չէ, նա Բաբայան հասցեում շքեղ առանձնատուն ունի, որը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարձակալության է տրված Ճապոնիայի դեսպանատանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԽԱԼԸ
2018թ. ապրիլի 6-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Մրցութային հանձնաժողովի 3 անդամները չէին ներկայացել` պահանջելով, որ դպրոցի կառավարման խորհրդի եւ դպրոցի տնօրենի մրցութային հանձնաժողովի նախագահ Նունե Օհանյանը վերականգնվի իր աշխատանքում:
Մարտի 14-ին այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանը դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ Նունե Օհանյանին աշխատանքից ազատել է: 22 տարվա մանկավարժ Ն.Օհանյանն աշխատում էր կես դրույքով, նա դպրոցի կառավարման խորհրդի նախագահն էր եւ կարծում է, որ իրեն աշխատանքից ազատելը կապ ուներ ապրիլի 6-ի մրցույթի հետ: Նա ասաց, որ առողջական խնդիրներ է ունեցել, այս տարվա փետրվարի 27-ին դիմել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ջուլհակյանին եւ նրանից թույլտվություն ստացել փետրվարի 28-ին աշխատանքի չգնալու բժշկական հետազոտության ենթարկվելու նպատակով: Նա հայտնեց, որ, ստանալով այդ թույլտվությունը, Պառավաքարի ամբուլատորիայից գործուղվել է Բերդի բժշկական կենտրոն իր մայրիկի հետ, ով եւս առողջական խնդիրներ ունի, այնտեղ հետազոտվել են, որտեղից նրանց ուղարկել են Երեւան, ուր մոր առողջական վիճակն ավելի վատ համարելով` նրան վիրահատել են, ինքը խնամել է մորը: Մարտի 5-ին նա ներկայացել է դպրոց, ցանկացել դիմում գրել, որ աշխատանքի չներկայանալու ժամկետը իր հաշվին արձակուրդ համարվի, սակայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ օրական հազար դրամ է կազմում իր աշխատավարձը, հարկ չկա քիչ գումարի համար դիմում գրելու: Հաջորդ օրը Ա. Ջուլհակյանը նրան բացատրագիր է թելադրել, իսկ ամսի 7-ին հարկադրել է, որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բերի Երեւանի բուժհիմնարկից: Ն. Օհանյանի խոսքերով` իր մայրը Վերին Ծաղկավանի բնակիչ է, ինքն էլ է այդ գյուղից սերված, մայրը առողջության վերաբերյալ սպասարկում ստանում է Պառավաքարի բժշկական ամբուլատորիայում, ինքը եւս սպասարկվում է այնտեղ, որտեղից էլ բերել է իր մայրիկի խնամակալ լինելու վերաբերյալ բյուլետենը: Անահիտ Ջուլհակյանը, համարելով, որ Ն. Օհանյանի բերած խնամակալության փաստաթուղթը կեղծ է, նրան աշխատանքից ազատել է, նաեւ այդ կապակցությամբ դիմել Տավուշի մարզի դատախազություն: Ն. Օհանյանն իրեն աշխատանքում վերականգնելու հայցով դիմել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 18-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանի 2018թ. մարտի 14-ի թիվ 35 հրամանը, Նունե Օհանյանին վերականգնել իր նախկին աշխատանքին` օրենսդրությամբ սահմանված կարգով վճարելով բաց թողնված ժամանակահատվածի աշխատավարձը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԵԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են Հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից, տեղեկացնում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ն իր հայտարարության մեջ նշել է. «ՊԵԿ-ը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հրապարակավ հնչեցրած պահանջը, իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են Հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից: ՊԵԿ-ը հորդորում է առաջնահերթ ստուգել հետեւյալ պարտադիր վավերապայմանները` հարկ վճարողի հաշվառման համարը` բաղկացած 8 նիշից, եւ անվանումը, կտրոնի հերթական համարը, որը պետք է բաղկացած լինի 8 նիշից, ՀԴՄ-ի գրանցման համարը եւ ֆիսկալ համարը»: