«Ժողովուրդ» օրաթերթը երկրի ներքաղաքական վիճակի, ԱՄՆ գնալու եւ Թաթայի՝ հեղափոխությանը նվիրված երգի ստեղծման մասին զրուցել է երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանի (Մուրզո) հետ։
-Արա, գիտենք, որ վերջին ամիսներին Հայաստանում եք. փաստորեն, ականատես եղաք թավշյա հեղափոխության ընթացքին։ Ի՞նչ տպավորություններ ունեք։
-Տրամադրության փոփոխություն, իհարկե, եղավ։ Երկար տարիներ մեր ազգն այսքան համախմբված եւ միահամուռ չէր գործել, մեկ ընդհանուր գաղափարով չէր ապրել։ Այդքան ուրախացած հայ տեսնելն իսկապես ուրախալի էր, հատկապես երեխաներ տեսնելը։ Ոգեւորիչ է, որ այս պրոցեսներում մեծ եւ որոշիչ դեր խաղաց երիտասարդությունը։ Իմ սերնդի ներկայացուցիչները չէին կարող պատկերացնել, որ նրանք այս տարիների ընթացքում այդքան աճել են, որ մեր մտածելակերպերի մեջ այսքան մեծ տարբերություն կա։ Մեր երիտասարդները մեզ նվիրեցին մեր ապագան։
-Դուք էլի Միացյալ Նահանգներ կգնա՞ք, թե՞ արդեն իրադարձություններից ելնելով՝ կմնաք հայրենիքում։
-Ես երբեք էլ մշտական ԱՄՆ-ում չեմ ապրել, միշտ գնացել-եկել եմ Հայաստան եւ ԱՄՆ։ Հավասարաչափ ապրել եմ երկու երկրներում էլ։
-Գիտենք, որ Դուք ներկա եք եղել Թաթայի՝ հեղափոխությանը նվիրված երգի ստեղծմանը։ Կպատմե՞ք ընթացքի մասին, ինչպե՞ս որոշվեց անդրադարձ կատարել այս թեմային։
-Թաթան, միշտ լինելով ժողովրդի կողքին, չէր կարող իրեն զերծ պահել այս թոհուբոհից։ Մենք նկատում էինք, որ նա, երիտասարդների պայքարը տեսնելով, եռում էր, իր տեղը չէր գտնում, ուզում էր անընդհատ իրադարձություններին ինչ-որ կերպ ներկա լինել, ուստի որոշեց այդ երգը նվիրել ցուցարարներին, դա էլ հայրենասիրության իր դրսեւորումն էր։ Նա տեղում ստեղծեց ե՛ւ տեքստը, ե՛ւ երաժշտությունը, ու շատ օպերատիվ կերպով իր երաժշտական նվերն արեց թավշյա հեղափոխությանը։
-Իսկ կպատկերացնեի՞ք, որ այդ երգը կդառնար հիթային, այդքան մեծ տարածում կգտներ։
-Թաթան միշտ էլ ճիշտ պահին հայտնվել է ճիշտ տեղում, ուստի այս արդյունքն էլ սպասելի էր։ Նա այն եզակիներից է, որոնք իրենց երգը սրտաբուխ են ստեղծում։ Թաթան այս բնույթի երգ առաջին անգամ էր կատարում։ Բայց իրավիճակը դարձավ թելադրող։ Ո՞նց կարող ես ունենալ ապրումներ եւ չսնվես դրանցից։
-Հիմա վերածնված քաղաքացին իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի։
-Քաղաքացին այս անգամ չպետք է խանգարի իշխանությանը կատարելու իր աշխատանքը, հատկապես, եթե ի սկզբանե վստահել է նրան։ Նա խոհեմություն եւ համբերություն պետք է ցուցաբերի, որը դրսեւորել է հեղափոխության ժամանակ։ Մենք ամեն մեկս մեր մեջ պետք է փայփայենք այն գաղափարը, հանուն որի ի սկզբանե պայքարել ենք։ Կարեւորն այն է, որ ամբողջ աշխարհին ցույց տվեցինք՝ մենք ով ենք, ինչպես ենք հասնում մեր նպատակին եւ որքան սիրով ենք լցված միմյանց հանդեպ։
-Մեր նախորդ զրույցների ընթացքում Դուք խոսում էիք երկրի անմխիթար վիճակի, մի շարք խնդիրների մասին։ Հիմա, երբ իրավիճակ է փոխվել, Ձեզ մոտ հույս արթնացե՞լ է, որ կարող են դրական տեղաշարժեր գրանցվել։
-Միանշանակ, հույս կա, որ լավ կլինի։ Այս անգամ արդեն իշխանությունը ստեղծվել է ժողովրդի ձեռքերով, այն մարդկանց ջանքերով, որոնք տասնյակ տարիներով սիրել են մեր երկիրը եւ հիմա արդեն նորովի են սիրում։ Մենք երբեւէ այսպիսին չենք եղել։ Կարծում եմ՝ պետք է շարունակենք լսել երիտասարդներին, չպետք է մոռանալ, որ ունենք կրտսեր սերունդ, որն օժտված է առաջադեմ մտքերով։ Պետք է կարողանանք լսել նրանց եւ հաճախ էլ կատարել նրանց ասածները։ Սա է իմ եզրակացությունը։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱԼԱՎԵՐԴՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՓԱՐԻԶ. ԱՆԴԱԴԱՐ ՊԱՅՔԱՐ
«Երբ նկարում է երեխան, նայում ես, մտածում ես՝ որքան պարզ է պատկերել, մաքուր, արտացոլել է այն, ինչ կա իր ենթագիտակցության շերտերում: Այդպիսին է նաեւ աբստրակտ նկարիչը: Թեեւ ես ինձ որեւէ «իզմի» մեջ չեմ տեղավորում, բայց պետք է ներքուստ մաքուր լինես, որ կարողանաս վերարտադրել զգացածդ: Հեշտ բան չէ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նկարիչ Աշոտ Հարությունյանը: Նա իր կտավները ներկայացրել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնում օրերս կայացած 4-րդ միջազգային «Արվեստ Էքսպո-18» ցուցահանդեսում:
Մեր զրուցակիցը նախորդ տարի եղել է Փարիզում եւ կտավներից երկուսում արտացոլել է իր տպավորությունները սիրո եւ արվեստի քաղաքից. «Նկարչի համար շատ կարեւոր է շփումը օտար երկրների, օտար ազգերի ներկայացուցիչների հետ: Ես Փարիզը ներկայացրել եմ հեքիաթի նման՝ ցորենի դաշտ, արմավենիներ, փողոցներ, տներ, գույներ… Պետք չէ Էյֆելյան աշտարակը պատկերել կամ Սենայի ափը, որպեսզի տպավորություն ստեղծես, թե դա Փարիզն է: Ես նախընտրում եմ էքսպերիմենտներ անել»,-մեկնաբանեց Աշոտը:
Նկարներից մեկում էլ նա պատկերել է Ալավերդին՝ նախկին գործարանային քաղաքը. «Լքված գործարանը սիմվոլիկա է պարունակում իր մեջ. սովետը չկա, գործարանը կա»,-նկատեց արվեստագետը:
Հարցին, թե ինքը ֆինանսական հնարավորություններ ունենում է արդյոք հաճախակի անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու համար, Աշոտը պատասխանեց. «Ցուցահանդես կազմակերպելը մեծ ծախսերի հետ է կապված: Չես կարող ինքնանպատակ որեւէ բան կազմակերպել, պետք է տեսնես աշխատանքիդ արդյունքը: Հայաստանում իմ նկարներն ունեն գնորդներ, բայց միայն նկարչությամբ զբաղվելով ապրելն, իհարկե, դժվար է: Համենայն դեպս պայքարում եմ: Պետք է անմնացորդ նվիրվել արվեստին եւ չհանձնվել՝ չնայած բոլոր դժվարություններին»:
Նշենք, որ Աշոտ Հարությունյանը Երեւանում մասնակցել է բազում խմբակային ցուցահանդեսների: Նրա կտավները ներկայացվել են ԱՄՆ դեսպանատանը, Ֆրանսիայի դեսպանատանը, Գաֆեսճյան թանգարան հիմնադրամում, ՆՓԱԿ-ում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, «Դալան» պատկերասրահում, Ամերիկյան համալսարանում: Նա նաեւ ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես եւ Իսպանիայի Գրանադա քաղաքներում:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին նշանակվել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ: Ավելի վաղ նշվում էր, որ 46-ամյա Էմերին անգլիական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտստերլինգ աշխատավարձով: Այս մրցաշրջանի վերջում նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2016 թվականից: Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է նաեւ իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:
Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալ»-ը գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն այս մրցաշրջանի վերջում հեռացել է անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը «Արսենալ»-ի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում:
ՌՈՆԱԼԴՈՒՆՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն լուրերը, իբր Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
«Ռեալի շուրջ միշտ էլ տրանսֆերային լուրեր են պտտվում: Ես այս ակումբում եմ արդեն 8 տարի, եւ «Ռեալ»-ն ամեն տարի մոտավորապես 50 ֆուտբոլիստներով է հետաքրքրվում: Նրանք բոլորը հիմնականում ցանկանում են միանալ մեր թիմին, սակայն ի վերջո ոչ ոք չի գալիս: Շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, եւ գուցե սեպտեմբերին մենք նորեկներ ունենանք, սակայն խաղադաշտ դուրս են գալիս միշտ միեւնույն դեմքերը»,-ասել է պորտուգալացին:
ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂ
ԱՄՆ-ում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղ է անցկացրել MLS-ի ներկայացուցիչ «Լոս Անջելեսի» հետ: Լոս Անջելեսում կայացած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Դաշտի տերերից հաշիվը 77-րդ րոպեին բացել է ամերիկացի Աարոն Կովարը, իսկ գերմանական ակումբի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփել է գերմանացի կիսապաշտպան Մաքսիմիլիան Ֆիլիպը: «Բորուսիա»-ի գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը մասնակցել է առաջին խաղակեսին եւ վերջին հանդիպումն անցկացրել գերմանական ակումբի կազմում: 37-ամյա Վայդենֆելերը 2002 թվականից է «Բորուսիա»-ի համակարգում: Հիշեցնենք, որ նախօրեին շվեյցարացի մասնագետ Լյուսիեն Ֆավրը նշանակվել էր Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ եւ կփոխարինի Պետեր Շտեգերին: