Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Լ. Փ.-ն 2013-2017թթ-ի ընթացքում տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև վերջիններիս դրդել է պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելուն:
Այսպես, 2013թ.-ին Լ. Փ.-ն դատապարտյալ Ինգա Հովակիմյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու պատրվակով վերջինիս նախկին ամուսին Ռադիկ Հովակիմյանից ստացել է 4.850.760 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն:
Պարզվել է նաև, որ 2016թ.-ի մարտին, Դ. Ք.-ին ներկայանալով որպես ԼՂՀ զորամասերից մեկի աշխատակից, Լ. Փ.-ն առաջարկել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կարգավորել նրա ազգականին այլ գումարտակ տեղափոխելու հարցը: Այդ կերպ Լ. Փ.-ն Դ. Ք.-ից խաբեությամբ հափշտակել է 1.146.120 ՀՀ դրամին համարժեք 2.400 ԱՄՆ դոլար` միաժամանակ վերջինիս դրդելով պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելուն:
Բացի այդ, Լ. Փ.-ն 2017 թվականի հուլիսին, Ս. Ե.-ին ներկայանալով որպես փաստաբան, վերջինիս որդուն քրեական պատասխանատվությունից ազատելու պատրվակով նրանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 7.173.000 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար և 910.000 ՀՀ դրամ: Միաժամանակ Լ. Փ.-ն Ս. Ե.-ին դրդել է պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելուն:
Վերը նշված եղանակներով Լ. Փ.-ն համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել նաև Էդգար Արամյանից ու Դիանա Հարությունյանից:
Կատարած հանցավոր արարքների համար Լ. Փ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):
Պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելու համար Ս. Ե.-ին ու Դ. Ք.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: