Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գործով դատավճիռը: Բաբայանն ու այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանն ազատ արձակվեցին: Նրանց նկատմամբ կիրառվեց պատգամավորների անձնական երաշխավորությունը:

Դատարանն այսօր քննում էր պաշտպանական կողմի բերած բողոքը, որով վերջիններս պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, եւ Բաբայանի եւ մյուսների խափանման միջոց կալանավորումը փոխել:

Այսպիսով դատարանը գործն ուղարկեց նոր քննության:

Նշենք, որ Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես է եկել Ծառուկյան խմբակցության 13 պատգամավոր, ինչպես նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը: Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանն այսօր Վճռաբեկ դատարանում մասնակցում էին բողոքի քննությանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։




Լրահոս