ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկ ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Պետրոսյանը՝ ծնված 1989թ.:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` որոշում է կայացվել Ա.Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել՝ հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը` միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտե