Երեկ կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կաթի մթերման գնից հիմնականում դժգոհում են Կոտայքի, Գեղարքունիքի, եւ Արմավիրի մարզերի գյուղացիները: Պատճառն այն է, որ կաթի մթերումից ստացած եկամուտը չի բավարարում ծածկելու կատարած ծախսերը: Արդյունքում մարդիկ մեծ վնասներ են կրում, քանի որ անասնակերը թանկ գնով են ձեռք բերել, ֆերմայի աշխատողներին չեն կարողանում վարձատրել, կոմունալ վճարումները կատարել: Նրանց պատմելով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Բացի այս, գյուղացիներ կան, որոնցից կաթ մթերող ընկերությունները մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով:
Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում են միջամտել եւ վերահսկել կաթի մթերման գները: Եթե գործադիրը իրենց հարցին լուծում չտա, ապա իրենք երկուշաբթի օրը կաթով բեռնված մեքենաներով են գալու կառավարության շենքի առջեւ: Գյուղացիներն անգամ պատրաստ են մարդկանց անվճար բաժանել կաթը, քան նման ցածր գնով վաճառել ընկերություններին: Մյուս կողմից գյուղացիներին, ֆերմերներին զայրացնում է այն փաստը, որ կաթի մթերման շուկայում գին թելադրում է ոչ թե շուկան կամ գյուղացին, այլ կաթնամթերքի խոշոր արտադրողները: Թեեւ կաթի մթերման գինը հաճախակի նվազում է, բայց չնայած սրան` խանութում կամ սուպերմարկետում վաճառվող կաթը էժանանում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրվա ընթացքում գյուղացիներին ընդունել ու խնդիրները լսել են կառավարության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանն ու գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը: Արդյունքում պաշտոնյաները խոստացել են այսօր հանդիպում անցկացնել կաթի խոշոր արտադրողների հետ: Իսկ այդ հանդիպման արդյունքներին գյուղացիները կսպասեն մինչեւ երկուշաբթի: Հակառակ դեպքում նրանք կհավաքվեն կառավարության շենքի մոտ արդեն կաթով բեռնված ավտոմեքենաներով:
Սյունէ Համբարձումյան