Դատական օրենսգրքի դրույթ՝ «կարված» Տիգրան Մուկուչյանին վճռաբեկ դատարան բերելու համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական մասնագիտացման գծով դատավորի թափուր տեղ կա, որը լրացնելու համար Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ 40-ից բարձր հավակնորդները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակներ, առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, որից առնվազն 5-ը՝ դատավորի, իրավագիտության դոկտորի գիտական աստիճան կամ 10 տարի բուհում «իրավունք» դասավանդած, կամ գիտական աշխատանք կատարած լինեն, կարող են մասնակցել: Կարող են մասնակցել նաև նախկին դատավորները՝ «վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն»։

Կարող է թվալ, թե սա հնարավորություն է տալիս նախկին համակարգից տուժածներին վերականգնվել։ Այս դրույթը նոր է, և անցյալ տարեվերջին, երբ մշակվում էր օրենսգիրքը, ՀՀԿ իրավաբանների կողմից հատուկ ավելացվել է՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին վճռաբեկ դատարան բերելու և Մկրտումյանի աթոռին նստեցնելու համար։ Ապրիլին նման լուր տարածվեց, որ Արման Մկրտումյանի փոխարեն Տիգրան Մուկուչյանին են տեսնում: Այլ կերպ ասած՝ դատական օրենսգրքի այս դրույթը «կարված» է նրա վրայով։ Հիշեցնենք, որ նա 2005-2007թթ. եղել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010 թթ.՝ վարչական դատարանի, իսկ 2010-2011թթ.՝ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ։

Այսինքն՝ համապատասխանում է օրենքի պահանջներին։ «Ես արդեն ասել եմ ու էլի ասում եմ՝ դրանք ընդամենը խոսակցություններ էին, իրականության հետ կապ չունեցող»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը։ Հնարավո՞ր է, որ, որպես նախկին դատավոր, մասնակցեք վճռաբեկի դատավորների մրցույթին։ Այս հարցին Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Ո՛չ մտածել եմ այդ մասին, ո՛չ էլ ուզում եմ մտածել»»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս